Լավ քաղաքականությունն ամենալավ դարմանն է մակրոտնտեսական կայունությունը պահպանելու տեսանկյունից. Մարտին Գալստյան
«Արտաքին պարտք-ՀՆԱ հարաբերակցությունը որոշակի բարելավում է ապահովել 2022 թվականին, որովհետև արտաքին գործոնների էական ազդեցությամբ ՀՆԱ-ն աճել է և նույն գործոններով էլ դրամն արժևորվել է, իսկ ՀՀ պարտքի 55 %-ը գնանշված է արտարժույթով»,-խորհրդարանում 2022թ բյուջեի կատարողականի քննարկման ժամանակ ԿԲ նախագահ Մարտին Գալստյանին դիմեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանը:
Պատգամավորը նկատեց, որ արտաքին պայմանները ժամանակավոր են, վաղ թե ուշ վերանալու են և կա ռիսկ, որ ՀՆԱ-ն բարձր չի աճի, բայց պարտքը կաճի:
Խաչատրյանը հարցրեց, թե կառավարությունը և ԿԲ-ն սթևես-թեստ անցկացրե՞լ են, թե ինչ է սպասվում նման զարգացման դեպքում:
Պատգամավորը նաև խնդրեց նշել, թե որտեղ է արձանագրվել տնտեսական ներուժի ավելացումը, երբ ԿԲ զեկույցում միայն Ամուլսարի մասին է խոսվում:
«ՀՆԱ-ն ունեցել է մեծ աճի տեմպ և արտաքին պարտքն էլ նվազել է՝ որոշակիորեն պայմանավորված արտարժությային բաղադրիչով և դրամի փոխարժեքի արժևորմամբ»,-պատասխանեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանը և հավելեց. «Իմ պատկերացմամբ ՀՀ ամենակարևոր ձեռքբերումն մակրոտնտեսական տեսանկյունից, այն է, որ ՀՀ կառավարության կողմից ուրվագծված և նախանշված բյուջետային կանոնը խստորեն պահպանվում է: Կանոնի պահպանումն ամենալավ երաշխիքն է, որպեսզի մենք հավաստիանանք, որ մեր մակրոտնտեսական քաղաքականությունը սահուն է: Լավ քաղաքականությունն ամենալավ դարմանն է մակրոտնտեսական կայունությունը պահպանելու տեսանկյունից»:
Հայտնելով, որ տնտեսական ներուժը չափվում է կապիտալով, աշխատուժով և արտադրողականությամբ՝ Մարտին Գալստյանն ասաց. «ԿԲ-ի գնահատականներով ՀՀ-ի պոտենցիալ ՀՆԱ-ի աճն ավելացել է 1 տոկոսային կետով՝ պայմանավորված կապիտալի որակի որոշակի լավացմամբ, ՀՀ որակյալ աշխատուժի ներմուծմամբ, և ընդհանուր արտադրողականության որոշակի աճով»:
Հարակից հրապարակումներ`
- Կառավարության գործողությունները շատ հաճախ ուղղակի ազդեցություն չունեն տնտեսական աճի վրա.ՀՀ ֆինանսների նախարար
- ԿԲ-ի կանխատեսմամբ՝ 2023 թվականին ՀՀ-ում տնտեսական աճը կկազմի 6.9%. Մարտին Գալստյան
- Գնաճը միջնաժամկետում կկայունանա նպատակային 4% ցուցանիշի շուրջ. Մարտին Գալստյան