«Մենք այս քաղաքում ավելո՞րդ ենք». Կառավարությունը փակում է Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցը
Հանրային քննարկման է ներկայացվել Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցը Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցին միացման ձևով վերակազմակերպելու ՀՀ կառավարության որոշման նախագիծը։ Այս նախագծին դեմ է Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի ուսուցչական կազմը, աշակերտները, ծնողները։ Երեկ աշակերտները բողոքի ակցիա են իրականացրել քաղաքում՝ «4-րդ դպրոցը մեր ընտրությունն է» պաստառներով քայլել են քաղաքի փողոցներով, գնացել մարզպետարան։
Նախօրեին գործընթացի վերաբերյալ պարզաբանումները ներկայացնելու նպատակով ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանն այցելել է Արմավիրի թիվ 4 ավագ դպրոց: Նա ընդգծել է, որ դպրոցների միավորման գործընթացն իրականացվում է հանրապետության տարբեր մարզերում և Երևանում, որը պայմանավորված է 1400 դպրոցների մեծ մասի թերբեռնված աշխատանքով և ոչ բարենպաստ շենքային պայմաններով:
«Ես դեմ եմ դպրոցներ փակվելու գաղափարին։ Իրենք դպրոց են փակում, օպտիմալացնում են՝ առանց մեր կարծիքը հաշվի առնելու, առանց հաշվի առնելու ինչ- ինչ հանգամանքներ, դրա մասին չեն բարեհաճում մեզ՝ ուսուցիչներին, աշակերտներին, ծնողներին տեղեկացնել»,- Panorama.am-ի հետ զրույցում ասաց Արմավիրի հ.4 ավագ դպրոցի տնօրեն Անի Քալաշյանը։
Նա նշեց, որ հիմա դպրոցում հավաքվել են աշակերտները, ծնողները, դժգոհ են, քանի որ իրենք ընտրել են հենց այս դպրոցը, իսկ հիմա, առանց իրենց կարծիքը հաշվի առնելու, տանում, միացնում են այլ դպրոցի։
«Չգիտեմ՝ սա ինչ իրավական հիմքերով է, նախարարությունն իրավունք ունի՞ նման կերպ վարվելու մի ամբողջ դպրոցի հետ, թե ոչ։ Հիմա մենք բունտ ենք բարձրացնում, որ դպրոց չփակեն։ Սա ցարական կայսրության ժամանակաշրջանը չէ, որ դպրոց փակեն, հատկապես գործող, աշխատող, մրցունակ դպրոց»,- ասաց դպրոցի տնօրենը։
Նրա ներկայացմամբ, նախարարությունը շենքների օպտիմալացմամբ ու ֆինանսների խնայողությամբ է բացատրում այս նախագծի ընդունումը. «Երեկ մեր երեսին պարզ ասվեց՝ ֆինանսավորման խնայողություն է այստեղ գնում։ Իրենց ֆինանսը խնայելու հաշվին՝ դպրոց են փակում։ Այսինքն, իրենց ձեռնտու չէ այսքան ուսուցիչ, աշակերտ պահել, շենք պահել։ Ճիշտ է, շենքն անբարեկարգ է, բայց սեյսմիկ անկայուն չէ։ Ինչ էլ արվել է շենքում, մեր ուժերով է արվել։ Նախարարության մեղքն է, թե ինչու մինչև հիմա որևէ բան չի արվել այս դպրոցում»։
Արմավիրի հ․4 ավագ դպրոցն ունի 244 աշակերտ՝ 680 աշակերտ հզորությամբ, Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցը՝ 1000 աշակերտ հզորությամբ՝ 287 աշակերտ։
«Չնայած մեր շենքային անբարենպաստ պայմաններին, մենք ընդամենը 45 աշակերտով ենք զիջում 1-ին ավագ դպրոցին։ Դա ինչի մասին է խոսում։ Մեր աշխատանքի մասին, այսինքն մրցունակ ենք, կարողանում ենք աշխատել»,- ասաց Ա.Քալաշյանը։
Դպրոցն ունի կամավոր ատեստավորված ուսուցիչներ։ Իսկ ի՞նչ ճակատագիր են ունենալու Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի ուսուցիչները դպրոցների օպտիմալացումից հետո։
«Բոլորիս համատարած ծանուցում են, աշխատանքից ազատում են, հետո մյուս դպրոցը պետք է որոշի՝ որ ուսուցիչը պետք է աշխատի, որը չէ։ Սա նորմալ երևո՞ւյթ է։
Այս նախագիծը դեռ դրված է հանրային քննարկման, որից հետո նոր պետք է ընդգրկվի կառավարության նիստի օրակարգ։ Այսինքն դեռ նախագիծը չի ընդունվել, բայց մեզ փոխնախարարն ասում է՝ դուք ազատված եք աշխատանքից։ Դպրոցի հաշվապահը հարցրեց՝ վարչական մասի աշխատողներն ի՞նչ պետք է անեն, ասաց՝ ազատվում եք, դուք ունեք նոր աշխատանք փնտրելու հնարավորություն»,- ասաց Անի Քալաշյանը։
Նա նշեց, որ նախարարությունը տեղյակ է եղել դպրոցի անբարեկարգ վիճակի մասին, սակայն վերանորոգման որևէ ծրագրում չի ներառել։
«Եթե այս մարզում նախատեսվում է դպրոց կառուցել, թող բերեն, մերը վերանորոգեն, ինչո՞ւ համար են դպրոց փակում։ Այսինքն մենք այս քաղաքում ավելո՞րդ ենք։ Չգիտենք՝ ինչ են անելու շենքի հետ, տարբեր բամբասանքներ ենք լսում։ Դպրոցը հենց քաղաքի կենտրոնում է, շատ լավ տեղում է։ Դրա համար փշի նման կանգնած ենք մարդկանց կոկորդին։ Բոլորովի մենակ ենք մեր խնդրի հետ»,- ասաց դպրոցի տնօրենը։
Ա. Քալաշյանը նշեց, որ դպրոցի վեց շրջանավարտ զոհվել են Արցախյան պատերազմում, նրանց հիշատակին հուշարձան է կանգնեցված. «Պատրաստվում են քանդե՞լ այն»։
Նա ասաց, որ կշարունակեն բողոքի ակցիաներ իրականացնել, անհրաժեշտության դեպքում աշակերտների, ծնողների հետ կգնան Երևան ու ԿԳՄՍ նախարարության մոտ էլ ակցիա կանեն, քանի դեռ շարունակվում է իրենց նկատմամբ այսպիսի արհամարհական վերաբերմունքը։
Դպրոցի ուսուցիչները, աշակերտները տեղյակ էլ չեն՝ արդյոք 2023/2024 ուսումնական տարին կդիմավորեն այդ դպրոցում, թե ոչ, քանի որ իրենց որևէ ժամկետ չի ասվել։
e-draft.am կայքում հունիսի 2-ից կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության կողմից քննարման է դրված «Արմավիրի հ. 4 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ը «Արմավիրի Ռ.Եղոյանի անվան հ.1 ավագ դպրոց» ՊՈԱԿ-ին միացման ձևով վերակազմակերպելու նախագիծը։ Մինչև հունիսի 18-ը կշարունակվի քննարկումը։ Այս պահի դրությամբ նախագծին դեմ է քվեարկել 2097 հոգի, կողմ՝ 385։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին