Կառավարության գործողությունները շատ հաճախ ուղղակի ազդեցություն չունեն տնտեսական աճի վրա.ՀՀ ֆինանսների նախարար
«Իմ ցանկությունը շատ պարզ է՝ հնարավոր մանիպուլյացիան, որ դուք եք անում, փորձենք բացահայտել: Պարզ ու բարդ հարցերի մասով՝ դուք բարեբախտաբար իմ ուսանողը չեք, որ ես ձեզ հարցեր տամ»,-ԱԺ-ում 2022 թվականի պետական բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ֆինանսների նախարար Վահե Հովհաննիսյանին արձագանքեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Թադևոս Ավետիսյանը:
Մինչ այդ նախարարը հայտարարեց, որ լավ չհասկացավ, թե Ավետիսյանը բա՞րդ հարցեր է տալիս, թե հարցեր, որպեսզի ինքը ներկայացնի բյուջեի դրական ցուցանիշները:
Թադևոս Ավետիսյանը նկատեց, որ նախարարը նվազագույն աշխատավարձ-գնաճ հարաբերակցության մասին չի խոսում, այն դեպում, երբ այդ աշխատավարձով հարյուր հազարավոր մարդիկ են ապրում, այլ ներկայացնում է միջին աշխատավարձի տվյալները:
«Երկար խոսեցիք, բայց չասացիք, թե 12.6 % տնտեսական աճի վրա ձեր կառավարությունն, այդ թվում նաև դուք, ի՞նչ ազդեցություն ունեք, դրա վերաբերյալ ի՞նչ գնահատական կա: Այսինքը՝ 12.6%-ի 10 % թե՞ 12 %-ն է կառավարության գործունեության, իսկ 0.6% էլ՝ ռուս-ուկրաինակա՞ն պատերազմի արդյունքներով»,-հարցրեց Ավետիսյանը:
Ընդդիմադիր պատգամավորը հայտնեց, որ նախարարը մոռացավ խոսել գյուղատնտեսության մասին, որտեղ անկում կա, ինչպես նաև չհիշատակեց օտարերկրյա ուղղակի ներդրումների անկման մասին:
«Իմ խոսքի հիմնական նպատակն պարզաբանելն էր, որ կառավարության գործողությունները շատ հաճախ ուղղակի ազդեցություն չունեն տնտեսական աճի վրա: Կառավարության նպատակն է մատուցել ծառայություններ և ստեղծել բարենպաստ միջավայր տնտեսվարողների աճելու և զարգանալու համար»,-պատասխանեց Վահե Հովհաննիսյանը:
Թադևոս Ավետիսյանը հայտարարեց, որ նախարարը դիմում է պարզ մանիպուլյացիայի, քանի որ 2022 թվականին 8.6 % գնաճ է եղել, նվազագույն սպառողական զամբյուղի արժեքը դրա կրկնապատիկն է աճել, իսկ կառավարությունը այդ տարի նվազագույն աշխատավարձ չի բարձրացրել, բայց ասում է. թե 2023-ին բարձրացրել են աշխատավարձը, 2026-ին էլ հասցնելու են ավելի բարձր մակարդակի
Պատգամավորը հայտնեց, որ Հայաստանը 2021 թվականին տարածաշրջանի 6 երկրներից միակ երկիրն է եղել, որ իր ուժերով չի կարողացել վերականգնել 2020 թվականի անկումը, նույնիսկ՝ մինչև պատերազմը եղած ցուցանիշը՝ նշելով, որ հենց դա է բնութագրող ցուցանիշը:
Ֆինանսների նախարարը կրկնեց, որ աշխատավարձերը աճել են 15.5 %-ով և եթե գնաճի ազդեցությունը չեզոքացնեն, ապա միջին առումով աշխատավարձերը աճել են 6.3 %-ով:
«Հետևաբար մեր բոլոր աշխատողներն ավելի շատ եկամուտ են ստացել»,-հայտարարեց ֆինանսների նախարարը և հավելեց. «Շուտով կունենանք 2022 թվականի աղքատության ցուցանիշը և կտեսնենք, թե 12.6 % տնտեսական աճն ինչպես է ազդել քաղաքացիների, առաջին հերթին՝ խոցելի խմբերի բարեկեցության վրա»:
Հարակից հրապարակումներ`
- Պարտքի սպասարկման ամենածանր ժամանակը գալու է 2025 թ.-ին՝ երբ բյուջեից 600 մլրդ դրամ վճարենք. Սուրեն Պարսյան
- Պետական բյուջեից 999 մլն դրամ հատկացվեց համայնքների 28 սուբվենցիոն ծրագրի համաֆինանսավորման համար