Սոչիում ջրհեղեղի հետևանքով մեքենան հայտնվել է բաց ծովում
Սոչիի Խոստինսկի շրջանում հորդառատ անձրևները սաստիկ ջրհեղեղներ են առաջացրել։ Համացանցում կադրեր են տարածվել, որոնցում երևում է, թե ինչպես է ջրի հոսքը մեքենան բաց ծով տանում։
Տեսանյութերից մեկի հեղինակն ասում է, որ «մեքենայում, հավանաբար, մարդիկ կան, քանի որ մեքենայի լուսարձակները միացված են»։
«Իզվեստիա․ռու»-ի փոխանցմամբ, ավելի վաղ Կրասնոդարի երկրամասի ԱԻՆ մամուլի ծառայությունից հայտնել էին, որ հորդառատ անձրևների հետեւանքով Սոչիի Խոստինսկի շրջանում Մացեստա գետը դուրս է եկել ափերից։
Քաղաքապետարանի տվյալներով ՝ վատ եղանակի պատճառով հեղեղվել են Մացեստայի շրջանի ճանապարհներն ու հարակից հատվածները։
Սոչիի քաղաքապետ Ալեքսեյ Կոպայգորոդսկին հայտարարել է լողափերը ժամանակավորապես փակելու որոշման մասին՝ մինչև եղանակի ամբողջական վերականգնումը։ Քաղաքապետարանը նաև զգուշացրել է, որ քաղաքում շարունակում է գործել փոթորկի նախազգուշացումը։