ՀՀ իշխանության վարած դիվանագիտությունը խիստ բացասական է. ԱԳ նախկին գլխավոր քարտուղար
Հայաստանի կողմից այսօր վարվող բանակցություններում հայ ժողովրդի ազգային շահը սպասարկող օրակարգ չկա։ Նման կարծիք Sputnik Արմենիայի եթերում հայտնել է ԱԳ նախկին գլխավոր քարտուղար, արտակարգ և լիազոր դեսպան Վահագն Մելիքյանը։
ԱԳ նախկին գլխավոր քարտուղարը խիստ բացասական է գնահատել ՀՀ ներկայիս իշխանության վարած դիվանագիտությունը, քանի որ, ըստ նրա,բանակցությունների արդյունքում Հայաստանը կորցնողի դերում է։
«Բոլոր երկրները բանակցություններում առաջնորդվում են իրենց ազգային շահով, որը կարող է համընկնել, շատ դեպքերում էլ կարող է չհամընկնել քո երկրի ազգային շահին։ Արդյունքում որքանով ես դու` որպես երկիր,պատրաստ քո ազգային շահը սպասարկելով համատեղել նաև այլոց ազգային շահերի հետ և մաքսիմալ ստանալ դիվիդենտներ. սա շնորհքի խնդիր է, և սա հենց այն է, ինչը կոչվում է դիվանագիտություն»,- նշել է Մելիքյանը։
Դեսպանի մոտ տպավորություն է, թե բանակցություններից առաջ իրադարձություններն ու իրավիճակը երկարաժամկետ և խորը չի վերլուծվում, բացի այդ մասնագիտական հանրույթի կարծիքը հաշվի չի առնվում, հակառակ դեպքում չէր լինի այն արդյունքը և կորուստները, որոնք հիմա կան։
Մելիքյանը կարծում է՝ ՀՀ-ի նկատմամբ Ադրբեջանից և Թուրքիայից եկող ճնշումը գնալով ավելանալու է, և դրա նախադրյալները երևում են էրդողանի հայտարարությունից, որ Շուշիում պատրաստ է հյուպատոսություն բացել։
«Ժամանակին Շուշիի դեկլարցիայի դեմ որևէ քայլ չի արվել։ Երբ կոշտ հայտարարություններ են հնչում Բաքվից և Անկարայից, մենք մշտապես շարունակում ենք խաղաղության օրակարգը։ Ատրճանակների, հրանոթների, սպառնալիքների ուժի տակ խաղաղության օրակարգ չի ձևավորվում, դա կապիտուլյացիա է։ Եվ եթե անունն էլ պետք է լինի խաղաղության պայմանագիր ես չեմ տեսնում՝ որտեղ է այդ խաղաղությունը»,-նշել է Մելիքյանը։
Նա ընդգծել է՝ խաղաղության պայմանագիրը կնքվում է այն պարագայում, երբ կա հանդարտություն, հանգստություն, նախապես ձեռք բերված պայմանավորվածությունները չխախտելու միտում և վստահություն, ինչն իսպառ բացակայում է այսօր․ ադրբեջանական կողմը նոյեմբերի 10-ից սկսած որդեգրել է այլ քաղաքականություն։
Միևնույն ժամանակ դիվանագետը համոզված է՝ 2020 թվականի նոյեմբերի 10-ից հետո հսկայական դաշտ էր բացվել ՀՀ դիվանագիտության համար և հնարավոր էր հաջողություն գրանցել, և դրա հիմքերը կար։ Դրա փոխարեն ՀՀ իշխանությունը թշնամու ջրաղացին է ջուր լցնում՝ իր հակասական հայտարարություններով, ադեկվատությունից դուրս քայլերով և որոշումներով։
Ասվածի վառ օրինակը հայ-թուրքական հարաբերություններն են։ Մելիքյանի խոսքով` 1991 թվականից սկսած նախկին բոլոր նախագահները հնչեցրել են, որ պատրաստ են գնալ հարաբերությունների կարգավորման առանց նախապայմանների, սակայն այսօր իրավիճակն այլ է, և ՀՀ-ում որոշումներ կայացնողները թուրքական պահանջները կատարողի դերում են հայտնվել։
«Հայաստանին ստիպում են ընդունել, որ վերջնական պարտվել է և պարտվելու է, և սա միակ դուռն է, միակ ճանապարհն է։ Երբ նստում ես բանակցությունների սեղանին (դիմում է ՀՀ իշխանություններին` խմբ.), պետք է հասկանաս` ինչքանով ես դու զորեղ, ինչքանով ես ուժեղ։ Այս պարագայում դու նստում ես սեղանի շուրջ և քեզ ասում են`ինչ պետք է անես, իսկ իշխանությունների կողմից ես չեմ տեսնում հակազդեցություն։ Նրանք որդեգրել են մի ճանապարհ, որը հակազդեցություն չի ենթադրում, իսկ քանի դեռ այդ հակազդեցությունը չկա, Թուրքիան հաջորդ քայլն է անելու և հաջորդ պահանջն է դնելու», - նշում է Մելիքյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան