Փաստաբանները ԵՄ գործընկերներին իրազեկեցին ոստիկանական բաժանմունքներում իրենց նկատմամբ բռնություն կիրառելու դեպքերի մասին
Փաստաբանների պալատի շենքի դիմացից մեկնարկած երթի մասնակից փաստաբանները հասան Եվրամիության գրասենյակ։
Հիշեցնենք, որ բողոքի ակցիայի պատճառ է դարձել ոստիկանության բաժանմունքներում փաստաբանների նկատմամբ իրականացրած բռնությունները։ Վերջերս ոստիկանությունում բռնության է ենթարկվել փաստաբան Կարեն Ալավերդյանը։ Նա նաև հայտարարել է՝ իր պաշտպանյալին խոշտանգել են ոստիկանությունում։
Փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանը ԵՄ շենքի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց, որ վերջերս ոստիկանական բաժանմունքում արձանագրվել է փաստաբանների նկատմամբ բռնություն կիրառելու ևս մեկ դեպք, ինչը շատ դատապարտելի ու անընդունելի երևույթ է։
Նա ընդգծեց, որ ամենամտահոգիչն այն է, որ այս երևույթներն արդեն շարունակական բնույթ են կրում։
«Այսօրվա մեր ակցիայի նպատակը հետևյալն է՝ Եվրամիության, Եվրախորհրդի ֆինանսական միջոցները օգտագործվում են դատաիրավական բարեփոխումների համար Հայաստանում։ Այս կառույցները մեր գործընկերներն են, համատեղ ծրագրեր ենք իրականացնում, որոնք ուղղված են դատաիրավական համակարգի, մարդու իրավունքների պաշտպանության և առհասարակ այս համակարգի բարելավմանը։ Խնդիրը կայանում է նրանում, որ այսքան ֆինանսական միջոցների առկայության պայմաններում և այսքան ջանքեր գործադրելու դեպքում՝ մենք այսօր ունենում ենք նման երևույթներ»,- ասաց նա։
Ս.Բաբայանի խոսքով, պետք է արձանագրել, որ այս երևույթները դեպի լավը չեն գնում, դատաիրավական բարեփոխումներն իրենց նպատակին չեն ծառայում, ոստիկանական բաժանումներում փաստաբանները ենթարկվում են ծեծի։
«Այս հանգամանքները խնդրահարույց են, մենք այս մասին իրազեկում ենք մեր գործընկերներին, որ առավել ուշադիր լինեն իրենց զեկույցներում, հայտարարություններում այս հանգամանքն անպայման արձանագրեն ու հետևություններ անեն համապատասխան ֆինանսական միջոցներ տրամադրելուց»,- ասաց Փաստաբանների պալատի նախագահը։
Փաստաբան Արա Զոհրաբյանը նշեց, որ ոստիկանության ինստիտուտը շատ կարևոր ինստիտուտ է, կան շատ արժանապատիվ ոստիկաններ։
«Բայց ինչպես ասում են՝ փչացած խնձորը կարող է փչացնել ամբողջ արկղը։ Ոստիկանական համակարգի ղեկավարությունը պետք է կարողանա նման երևույթներին խիստ արձագանքի։ Ընդհանրապես բռնությունը ոստիկանների կողմից անընդունելի է, բայց առավել անթույլատրելի է փաստաբանի նկատմամբ բռնությունը, որը եկել է այդ քաղաքացուն պաշտպանելու»,- ասաց նա։
Նա հայտնեց, որ հունիսի 20-ին ժամը 11։00-ին փաստաբաններով հավաքվելու են ոստիկանության շենքի մոտ, համապատասխան ակցիա են իրականացնելու։ Իսկ այս ընթացքում սպասելու են ոստիկանական բարձրաստիճան պաշտոնատար անձանց արձագանքին։
«Ինչ ուզում են պատմել՝ փաստաբանն ագրեսիվ էր, ագրեսիվ չէր, փաստաբանին ծեծի ենթարկել, ձեռնաշղթա կիրառել, ձերբակալել, խուզարկել, որն օրենքով արգելված է... Գործ ունենք հանցագործության հետ»,- ասաց Արա Զոհրաբյանը։
Նա նշեց, որ նաև քննչական կոմիտին ուղղված պահանջ ունեն, որը հրապարակային կներկայացնեն. «Կան զգայուն քրեական գործեր, որոնք մեկ շաբաթում, երկու շաբաթում ավարտվում են։ Մեր երկու գործընկերները փետրվարին կրկին բռնության էին ենթարկվել ոստիկանների կողմից, մինչ օրս դատաքննությունը չի ավարտվել»։
Արա Զոհրաբյանը համոզված է, եթե արագ բացահայտեին, ոստիկանները իմանային, որ դրա համար կա պատասախանատվություն, դրա համար կարող են դատապարտվել, երկրորդ դեպքը տեղի չէր ունենար։
Նա ընդգծեց, որ իրենք լավ գիտեն, որ այսօր կառավարությունն այդքան չի վախենում հանրային կարծիքից, որքան միջազգային կառույցների զայրույթից։
«Այդ նպատակով այսօր այստեղ պահանջ է ներկայացվում դատապարտել այս արարքը, համապատասխան միջոցներ ձեռնարկել։ Մենք գիտենք, որ Եվրոպական միությունը ֆինանսավորում է ոստիկանության համակարգի բարեփոխման համար։ Եթե ունենք ծեծված փաստաբաններ, նշանակում է, այդ միջոցները ըստ նպատակի չեն ծառայում»,- ասաց Արա Զոհրաբյանը։
Փաստաբաններն իրենց նամակը փոխանցեցին Եվրոպական միության պատվիրակության գրասենյակ։
Հարակից հրապարակումներ`
- Տարոն Սիմոնյան. Փաստաբանների նկատմամբ բռնությունների հետևանքով թռիչքաձև հետընթաց ենք ապրում
- Փաստաբանները երթ կիրականացնեն դեպի ԵՄ գրասենյակ
- Զարմացած եմ, որ փաստաբանի ծեծը և քաղաքացու խոշտանգումը ԱԺ-ում քննարկման հիմնական թեման չէր. Սոս Հակոբյան
- Մեր թիրախը գործադիրի ղեկավարը պետք է լինի. Փաստաբան
- Տեղի է ունեցել փաստաբանների ակումբի նիստ
- Փաստաբանն իր գործողություններով խոչընդոտել է ոստիկանների աշխատանքներին․ ՔԿ-ի պարզաբանումը
- Երեմ Սարգսյան. Հիշեք, որ ժամանակին դուք էիք փաստաբանների օգնությանն ապավինել
- Սոս Հակոբյան. Փաստաբաններին կոտրելը ունի նպատակ
- Փաստաբան Կարեն Ալավերդյանի նկատմամբ բռնություն կիրառած ոստիկանները պետք է ռեալ պատժվեն.Ռուբեն Մելիքյան
- Պալատից մանրամասներ են հայտնում փաստաբանին բռնության ենթարկելու վերաբերյալ
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին