Երևանի Մանկական այգում տեղադրվել է Ղուկաս Չուբարյանի «Սուրբ լինի անունը Քո» քանդակը
Երևանի Մանկական այգում տեղի է ունեցել Ղուկաս Չուբարյանի «Սուրբ լինի անունը Քո» քանդակի բացման հանդիսավոր արարողությանը: Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
«Մեծանուն արվեստագետի, հայ անվանի քանդակագործի, ՀԽՍՀ ժողովրդական նկարչի, ԽՍՀՄ գեղարվեստի ակադեմիայի անդամ Ղուկաս Չուբարյանի քանդակի բացմանը ներկա են եղել նաև ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արա Խզմալյանը, Երևանի փոխքաղաքապետ Տիգրան Ավինյանը, ՀՀ նախագահի խորհրդական Վահրամ Դումանյանը արվեստագետի ընտանիքի անդամները և մտավորականներ:
«Վստահաբար կարող եմ ասել, որ Ղուկաս Չուբարյանի ամենաարժեքավոր ներդրումը նրա մարդկային կերպարն է, և շատ ուրախ եմ, որ այսօր ունենք հնարավորություն՝ մեր քաղաքի ամենասիրված վայրերից մեկում ունենալու նրա քանդակը: Այստեղից փոքր հեռու Չարենցի կիսանդրին է՝ դպրոցի բակում. շատ խորհրդանշական է՝ Չարենցը, դպրոցը և Չուբարյանի գործը: Սրանք միավորում են միաժամանակ կրթական և մշակութային արժեքները»,- «Սուրբ լինի անունը Քո» քանդակի բացման արարողությանն ասել է Ժաննա Անդրեասյանը:
Նրա ընդգծմամբ՝ Չուբարյան արվեստագետից, նրա ժառանգությունից շատ բան կա սովորելու, և այս վայրը կդառնա նրա անցած դժվարին ուղին հիշելու և վերաիմաստավորելու տեղերից մեկը:
«Մեզ պետք են թռիչքից չվախեցող արվեստագետներ և ստեղծագործողներ, ինչպիսին Չուբարյանն էր, որովհետև դա է ճշմարիտ արվեստի գրավականը,- ասել է Ժաննա Անդրեասյանը և հավելել,- Չուբարյանի ժառանգությունն ուղերձ է, որը պարտավորություն ունենք փոխանցելու նաև մեր երեխաներին, նրանց համար կրթության մաս դարձնելու և դրանով իսկ շարունակելու և զարգացնելու այն»:
Ղուկաս Չուբարյանի դստեր՝ Անուշ Չուբարյանի խոսքով՝ քանդակը Ղուկաս Չուբարյանը նվիրել է իր՝ 1942 թ. անհայտ կորած եղբոր հիշատակին, որի աճյունը գտնվել է 2007-ին. «Այդ օր ես հայրիկիս առաջին անգամ տեսա հեկեկալիս, բայց քանդակն ամենևին էլ ցավի մասին չէ. այն սիրո, մարդասիրության մասին է, որը հայրս համարում էր իր լավագույն աշխատանքը»:
Անուշ Չուբարյանն ընդգծել է, որ իր հայրը կենսուրախ և լավատես մարդ էր՝ չնայած կյանքի բարդ պայմաններին. «Նրա ամենասիրելի օրը Հայաստանի անկախության օրն էր։ Ասում էր՝ չի հավատում, որ այդ օրը տեսել է: Հայրս կարծում էր, որ Հայաստանի քաղաքացի լինելը մեծ պատիվ է, և մեզ նույնպես այդկերպ է դաստիարակել»:
Նշենք նաև, որ Ղուկաս Չուբարյանի ծննդյան 100-ամյակը պատշաճ նշանավորելու նպատակով ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի հրամանով ստեղծվել է հոբելյանական հանձնաժողով՝ նախարարի տեղակալ Արա Խզմալյանի նախագահությամբ: Հոբելյանական տարվա ընթացքում նախատեսվում են մի շարք միջոցառումներ, որոնք միտված են մեծանուն արվեստագետի հարուստ ժառանգության վերարժևորմանը և հանրայնացմանը»,- ասվում է հաղորդագրությունում:
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան