Միջազգային կառույցները Արևմուտքի շահերն են արտահայտում, Փաշինյանին նման հարցերում որևէ ձևով չեն խոչընդոտի. Պողոսյան
«Ակնհայտ է, որ սա քաղաքական հետապնդման գործընթացի մի բաղադրատարր է։ Իրավական փաթեթավորումները կարող են տարբեր լինել, և իրավականը վաղուց արդեն մեր երկրում որևէ դեր չի խաղում»,- քննչական կոմիտեի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց սահմանադրագետ Վարդան Պողոսյանը՝ անդրադառնալով ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանի ձերբակալությանը։
Նա նշեց, դեռ հայտնի էլ չէ, թե ինչ պայման է խախտվել Աշոտյանի կողմից. Քրեական դատավարության օրենսգիրքը նախատեսում է նման հնարավորություն, որ եթե խափանման միջոցի պարագայում տեղի է ունենում որևէ պայմանի խախտում, ապա իրավունք կա անձին ձերբակալել, միաժամանակ դիմել դատարան՝ կալանավորման որոշում կայացնելու։
«Բայց մինչ այս պահը դեռ հայտնի չէ, թե որն է այդ հիմքը, այսինքն ինչ պայման է խախտել Արմեն Աշոտյանը, որը առիթ է տվել քննչական կոմիտեին այս գործողությունը ձեռնարկելու համար։ Բայց կրկնեմ՝ իրավական փաթեթավորումներն ընդհանրապես մեր երկրում որևէ դեր չեն խաղում, ցանկացած առիթ իշխանությունը կարող է օգտագործել և օգտագործում է, որպեսզի իրենց անհաճո մարդկանց ձայնը լռեցնեն։ Իսկ Աշոտյանի գործունեությունը, հատկապես վերջին ժամանահատվածում, բոլոր այն բացահայտումները, վերլուծությունները, որոնք անում էր, մասնավորապես, կապված Փաշինյանի դավաճանական գործողությունների հետ Հայաստանի շահերի ոտնահարման, Արցախի հանձնման հետ կապված, բնականաբար, ես ենթադրում եմ կամ համոզված եմ, որ դա քաղաքական հետապնդման հերթական փուլն է լռեցնելու Արմեն Աշոտյանին»,- ասաց սահմանադրագետը։
Վարդան Պողոսյանը իրավական հանգուցալուծում չի ակնկալում ոչ այս գործով, ոչ այլ գործերով. «Ես տեսնում եմ, որ մեր երկրում սահմանադրական կարգը վաղուց արդեն խարխլված, քանդված է, և մենք գործ ունենք մի իշխանության հետ, որը դավաճանական է, որի միակ նպատակն է հայկական շահերը ոտնահարելու գնով պահպանել սեփական իշխանությունը»։
Նա նաև ակնկալիք չունի միջազգային կառույցներից Հայաստանում տեղի ունեցող հակաիրավական գործընթացների հարցում։
«Այդ կազմակերպությունների բացարձակ մեծամասնությունը կառավարական կազմակերպություններ են, որոնք հավաքական Արևմուտքի շահերն են արտահայտում։ Հավաքական Արևմուտքին ձեռնտու է այն արտաքին քաղաքական ուղեգիծը, որը որդեգրել է Փաշինյանը, հետևաբար իրենք Փաշինյանին նման, իրենց համար մանր հարցերով որևէ ձևով խոչընդոտ չեն կարող հանդիսանալ»,- ասաց Վարդան Պողոսյանը։
Խոսելով ադրբեջանական գործողությունների մասին, մասնավորապես Ադրբեջանը ՀՀ տարածքում փաստացի սահմանագծում է իրականացնում՝ պարբերաբար դիմելով սադրանքների, սահմանադրագետն ասաց. «Իրականում, այդ գործընթացը սկսվել է դեռևս 2020 թվականի դեկտեմբերից, երբ որ Փաշինյանը խախտելով արդեն իսկ նոյեմբերի 9-ի կապիտուլյանտական բնույթ ունեցող համաձայնագիրը, զորքերը Կուբաթլուի և Զանգելանի շրջաններից դուրս բերելու հրաման տվեց, որից հետո արդեն ադրբեջանական զորքերը հայտնվեցին ՀՀ ինքնիշխան տարածքում, խոսքը Կապան-Գորիս, Կապան-Ճակատեն ճանապարհի մասին է։ Դրանք հայկական սուվերեն տարածքներ են, մեր օրենսդրությանը համապատասխան և այդ կապիտուլյանտական քաղաքականությունը մինչև հիմա շարունակվում է։
Հիմա ասել, որ իրավական գործընթաց է կամ բանակցային գործընթաց է տեղի ունենում սահմանազատման վերաբերյալ, առնվազն պատրանք է ստեղծում, որ կան բանակցություններ Հայաստանի և Ադրբեջանի միջև։ Իրականում դելիմիտացիայի հանձնաժողովը մինչև հիմա որևէ գործողություն չի կատարել՝ հստակեցնելու համար առնվազն այն հիմքը, որի առկայության պայմաններում հնարավոր է այդ գործընթացն իրականացնել։ Ադրբեջանն ասում է, որ իր համար միայն արդարության սկզբունքն է գործում։ Մենք գիտենք, թե Ադրբեջանի համար որն է արդարության սկզբունքը, և եթե քո դիմացը չկա քո տարածքը պահպանելու ուժ, կամք, վճռականություն, բնականաբար, Ադրբեջանը հենց այդպես էլ վարվել է և շարունակելու է վարվել»։
Հարակից հրապարակումներ`
- Փաստաբան. Արմեն Աշոտյանը տեղափոխվել է կոռուպցիոն դատարան
- Աշոտյանին տեղափոխեցին ՁՊՎ
- Արմեն Աշոտյանը փաստարկված ջարդում է Փաշինյանի բոլոր լոլոները. Նաիրա Զոհրաբյան
- Սա ստանդարտ բռնապետական գործիքակազմ է. Կարեն Վրթանեսյան
- Աթանեսյան. 12 ժամում դատարան կներկայացվի Աշոտյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց ընտրելու վերաբերյալ միջնորդություն
- Սամսոնյան. Աշոտյանին ձերբակելելով փորձում են իրենց համար հարթ դավաճանական ուղի բացել
- Այն մարդիկ, ովքեր համարում են, որ Աշոտյանին հնարավոր է նման տարբերակով ճնշել կամ լռեցնել, պարզապես հիմար են. Մամիջանյան
- ՔԿ խոսնակ. Աշոտյանը ձերբակալվել է ընտրված խափանման միջոցը խախտելու համար
- «Հայրենիք» կուսակցությունը խստորեն դատապարտում է Արմեն Աշոտյանի ձերբակալությունը
- Շարմազանովը՝ Աշոտյանին ձերբակալելու մասին. Ալիևի պատվե՞րն եք կատարում
- Ձերբակալում են Արմեն Աշոտյանին
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան