Վահագն Պապյանը կղեկավարի Վերդիի «Տրավիատա» օպերային ներկայացումը
Ա.Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում հունիսի 21-ին տեղի կունենա Վերդիի լավագույն ստեղծագործություններից մեկը՝ «Տրավիատա» երեք գործողությամբ օպերան, որը իր բեմադրության պահից առ այսօր չի իջել օպերային թատրոնների բեմահարթակներից։ Օպերայի և բալետի թատրոնից Panorama.am-ին տեղեկացրեցին, որ ներկայացումը կղեկավարի անվանի դիրիժոր, դաշնակահար Վահագն Պապյանը:
Որպես դիրիժոր Վահագն Պապյանը ավարտել է Սանկտ Պետերբուրգի կոնսերվատորիան (պրոֆ. Իլյա Մուսինի դասարան): Այդ ժամանակից սկսվել են Վ. Պապյանի ընդգրկուն ծրագրերով ելույթները միջազգային հայտնի բեմահարթակներում (որպես դիրիժոր, մենակատար դաշնակահար և ան¬սամբլիստ 50-ից ավելի հյուրախաղային այցեր Եվրոպա, Անգլիա, ԱՄՆ, Ռուսաստան, Սլովակիա, Ճապոնիա, Կորեա, Չինաստան, Հնդկաստան և այլուր):
Իբրև գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Վ. Պապյանը գլխավորել է Հայաստանի Ազգային Ֆիլհարմոնիկ նվագախումբը (1987-1989), Ղազախստանի ակադեմիական սիմֆոնիկ նվագախումբը (2008-2013), Աշդոդի (Իսրայել) սիմֆոնիկ նվագախումբը (2006-ից մինչ այսօր): Աշխատակցել է հայտնի դիրիժորների (Վալերի Գերգիև, Միխայիլ Պլետնյով և ուրիշներ), երգիչների (Դմիտրի Խվորոստովսկի, Սումի Ջո և այլք), ջութակահարների (Գայ Բրաունշտեյն, Մաքսիմ Վենգերով և ուրիշներ) հետ: Վենգերովի հետ ելույթներ է ունեցել Եվրոպայում, ԱՄՆ-ում, Հեռավոր Արևելքում, ձայնագրություն կատարել EMI Classics ֆիրմայում: 1990-ից Վ. Պապյանն ապրում և ստեղծագործում է Իսրայելում:
Նա դիրիժորություն և դաշնամուր է դասավանդում Թել Ավիվի Բուշման-Մեհտա երաժշտական դպրոցում և վարպետության դասընթացներ վարում Իտալիայում, Իսպանիայում և ԱՄՆ-ում: Թել Ավիվի Սամուիլ Ռուբինի անվ. երաժշտա¬կան ակադեմիայում իրագործել է «Դոն Ժուան», «Կարմեն» և Նիլսենի «Սավուղը և Դավիդը» օպերաների բեմադրությունները:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան