Սոչիում հորդառատ անձրևների և ջրհեղեղի պատճառով փակվել են լողափերը
«Սոչիի լողափերը ժամանակավորապես փակ կլինեն մինչև եղանակային պայմանների բարելավումը, լողալն այժմ արգելված է»,-գրել է քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին Telegram-ի իր ալիքում։
Ինչպես հայտնում է «ՌԻԱ նովոստի»-ն, չորեքշաբթի առավոտյան Կուբանի շտաբից հայտնել են, որ Սոչիում հորդառատ անձրևների հետևանքով Մացեստա գետը, որը հոսում է հանգստավայրային Խոսինսկի շրջանով, դուրս է եկել ափերից, հեղեղել հարակից տարածքները, շենքերի նկուղները, և մեքենաներ։
Սոչիի քաղաքապետարանից հայտնել են, որ եղանակային վատ պայմանների հետևանքով վնասվել են նաև գազատարի ցանցերը, ջրի տակ են անցել Մացեստա շրջանի ճանապարհները։ Այժմ տեղում աշխատում է շարժական օպերատիվ շտաբը, ներգրավված են արձագանքման բոլոր ծառայությունները։
«Այսօր մենք որոշեցինք ժամանակավորապես փակել ծովափնյա տարածքները՝ մինչև եղանակի ամբողջական վերականգնումը։ Հյուրերի անվտանգության համար լողալն արգելված է։ Մենք դեռ տեղումներ ենք սպասում, մեր բոլոր ուժերն ու միջոցները պատրաստ են իրադարձությունների ցանկացած զարգացման՝ բնակչությանը օգնելու և ենթակառուցվածքների բնականոն գործունեությունը արագ վերականգնելու համար»,-ասել է Կոպայգորոդսկին։
Նրա խոսքով, այժմ Մացեստա միկրոշրջանում վատ եղանակի հետևանքների վերացման աշխատանքներում ներգրավված է 184 մարդ և 42 միավոր տեխնիկա։
Սոչիի վարչակազմը հայտնում է, որ փոթորկի նախազգուշացումը շարունակում է մնալ ուժի մեջ հորդառատ անձրևների և հնարավոր կարկուտի պատճառով, գետերի վարարման և սողանքների առաջացման վտանգը պահպանվում է։
Հարակից հրապարակումներ`
- Փաշինյանը Սոչիում խոսել է արհեստական բանականության մասին
- Սոչիում կկայանա Պուտին-Փաշինյան հանդիպում
- Սոչիում ձերբակալել են հում սննդի բլոգերի կնոջը, որի մեկ ամսական տղան մահացել է հյուծվածությունից
- Նոր Զելանդիայում ջրհեղեղի հետևանքով զոհերի թիվը հասել է 9-ի, 4,5 հազար մարդ անհետ կորած է համարվում
- Associated Press. Կալիֆորնիայում ջրհեղեղները 14 մարդու կյանք են խլել