Աշխարհահռչակ թավջութակահար Հաուսերը Երևանում է
Խորվաթ աշխարհահռչակ թավջութակահար HAUSER-ը (Ստեփան Հաուսեր) հունիսի 17-ին ելույթ կունենա Երևանում։ Երաժիշտի մենահամերգը կկայանա «ՀԱՅԱ» փառատոնի շրջանակում։
Այսօր ասուլիսում «ՀԱՅԱ» ամենամյա փառատոնի հիմանդիր տնօրեն Սոնա Հովհաննիսյանն ասաց, որ երկար տարիներ են աշխատել, նույնիսկ մինչև այս փառատոնի հիմնադրումը, որ Հաուսերը գա Հայաստան։
«Հաուսերի այցն ու համերգը Երևանում՝ մեծ տոն է, նվեր մեր հասարակությանը», - նշեց նա։
Հաուսերը Հայաստան է ժամանել լուսադեմին։ Երաժիշտը ծննդյան 37-ամյակը նշել է հենց օդանավում:
«Ծնունդս նշել եմ Հայաստանի ճանապարհին՝ տորթով ու շամպայնով»,-պատմեց ասուլիսին ներկա Հաուսերը՝ նշելով, որ երջանիկ է գտնվել Հայաստանում։
Թավջութակահարի ներկայացմամբ՝ նվագում է տարբեր ժանրերի երաժշտություն՝ առանց սահմանափակումների։ Նա նաև ներկայացրեց հաջողության հասնելու իր գաղտնիքը՝ հավատարիմ մնալ ինքդ քեզ, երբեք կերպարդ չփոխես, երբեք չփորձես նմանակել, երբեք չհանձնվես անկումների դեպքում, մշտապես առաջ գնալ։
Լինելով աշխարհի ամենահեղինակավոր երաժշտական մրցույթների հաղթող՝ խորվաթ թավջութակահար HAUSER-ը համագործակցել է բազմաթիվ լեգենդների հետ, այդ թվում՝ U2-ի, Էլթոն Ջոնի, Անդրեա Բոչելիի, Red Hot Chili Peppers-ի, Ջորջ Մայքլի և Aerosmith-ի Սթիվեն Թայլերի հետ։