Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթում հաղթող է ճանաչվել Արինա Անտոնոսյանը
ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը ներկա է եղել Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի փակման գալա համերգին: Համերգի ընթացքում հայտարարվել են մրցանակակիրների անունները: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
«Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակը ժյուրիի որոշմամբ շնորհվել է Հայաստանը ներկայացնող դաշնակահար Արինա Անտոնոսյանին։
Երկրորդ մրցանակի է արժանացել ճապոնացի դաշնակահար Յուտո Կիգուջին։ Երրորդ մրցանակը շնորհվել է Անդրեյ Կուրբետին (Հայաստան)։ Առաջին մրցանակակիրն արժանացել է դրամական պարգևի՝ 10 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով. վերջինս նաև հնարավորություն է ստանում համերգով հանդես գալու Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ 2024-2025 համերգաշրջանի ընթացքում։ Երկրորդ տեղը զբաղեցրած երաժիշտն արժանացել է 5 000 ԱՄՆ դոլարին և երրորդ մրցանակակիրը՝ 3 000 ԱՄՆ դոլարին համարժեք դրամի չափով պարգևի։
Մրցույթի շրջանակում շնորհվել են նաև հատուկ մրցանակներ՝ Յոհան Սեբաստիան Բախի «Պրելյուդ և ֆուգայի» լավագույն մեկնաբանության համար, Ֆրեդերիկ Շոպենի էտյուդի լավագույն մեկնաբանության համար, Արամ Խաչատրյանի Պոեմի լավագույն մեկնաբանության համար և այլն։ Շնորհվել է նաև «Հանդիսատեսի համակրանք» հատուկ մրցանակը, որին արժանացել է Լիդա Պատուրյանը. նա մեկ համերգ կունենա Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ 2024-2025 թթ. համերգաշրջանի ընթացքում։
Մրցույթի եզրափակիչ փուլ անցած 4 մասնակիցները և ժյուրիի կողմից ընտրված ևս մեկ դաշնակահար հնարավորություն կստանան մասնակցելու 2024 թ․ Դուբայում կայանալիք «Classic Piano» դաշնակահարների միջազգային մրցույթին, որը «14 ուղի դեպի Դուբայ» միջազգային մրցույթների եզրափակիչ մրցությունն է։
Մրցանակաբաշխության պաշտոնական արարողությունից հետո առաջին մրցանակակիր Արինա Անտոնոսյանը մրցույթի պաշտոնական նվագախմբի՝ Հայաստանի պետական սիմֆոնիկ նվագախմբի հետ և դիրիժոր Սերգեյ Սմբատյանի ղեկավարությամբ կատարել է Արամ Խաչատրյանի Դաշնամուրի կոնցերտը։
Խաչատրյանի անվան 19-րդ միջազգային մրցույթի առաջին մրցանակակիրը մրցանակաբաշխությունից հետո նշել է, որ չափազանց հուզված է և տպավորված այն ամենից, ինչը տեղի է ունեցել խաչատրյանական մրցույթի շրջանակում: Նրա տեղեկացմամբ՝ ինչ-որ չափով հոգու խորքում հույս է փայփայել, որ կհաղթի մրցույթում և ուրախ է, որ արժանացել է այդ բարձր պատվին։
Հիշեցնենք, որ Խաչատրյանի անվան միջազգային մրցույթն այս տարի կայացել է դաշնամուրի մասնագիտական կարգում։ Այն անցկացվում է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և «Արամ Խաչատրյան» մշակութային հիմնադրամի կազմակերպմամբ:
Մրցույթը 2013 թվականից Ժնևում հիմնված Միջազգային երաժշտական մրցույթների համաշխարհային ֆեդերացիայի (WFIMC) անդամ է և գործում է ֆեդերացիայի սահմանած կանոններով»:
Հարակից հրապարակումներ`
- Հայտնի են Խաչատրյանի անվան մրցույթի 3-րդ փուլ անցած մասնակիցների անունները
- Խաչատրյանի անվան մրցույթի 1-ին փուլը հաղթահարել է 5 երկրի 10 դաշնակահար
Լրահոս
Տեսանյութեր
Արցախի ղեկավարությունը Բաքվում է, որովհետև նրանք առաջնորդել են մեր քաղաքական պայքարը. Բեգլարյան