Համաճարակաբան. Եթե մարդը փսխել է 5 և ավելի անգամ, պետք է անպայման դիմել բժշկի
Փսխում, փորլուծություն, ջերմության բարձրացում, թուլություն։ Նման գանգատներով շատերն այսօր բուժվում են տնային պայմաններում կամ հիվանդանոցներում։ Մարդիկ առողջական խնդիրը կապում են կամ մրսելու, կամ շատ ծիրան կամ դեռ չհասունացած այլ մրգեր ուտելու հետ։
ՀՎԿԱԿ վարակիչ և ոչ վարակիչ հիվանդությունների համաճարակաբանության վարչության համաճարակաբան Ռուբեն Գրիգորյանի խոսքով, հանրապետությունում մայիս ամսվա դրությամբ աղիքային վարակիչ հիվանդություններով պայմանավորված էպիդեմոլոգիական վիճակը հարաբերականորեն կայուն է, հանգիստ է։
Հիվանդությունների վերահսկման ու կանխարգելման ազգային կենտրոնում հիվանդության դեպքերի թվի վերաբերյալ տվյալներ ստանում են առաջնային օղակից, հիվանդանոցներից՝ նաև որակի, այսինքն վիրուսի տեսակի վերաբերյալ։ Մայիսին գերակշռող պաթոլոգիա չի եղել։
«Եթե համեմատենք նախորդ տարվա նույն ամսվա հետ, ապա մոտ 1.3 անգամ քիչ են դեպքերը։ Արձանագրվել է 795 դեպք։ Հաշվի առնելով, որ սկսում է շոգ եղանակը, մեծանում է աղիքային վարակների առաջացման, տարածման վտանգը»,-Panorama.am-ի հետ զրուցում ասաց Գրիգորյանը։
Մասնագետը հիշեցրեց հայտնի կանոնների մասին՝ պետք է հետևել ձեռքերի հիգիենային, հաճախակի լվացվել սնունդը պատրաստելիս, հատապտուղներն ուտելուց առաջ մանրակրկիտ լվանալ հոսող ջրի տակ, սննդամթերքը պահպանել սառնարանում, գնումներ անելիս ուշադրություն դարձնել ժամկետին, արտաքին տեսքին, սնունդ չգնել փողոցից, երբ այն ենթարկվում է տարբեր ազդեցությունների՝ արևի ճառագայթների, փոշու, տրանսպորտի արտանետումների, մթնոլորտային տեղումների և այլն։
«Չի կարելի փողոցից, բակերից գնել հատկապես կաթնամթերք, ձու, մսամթերք»,-նշեց նա։
Եթե բանը հասել է փսխելուն, փորլուծությանը, ապա ըստ բժիշկի, պետք է առաջին հերթին իրականացնել աղիքներում առկա թունավոր նյութերի շարունակական ներծծման դանդաղեցում, ապա նաև դադարեցում ակտիվացված ածուխի, «Սմեկտա»-ի ու այլ դեղորայքի միջոցով։
«Պետք է առատ հեղուկ ընդունել, բայց փոքր-փոքր կումերով, քանի որ մեծ կումերով խմելու դեպքում հակառակ էֆեկտը կլինի։ Հեղուկները պետք են կորցրած ջրային ու աղային բալանսը վերականգնելու համար»,-մանրամասնեց համաճարակաբանը։
Գրիգորյանի խոսքով, եթե մարդը փսխել է 5 և ավելի անգամ, ապա պետք է անպայման դիմել բժշկի։
«Խոսքը հատկապես վերաբերում է երեխաներին, խրոնիկ հիվանդներին, քանի որ նրանց մոտ ռեսուրսները շատ շուտ սպառվում են, արագ թուլանում են։ Մեծահասակների դիմադրողականությունն ավելի բարձր է։ Արձանագրենք, որ աղիքային հիվանդությունները կեղտոտ ձեռքերի հիվանդություն է համարվում»,-ասաց նա։
Համաճարակաբանի խոսքով, եթե տանը կա նման ախտանիշներով հիվանդ, ապա ընտանիքի մյուս անդամների վարակվելը կանխելու համար նախ պետք է ախտորոշվի խնդիրը, իրականացվի հիվանդի մեկուսացում, սպասքի առանձնացում, սանհանգույցի պարբերաբար ախտահանում։
Հարակից հրապարակումներ`
- SPF-երի օգտագործումը՝ արևի ուղիղ ճառագայթներից պաշտպանվելու լավագույն միջոց
- Որտե՞ղ են թաքնված սնկերը. Մաշկաբանը՝ ամռանը տարածված խնդրի մասին
- Ի՞նչ կլինի, եթե ներարգանդային պարույրը կնոջ օրգանիզմում մնա 10-20 տարի. Բացատրում է վիրաբույժ-գինեկոլոգը
- «Պոչուկի կիստա»․ Ո՞ր գործոններն են նպաստում հիվանդության առաջացմանը