Ղարիբաշվիլին ԵՄ-ին անդամակցության թեկնածուի կարգավիճակը կարևոր է համարել աշխարհաքաղաքական համատեքստում
Վրաստանին ԵՄ թեկնածուի կարգավիճակ շնորհելը կարևոր քայլ է թե՛ հանրապետության եվրոպական ապագայի, թե՛ ընդհանրապես աշխարհաքաղաքականության համատեքստում։ ՏԱՍՍ-ը հայտնում է, որ նման հայտարարություն արել է Վրաստանի վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլին Բրյուսելում իր բելգիացի գործընկեր Ալեքսանդր դե Կրոոյի հետ բանակցություններից հետո։
«Իրակլի Ղարիբաշվիլին ընդգծել է, որ տարեվերջին Վրաստանին Եվրամիության թեկնածուի կարգավիճակի շնորհումը չափազանց կարևոր է ինչպես Վրաստանի եվրոպական ապագայի, այնպես էլ աշխարհաքաղաքական համատեքստում։ Վարչապետի խոսքով՝ Վրաստանն արժանի է թեկնածուի կարգավիճակի, ինչը կօգնի երկրում նվազեցնել բևեռացումը»,-հայտնել են Վրաստանի կառավարության մամուլի ծառայությունից։
Ղարիբաշվիլին ևս մեկ անգամ նշել է, որ Վրաստանն ավարտում է 12 հանձնարարականների կատարումը, որոնք ներկայացրել է Եվրահանձնաժողովը թեկնածուի կարգավիճակ ստանալու համար։ Հանդիպման ընթացքում Ղարիբաշվիլին և Դե Կրոոն, ինչպես մասնավոր, այնպես էլ ընդլայնված կազմով, անդրադարձել են երկկողմ և բազմակողմ ձևաչափերով սերտ համագործակցության խնդրին։ Քննարկվել են նաև առևտրատնտեսական ոլորտում, ներդրումների, կրթության, զբոսաշրջության, գիտության և մշակույթի ոլորտներում համագործակցության խորացման հնարավորությունները։
Ղարիբաշվիլին երեքշաբթի աշխատանքային այցով մեկնել էր Բրյուսել։ Բելգիայի մայրաքաղաքում նախատեսված է նաև նրա բանակցությունները Եվրոպական խորհրդի ղեկավար Շառլ Միշելի հետ։
Հարակից հրապարակումներ`
- Վրաստանը պատրաստվում է ձմեռային օլիմպիական փառատոնին
- Վրաստանում հացի գինը չի բարձրանա
- Վրաստանում Եվրամիության դեսպան․ Վրաստանը պետք է ստանա թեկնածուի կարգավիճակ
- ԵՄ դեսպանը կարծում է, որ Վրաստանը 2023 թվականին կստանա Եվրամիության անդամի թեկնածուի կարգավիճակ
- Վրաստանում հանգստացողները պետք է զգուշանան լեպտոսպիրոզով հիվանդությունից