Կա երկու իրականություն՝ իշխանության առաջ բերած կրկեսայինը և մեր սահմանների և Արցախի շուրջ ստեղծվածը. Տիգրան Աբրահամյան
«Գլխավոր հիմնահարցն այն է, որ իշխանության փաստացի տարած գիծը հանրայնացված է և ընդդիմախոսների նկատմամբ իշխանության ոչ իրավաչափ այս գործողությունները, միայն փաստում ու հաստատում են այն, որ իշխանությունը չունի այլ ճանապարհ, քան բռնապետությանը հատուկ միջոցների գոծադրման գնալը»,-դատարանի առաջ հայտնեց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը՝ գնահատելով Արմեն Աշոտյանի նկատմամբ հարուցված դատական գործը:
Նրա խոսքով՝ գործող իշխանության կրեդոն անբարոյականություն է և նրա գոծադրած բոլոր միջոցները տեղավորվում են այդ որակման ներքո:
Պատգամավորը հայտարարեց, որ այլ սպասումներ չուներ, քանի որ Արմեն Աշոտյանի անձի մեջ ներառված է պետականությունը, և նա իշխանության եղած ժամանակահատվածում և ընդդիմադիր դիրքերից միջազգային հարթակներում պատշաճ ներկայացրել է Հայաստանի Հանրապետությունը , մինչև վերջ պաշտպանել է հայկական շահը:
«Մյուս կողմից՝ Արմեն Աշոտյանը քաղաքական գործիչ, մարտիկ է և կատաղի պայքար է մղում այս իշխանության հաստատած կարգերի, վարած քաղաքականության դեմ՝ գործած դավաճանությունը վեր հանելու և սրանց հեռացնելու նպատակով»,-հայտնեց Աբրահամյանը:
Անդրադառնալով Հայաստանի և Արցախի սահմանին տիրող լարված իրավիճակին՝ ընդդիմադիր պատգամավորն ասաց. «Այսօր հասարակության համար երկու իրականություն էր՝ մեկը առաջնագիծն էր՝ Կոռնիձոր-Տեղ ուղղությունը, այնուհետև Կապանի ուղղությունը, վերջին երկու օրն էլ Երասխն էր: Եթե ընդհանուր առմամբ գնահատենք ռազմաքաղաքական իրադրությունը Հայաստանի և Արցախի շուրջ, այն բավականին բարդ է: Մյուս կողմից էլ խորհրդարանական իրականություն էր, որը որևէ կապ չուներ մեր երկրում ստեղծված իրավիճակի հետ՝ ինչ-որ լկտի արտահայտություններ, ժպիտներ, սարկազմ, ուրախություն և մեր նման շատ շատերի համար ակնհայտ ու պարզ է, թե այս իշխանության դեմքն ինչու է այդպես դրսևորվում: Բնական է, որ մեր երկրի շատ քաղաքացիների համար տարօրինակ ասոցիացիաներ է առաջանում, որովհետև, ինչպե՞ս կարող է երկրի սահմանների շուրջ այսպիսի իրավիճակ լինել, որը բավականին մոտ է էսկալացիային և, առանց չափազանցության, ռիսկ կա, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս կգա և հավանական երկու ուղղություն կա, մեկը Արցախի ուղղությամբ, որի ուղղությամբ Ադրբեջանը լուրջ տեղեկատվական և քաղաքական նախապատրաստություն է իրականացնում , փորձում է լեգիտիմացնել Արցախի ապառազմականացման հարցը և չի թաքցնում, որ դրան հասնելու ճանապարհին պատրաստ է նաև ուժ կիրառել: Մյուս կողմից ադրբեջանական տարածքային հավակնություններն են Հայաստան տարածքի նկատմամբ, կան թվացյալ խաղաղության շուրջ բանակցություններ, բայց իրականում միջազգային օրակարգում կան ադրբեջանական պահանջներ, որը փորձում են ամեն գնով իրականացնել, այդ թվում նաև ուժ գործադրելու միջոցով: Կա երկու իրականություն՝ իշխանության առաջ բերած կրկեսային իրականությունը և այն, որը ստեղծված է մեր սահմանների և Արցախի շուրջ, որը ծանր է և 6 ամսից ավել շարունակվում է»:
Հարակից հրապարակումներ`
- Թշնամին առավոտվանից սադրանքների է գնում, դրան զուգահեռ ձերբակալվում է ընդդիմադիր գործիչ Արմեն Աշոտյանը. Վիտալի Մանգասարյան
- Եթե մենք 2 տարի առաջ քշեինք այս թուրքերին, հիմա մենք դատարանի շուրջ հավաքված չէինք լինի, Արմեն Աշոտյանին չէինք սատարի. Նարեկ Մալյան
- Տարօրինակ է՝ առավոտյան ձերբակալում են, բայց նյութերը նոր են պատրաստվում․ Մելիքյան
- Արմեն Աշոտյանի կալանքի դատական նիստը սկսեց և ընդմիջվեց 1,5 ժամով իմ միջնորդությամբ․ Փաստաբան
- Աշոտյանը նույնիսկ քաղբանտարկյալ չէ, իշխանությունների պատվեր գոյություն ունի՝ գալիս են ու առևանգում․ Ղազարյան