Ձախողված ղեկավարը և պարտված «գերագույն գլխավորը» այսօր իր մանրախնդիր, երեխայական վրեժն է լուծում իր վաղեմի ախոյաններից մեկի դեմ․ Րաֆֆի Հովհաննիսյան
«Ժառանգություն» կուսակցության համահիմնադիր և նախագահ Րաֆֆի Հովհաննիսյանը հայտարարություն է տարածել Արմեն Աշոտյանի կալանավորման մասին, որում ասվում է․
«Արմեն Աշոտյանը Եվրոպական ժողովրդական կուսակցության և Կենտրոնամետ դեմոկրատների միջազգային միության Վեհաժողովների հարգված անդամ է, իսկ այսօրվանից՝ Հայաստանում ամենանոր քաղաքական բանտարկյալը։
Մենք դատապարտում ենք իր մինչդատական կալանավորումը, ինչը որևէ օրենքով կամ փաստարկով հիմնավորված չէ՝ որպես ժողովրդավարության և գործընթացի պատշաճ ընթացակարգի ապահովում, օրենքի իշխանության և հանրապետությունում սահմանադրականության թեկուզ վերջին նշույլի կոպիտ խախտում։
Լինելով հարևան Ադրբեջանի բռնակալական ուժի տևական հարձակման, ագրեսիայի և բռնազավթման անմիջական թիրախը, ինչպես նաև նկատի առնելով Թուրքիայի կողմից զորակցվող այն ցեղասպանությունը, որը սպառնում է մեր հայրենակիցներին երկարատև շրջափակում ապրող Արցախյան միջանցքի մյուս կողմում՝ Հայաստանի իսկ որակավորումը՝ որպես ինքնիշխան, անվտանգ և ժողովրդավարական ազգ-պետություն, լուրջ հարցականի տակ է։
Ի պաշտպանություն քաղաքացիական և մարդու իրավունքների՝ մենք կանգնել ենք մեր քաղաքական բանտարկյալների կողքին Հայաստանի բոլոր վարչակազմերի օրոք և առանց բացառության՝ ներառյալ նաև այն ժամանակահատվածը, երբ պարոն Աշոտյանի կուսակցությունը իշխանություն էր և պատասխանատու՝ երկրի լավի և շատ վատի համար։
Այսօր մենք կանգնում ենք նրա կողքին, հայ ժողովրդի հետ՝ իրավունքի իշխանության ու հավասար պաշտպանության սկզբունքի օգտին, և նրանց դեմ, ովքեր իրականացրին մարդկության պատմության մեջ առաջնորդության ամենաամոթալի փոխակերպումը՝ ժողովրդավարներից դեպի մանրախնդիր բռնակալներ, կուրծք ծեծող հայրենասերներից՝ հայրենադավ կապիտուլյանտներ։
Զղջում եմ, որ 2018 թվականի համազգային հուսաբեր զարթոնքի՝ պարոն Փաշինյանի համապարփակ, պարզունակ, երբեմն էլ կաննիբալ չարաշահմամբ այսքան կյանքեր է խեղել, բյուրավոր ոսկեզինվորներ է զոհաբերել, ազգային ժառանգության սրբազան տարածքներ ու մասունքներ է զիջել նույնպիսի մարդակեր և անարժան ոսոխին, և «դեմոկրատիայի բաստիոն» կարգախոսի ներքո արդիականացրել է քաղաքական բանտը։
Կարճ՝ այս ձախողված ղեկավարը և պարտված «գերագույն գլխավորը» այսօր իր մանրախնդիր, երեխայական վրեժն է լուծում իր վաղեմի ախոյաններից մեկի դեմ։
Մենք դատապարտում ենք արդարության այս հերթական ծաղրը, պահանջում պարոն Աշոտյանի ազատ արձակումը և հանձնառու ենք իսկական Հայաստանի Հանրապետության գալստյանը՝ լիովին վերականգնված իր ժողովրդավարությամբ, ինքնիշխանությամբ և տարածքային ամբողջականությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Աթանեսյան. Դատարանն Արմեն Աշոտյանին կալանավորելու վերաբերյալ որոշումը չի տրամադրել
- Վերածնվող Հայաստան. Պատահական չէ, որ Արմեն Աշոտյանի կալանավորման որոշումը կայացվեց հենց այս փուլում
- Մելոյան. Այո՛, Արմեն Աշոտյանը ՔԱՂԲԱՆՏԱՐՅԱԼ է և պետք է անհապաղ ազատ արձակվի
- Թաթոյան. Արմեն Աշոտյանի կալանքի միջնորդության քննությունը պետք է ենթարկվեր հրապարակային քննության
- Արմեն Աշոտյանը կալանավորվեց 2 ամսով
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան