«Ամեն ինչ տանք» սկզբունքը երբեք խաղաղություն չի բերում․ Հայկ Մամիջանյան
Միակ բանը, որը կարելի է ասել այդ կադրերը նայելուց հետո՝ փառք հայոց բանակին։ Այսօր Ազգային ժողովում ճեպազրույցի ժամանակ ասաց ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Հայկ Մամիջանյանն` անդրադառնալով հունիսի 15-ին Հակարիի կամրջի մոտ ադրբեջանական դրոշ բարձրացնելու փորձին։
«Փառք այն տղաներին, սպաներին, որոնք ի հեճուկս Երևանի վարած տգետ և դավաճանական քաղաքականությանը, շարունակում են պահպանել իմ, ձեր, մեր ընտանիքների անդորրը»,- հավելեց նա։
Մամիջանյանի խոսքով՝ սա Նիկոլ Փաշինյանի խաղաղության դարաշրջանն է։ «Նույնիկս այս պարագայում ներկայիս իշխանություներն անում են ամեն ինչ, ինչն իրենցից պահանջում է Ադրբեջանը, և նույնիսկ այդ դեպքում չեն կարողանում ապահովել իրենց խոստացած խաղաղության դարաշրջանը, որովհետև խաղաղությունը չեն մուրում, որովհետև «ամեն ինչ տանք» սկզբունքը երբեք խաղաղություն չի բերում։
Ամիսներ առաջ Փաշինյանն ինքն իրեն ինչ-որ հարցեր էր տալիս՝ իսկ կարո՞ղ է ադրբեջանցիները մեզ ուզում են վերացնել, բնաջնջեն, նոր ցեղասպանություն անեն։ Ոնց որ հիմա դրա պատասխանը գտել է հակառակը՝ հաշվի առնելով իր խոսույթը։ Բայց խորհուրդ կտամ՝ թող էդ կադրերը ինքը մի հատ էլ նայի ու հասկանա, թե իրականում ինչ են ուզում ադրբեջանցիները»,- ասաց Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով այն տեսանյութին, ըստ որի, ադրբեջանցիները Հակարիի կամրջի տարածքում փորձում են տեղադրել ադրբեջանական դրոշ։
Պատգամավորը նաև ասաց, որ կսպասի դեպքի վերաբերյալ երկու կողմերի պաշտոնական մեկնաբանություններին և երբեք չի ասի այնպիսի բաներ, որոնք կարող են վտանգել Հայաստանի և Արցախի անվտանգությունը։
«Ես 4 «լայք» ավելի ֆեյսբուքում հավաքելու համար հիմա հայտարարություն չեմ անի։ Ու դա է մեր տարբերությունը, իրենք (ՔՊ-ն՝ խմբ․) մինչև հիմա չեն հասկացել, որ իրենք ոչ թե փողով աշխատող ակտիվիստներ են, այլ ի ցավս մեր երկրի, իրենք հիմա ներկայացնում են մեր երկիրը»,- ընդգծեց նա։
Հարցին, թե արդյոք լայնածավալ բախումների հավանականություն կա, պատգամավորը նշեց, որ պատերազմի հավանականություն միշտ կա։
«Երկու խնդրանք ունեմ, որ դա խաղաղության գործընթաց չանվանել։ Այդ խաղաղության գործընթացի հետևանքով ավելի շատ մարդ է մահանում, քան նախորդ բոլոր տարիներին։ Գլխներին կպնի նման խաղաղությունը։ Դա քարոզչական թեզ է, որը Փաշինյանի թիմը փորձում է գցել դաշտ։
Երկրորդ խնդրանքս՝ երբևէ Ադրբեջանի այս խայտառակ ուլտիմատումները բավարարելու գործընթացը չհակադրել պատերազմին, չասել, որ եթե այս բանակցային գործընթացը չլինի, սրա այլընտրանքը պատերազմն է։ Ոչ, սրա այլընտրանքն արժանապատիվ բանակցություններն են, այլընտրանքն այն էր, ինչ կար, երբ բանակցային սեղանին ինքնորոշման իրավունքն էր։ Իսկ հիմա հասել ենք նրան, որ այս պահին բանակցվում է՝ Արցախում բնակվող հայերը որպես անվտանգության երաշխիք՝ ունենալու են միայն Ադրբեջանի Սահմանադրությունը։ Այ, սա են իրենք բանակցում»,- ասաց Հայկ Մամիջանյանը։
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին