Թուրքագետ. Թեմայից բացարձակ անտեղյակ մարդիկ շարունակ խոսում են Նեմեսիս գործողության, հուշարձանի նպատակահարմարության մասին
ԵՊՀ արևելագիտության ֆակուլտետի դեկան Ռուբեն Մելքոնյանը գրում է.
«Հայաստանում մոլեգնող կեղծ պրագմատիզմի և խաղաղասիրության համապատկերում՝ թեմայից բացարձակ անտեղյակ մարդիկ շարունակ խոսում են Նեմեսիս գործողության, վերջերս տեղադրված համանուն հուշարձանի և դրա նպատակահարմարության մասին:
Այս հարթակում իմ գիտական հոդվածները հաճախ չեմ տեղադրում, սակայն այս դեպքում որոշեցի տեղադրել դեռևս 2015 թ. հրատարակված հոդվածս, որը վերաբերվում է Թուրքիայում Նեմեսիս գործողության և հենց թուրքական դատարանների որոշումներով ոչնչացված թուրք հանցագործների՝ Թալեաթի, Ջեմալի և այլոց, պետականորեն հերոսացմանը և նրանց օրենքով «ազգային նահատակ» կոչման շնորհմանը: Հղումը՝ այստեղ։
«1926 թ. մայիսի 29-ին Թուրքիայի կառավարությունը խորհրդարանին ներկայացրեց օրինագիծ, որը վերնագրված էր՝ «Հայկական հանցագործ կոմիտեների կողմից սպանված կամ էլ տարբեր կերպ հալածանքի ենթարկված պետական գործիչների ընտանիքներին անշարժ գույքի և հողատարածքի տրամադրման վերաբերյալ օրենք»:
Օրենքի ընդունման հիմնավորման մեջ բառացիորեն նշված է. «Սա մի քայլ է, որով ազգը իր վշտակցությունն է հայտնում մեծ հույսերին և նպատակներին հետամուտ և այդ ճանապարհին իրենց կյանքը զոհած բարձրաստիճան անձանց ընտանիքներին և զավակներին ու նյութապես զորակցում նրանց»:
Օրինագիծը միաձայն քվեարկությամբ ընդունվում է Թուրքիայի խորհրդարանի կողմից, պաշտոնապես հրապարակվում և ուժի մեջ մտնում 1926 թ. հունիսի 27-ին (թիվ 882 օրենք): Այդ որոշման տակ ստորագրել են Թուրքիայի նախագահ Մուսթաֆա Քեմալ Աթաթյուրքը, վարչապետ Իսմեթ Ինոնյուն և բոլոր նախարարները:
Հ.Գ. Իսկ լուսանկարում օսմանյան դատարանի կողմից հազարավոր հայերի սպանդի կազմակերպման համար կախաղան բարձրացված Բողազլըյանի գավառապետ Քեմալ բեյի արձաններից մեկն է կանգնեցված Թուրքիայում և երբևէ որևէ թուրք պաշտոնյա չի խոսել այս և այլ ոճրագործների արձանների կանգնեցման նպատակահարմարության մասին, այն էլ՝ անհիմն ինքնավստահ տոնայնությամբ»։
Հարակից հրապարակումներ`
- Տեղյակ եմ եղել Երևանում «Նեմեսիս» հուշարձանի տեղադրման մասին, վարչապետին չեմ ասել. Երևանի նախկին քաղաքապետ
- Սասունյան. Թուրքական ճնշման տակ Հայաստանի ղեկավարները պատրվակներ են ներկայացնում «Նեմեսիսի» հուշարձանի համար
- «Նեմեսիս» արձանի տեղադրման որոշումը սխալ է. Փաշինյան
- «Նեմեսիս» հուշարձանը մեր հերթական թեստն է լինելու՝ արդյո՞ք մենք իսկապես արժանապատիվ ենք լինելու. Արտյոմ Երկանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան