Տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ
Հունիսի 13-ին տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ, որին ներկա փաստաբանները ներկայացրել են իրենց մտահոգությունները փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու դեպքի կապակցությամբ:
Պալատից հայտնում են՝ քննարկման ժամանակ պարզ է դարձել, որ 4 ամիս առաջ տեղի ունեցած փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի նկատմամբ բռնության հետ կապված գործով, մի քանի օր առաջ միայն տեղի է ունեցել առերես հարցաքննությունը: Այսինքն նախաքննության տևողությունը մեղմ ասած խնդրահարույց է:
Փաստաբանները ներկայացրեցին իրենց մտահոգությունը կատարվածի վերաբերյալ: Բարձրաձայնեցին մի շարք տեսակետներ կատարվող ապօրինություններին հակազդելու ուղղությամբ այդ թվում նախաձեռնել գործադուլ և մի շարք այլ ակցիաներ:
Ամբողջ վերոգրյալը նկատի ունենալով ՀՀ փաստաբանների պալատի ակումբի ներկա փաստաբանները որոշել են.
1. Խստորեն դատապարտել ՆԳՆ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոն բաժնի և այլ ոստիկանների կողմից 07.06.2023թ. փաստաբան Կարեն Ալավերդյանին ծեծի ենթարկելու, նրա նկատմամբ ձեռնաշղթաներ կիրառելու, արցունքաբեր գազ կիրառելու, ինչպես նաև փաստաբանին ձերբակալելու և խուզարկության ենթարկելու դեպքերը.
2. Ներքին գործերի նախարարությունից պահանջել՝ անհապաղ դադարեցնել փաստաբան Կարեն Ալավերդյանի ծեծին մասնակցած ոստիկանների, այդ թվում՝ Ալբերտ Մկրտչյանի, Դավիթ Դավթյանի, Հրանտ Իսկանդարյանի, Նարեկ Խաչատրյանի և Սերյոժա Հովակիմյանի լիազորությունները.
3. Ներքին գործերի նախարարությունից պահանջել՝ դադարեցնել ՆԳՆ Ոստիկանության Երևանի քաղաքային վարչության Կենտրոն բաժնի պետի լիազորությունները.
4. ՀՀ գլխավոր դատախազից պահանջել՝ խիստ կարգապահական պատասխանատվության ենթարկել Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների դատախազության ավագ դատախազ Գագիկ Հայրապետյանին, այն բանի համար, որ նա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 2-րդ մասով սահմանված քրեական հետապնդման հարուցման իրավաչափության հարցում պատասխանատու լինելով փաստաբանի նկատմամբ անհիմն քրեական հետապնդում է հարուցել:
5. ՀՀ քննչական կոմիտեի նախագահից պահանջել՝ խիստ կարգապահական պատասխանատվության ենթարկել Քննչական կոմիտեի Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ՀԿԳ քննիչ Ալիկ Մաթևոսյանին, այն բանի համար, որ նա ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի 35-րդ հոդվածի 4-րդ մասով սահմանված նախաքննության համակողմանիության, դրա բնականոն ընթացքի, քննչական գործողություններն օրենքով սահմանված կարգով ու ժամանակին կատարելու, ինչպես նաև իր կիրառած հարկադրանքի միջոցների իրավաչափության համար պատասխանատու լինելով, անտեսել է ոստիկանների կողմից քաղաքացու խոշտանգման, փաստաբանին ծեծելու, խուզարկելու, ձերբակալելու ակնառու փաստերը և գործի քննությունը տարել է միակողմանիորեն:
6. ՀՀ քննչական կոմիտեից պահանջել փաստաբան Կարեն Ալավերդյանի ծեծի հետ կապված գործով նախաքննությունն իրականացնել սեղմ ժամկետում:
7. ՀՀ քննչական կոմիտեից պահանջել՝ փաստաբաններ Մարզպետ Ավագյանի և Էմանուել Անանյանի հետ կապված վարույթով նախաքննությունն իրականացնել սեղմ ժամկետում:
8. 2023թ. հունիսի 21-ին ժամը 18:30-ին հրավիրել փաստաբանների ակումբի նիստ՝ նշված գործերով զարգացումներն ամփոփելու, ըստ անհրաժեշտության՝ բողոքի ակցիաներ կազմակերպելու, և պատասխանատու բարձրաստիճան պաշտոնատար անձանց հրաժարականները պահանջելու հարցերը քննարկելու համար.
9. Փաստաբանին ծեծելու, հատուկ միջոցներ կիրառելու, խուզարկելու և ձերբակալելու դեպքերի կապակցությամբ դիմել համապատասխան միջազգային կառույցներին:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան