Պետդեպից հայտնել են Միրզոյան-Բայրամով հանդիպման հետաձգման պատճառը
ԱՄՆ-ն ակնկալում է հնարավորինս շուտ անցկացնի Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Արարատ Միրզոյանի և Ջեյհուն Բայրամովի հանդիպումը։ Երեքշաբթի ճեպազրույցի ժամանակ ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։
Հիշեցնենք, որ հունիսի 5-ին ՀՀ ԱԳՆ-ից հայտնել էին՝ Հայաստանի և Ադրբեջանի միջև հարաբերությունների կարգավորման շուրջ գործընթացի քննարկումների հաջորդ փուլն արտաքին գործերի նախարարների մակարդակով նախատեսվում է հունիսին ԱՄՆ մայրաքաղաք Վաշինգտոնում: Քննարկումները մեկնարկելու են հունիսի 12-ին։ Հունիսի 8-ին ԱԳն-ից տեղեկացրել էին, որ ադրբեջանական կողմի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է. «Հանդիպման նոր ժամկետների վերաբերյալ հանրությունը պատշաճ կերպով կտեղեկացվի»։
«Մենք ակնկալում ենք Վաշինգտոնում բանակցությունների ևս մեկ փուլի անցկացում, քանի որ կողմերը շարունակում են խաղաղ երկխոսությունը Հարավային Կովկասի տարածաշրջանում: Ինչպես նախկինում ասել ենք, մենք կարծում ենք, որ ուղիղ երկխոսությունը մնացած հարցերի լուծման բանալին է։ Մենք կարծում ենք, որ համաձայնությունը ձեռք է բերվում։
Ցավոք, հանդիպումը չկայացավ 100 տոկոսով չվացուցակների հետ կապված խնդիրների պատճառով, և մենք ակնկալում ենք, որ այն կտեղափոխվի և կանցկացվի որքան հնարավոր է շուտ»,- ասել է նա։
Միևնույն ժամանակ, Միլլերը չի պատասխանել ճշտող հարցին, թե արդյո՞ք Վաշինգտոնն ակնկալում է, որ հանդիպումը կարող է կայանալ մինչև հունիսի վերջ։
«Ժամանակացույց չեմ նշի: Միայն ասեմ, որ մենք անհամբեր սպասում ենք նոր հանդիպմանը»,- ասել է Պետդեպարտամենտի ներկայացուցիչը։
Հարակից հրապարակումներ`
- ՀՀ ԱԳՆ. Ադրբեջանի խնդրանքով մյուս շաբաթ Վաշինգտոնում նախատեսվող քննարկումների հերթական փուլը հետաձգվում է
- Անհամբերությամբ սպասում ենք Վաշինգտոնում Երևանի և Բաքվի միջև բանակցությունների անցկացմանը. Վեդանտ Պատել
- Վաշինգտոնյան հանդիպմանն ընդառաջ՝ ԱՄՆ պետքարտուղարությունն իր գոհունակությունն է հայտնել հայ-ադրբեջանական բանակցությունների առնչությամբ
- Հունիսի 12-ին Վաշինգտոնում կկայանա Միրզոյան-Բայրամով հանդիպում
- Վաշինգտոնը և Բաքուն քննարկել են ռազմական համագործակցության հեռանկարները