Ադրբեջանի կողմից հումանիտար փոխադրումների հանցավոր արգելափակումն ավելի է խորացնում Արցախում հումանիտար ճգնաժամային իրավիճակը. ՄԻՊ
Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպան Գեղամ Ստեփանյանը գրել է.
«Հունիսի 15-ի առավոտյան Հակարիի կամրջի մոտ տեղի ունեցած ռազմական սադրանքից հետո Ադրբեջանը 2023 թվականի ապրիլի 23-ից ապօրինի տեղադրված անցակետում երկու ուղղություններով արգելափակել է բոլոր տեսակի՝ այդ թվում մարդկանց և բեռների հումանիտար փոխադրումները: Սրանով Ադրբեջանը հերթական անգամ կոպտորեն խախտում է 2020թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ սահմանված՝ անվտանգ և անխոչընդոտ փոխադրումը ապահովելու իր միջազգային պարտավորությունները և անտեսում է Արդարադատության միջազգային դատարանի՝ 2023թ. փետրվարի 22-ին հրապարակած որոշումը:
Ադրբեջանական կողմը Հակարիի կամրջի վրա ապօրինի տեղադրված անցակետով այսօր չի թույլատրել Կարմիր խաչի միջազգային կոմիտեի ուղեկցությամբ Արցախից Հայաստան 25 բուժառուների և նրանց ուղեկցող անձնաց փոխադրումը, որոնք ստիպված հետ են վերադարձել Ստեփանակերտ: Բացի այդ, չեղարկվել են նաև ռուսական խաղաղապահ զորախմբի ուղեկցությամբ հրատապ հումանիտար կարիք ունեցող անձանց, ինչպես նաև հումանիտար բեռներով մեքենաների պլանային փոխադրումները Ստեփանակերտ֊Գորիս մայրուղով։
Ադրբեջանն օգտագործում է բացառապես միայն ԿԽՄԿ և ռուս խաղաղապահների միջոցով դեպի Արցախ մարդասիրական փոխադրումների և օգնության իրականացման առանց այն էլ սահմանափակ հնարավորությունների խոչընդոտումը՝ որպես Արցախի խաղաղ բնակչության ահաբեկման, վախի տարածման, հոգեբանական ճնշման և Արցախում անտանելի կենսապայմաններ ստեղծելու լծակ:
Արցախի ժողովրդի համար Լաչինի միջանցքի կարևորությունն ու մարդասիրական նշանակությունը հստակ արտացոլվել են 2020թ. նոյեմբերի 9-ի հայտարարության մեջ, որով միջանցքի համար սահմանվել է հատուկ է ռեժիմ: Փակելով Արցախի ժողովրդի համար կենսական նշանակությունը ունեցող միջանցքը՝ Ադրբեջանը ոչ միայն կոպտորեն խախտում է իր միջազգային պարտավորությունները, այլև վերահաստատում է Արցախի բնիկ հայ ժողովրդի բնաջնջման իր իրական մտադրությունները:
Արցախի Հանրապետության մարդու իրավունքների պաշտպանը բազմիցս ահազանգել է միջազգային հանրությանը Լաչինի միջանցքում ապօրինի տեղադրված անցակետի հետևանքով Արցախի ժողովրդին սպառնացող գոյաբանական վտանգի մասին։ Այսօրվա միջադեպը ևս մեկ անգամ հաստատում է մեր մտահոգությունները և ընդգծում առկա սպառնալիքների աճող բնույթը, քանի որ Ադրբեջանի կողմից հումանիտար փոխադրումների դիտավորյալ և հանցավոր արգելափակումն ավելի են խորացնում Արցախի շրջափակման հետևանքով առաջացած հումանիտար ճգնաժամային իրավիճակը»։
Հարակից հրապարակումներ`
- Հրապարակվել է Հակարի կամրջի հատվածում թշնամու զինծառայողների սադրանքի տեսանյութը
- Ադրբեջանի կողմից արգելվել են բոլոր հումանիտար փոխադրումները Քաշաթաղի միջանցքով
- ԱԱԾ. Ադրբեջանցի զինծառայողները Հակարիի կամրջի ուղղությամբ առաջխաղացման փորձ են կատարել
- Ադրբեջանը չի հանելու Հակարի կամրջի վրա տեղադրված անցակետը. Սուրենյանց
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան