Ամերիկահայերը կվերադառնա՞ն Հայաստան ու ի՞նչ պայմաններով. հարցերի պատասխանը՝ Միհրան և Նարե Գալստյանների «Լոսից եկող կա՞» գրքում
«Երազ» այգում ժամը 12։00-ից մեկնարկել է «Newmag Summer FEST» ամառային գրքի փառատոնը, որը կշարունակվի 10 ժամ։ Newmag հրատարակչությունը ներկայացնում է 5 գիրք, որից 4-ը գիտահանրամատչելի ոճի և 1-ը՝ գեղարվեստական ոճի. Միհրան Գալստյանի և Նարե Գալստյանի «Լոսից եկող կա՞», Գուզել Յախինայի «Սամարղանդ տանող էշելոնը», Լարի Սենի «Տրամադրության վերելակը», Քլայվ Սթեյփլ Լուիսի «Զուտ քրիստոնեություն», Թիմոթի Սնայդերի «Բռնապետության մասին. 20 դաս XX դարից» գրքերը։
«Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի «Վերաիմաստավորելով 20-րդ դարի հայոց պատմությունը» պատմագիտական դրամաշնորհով լույս է տեսել սոցիոլոգներ Միհրան և Նարե Գալստյանների «Լոսից եկող կա՞» գիրքը։ Գիտնականները գուժում են՝ Հայաստանը դեմոգրաֆիական աղետի մեջ է. մեր երկրի բնակչությունը վերջին 30 տարում միայն պակասում է։ Դրա պատճառները տարբեր են՝ պատերազմ ու համավարակ, բնակչության ծերացում, ծնելիության անկում և արտագաղթ։ Աշխատությունը պատասխանում է ընդամենը մեկ հարցի՝ հնարավո՞ր է ներգաղթ Լոս Անջելեսից։ Նրանք, ովքեր գնացին ամերիկյան երազանքից հետևից, պատրա՞ստ են իրենց երազանքը շարունակել հայրենիքում։
Լրագրողների հետ զրույցում Միհրան Գալստյանն ասաց, որ գիրքը հայրենադարձության մասին է, փորձել են Լոս Անջելեսում և Հայաստանում իրականացրած սոցիոլոգիական հետազոտության, այնուհետև այդ հիմնախնդիրներով զբաղվող փորձագետների հետ հարցազույցների միջոցով վեր հանել, թե արդյոք այսօր հնարավոր է հայրենադարձություն, որը մի քանի անգամ կրկնվեց 20-րդ դարում։
«Մենք ուսումնասիրություններ ենք կատարել, փորձել ենք հասկանալ՝ ինչ ձգող, ինչ վանող պայմաններ կան, որոնք հնարավորություն են տալիս այսօր խոսել հայրենադարձության մասին»,- նշեց նա։
Մ.Գալստյանի խոսքով, ընդհանրապես, հայկական իրականության մեջ մեծ սպասումներ կան հայրենադարձությունից։
«Մենք փորձում ենք հայրենադարձության միջոցով լուծել Հայաստանի առջև ծառացած տնտեսական, սոցիալական, դեմոգրաֆիական և անվտանգային խնդիրներ։ Բայց մեր հետազոտությունը ցույց է տալիս, որ այսօր սփյուռքը բավականին հետերոգեն է, այնտեղ ապրում են տարբեր սերունդների սոցիալ-ժողովրդագրական խմբեր, որոնք տարբեր տարիներ են տեղափոխվել բնակության, և խոսել հայրենադարձության մասին ու մտածել, որ նրանց ինքնությունը չի փոխվել 100 տարվա ըթնացքում, այդպես չէ։ Փոխվել է նրանց ինքնությունը։ Այն հայրենադարձությունը, որը տեղի ունեցավ 20-րդ դարի սկզբին, մեր հետազոտության արդյունքները ցույց է տալիս, որ, իհարկե, շատ դժվար է, որ այսօր դա կրկնվի»,- ասաց Մ. Գալստյանը։
Նա նշեց, որ իրենք խնդիրը քննարկել են մի տեսության շրջանակներում, որը կոչվում է ձգող ու վանող։
«Վանող տեսությունները դրանք տվյալ երկրում գոյություն ունեցող սոցիալ-տնտեսական, քաղաքական, էկոլոգիական իրավիճակն է, անվտանգային խնդիրները և այլն։ Սփյուռքն այսօր բազմաշերտ է, սփյուռքում ապրում է հայ էթնոսի տարբեր ենթամշակութային խմբեր, որոնք տարբեր ժամանակաշրջաններում են ներգաղթել Լոս Անջելես, և նրանց համար Հայաստանը վիճարկվում է որպես հայրենիք լինելու գաղափար, որովհետև նրանք չենք ծնվել Հայաստանում, հայաստանյան փորձառություն չունեն։ Երբ որ հարցեր էինք տալիս, նրանք ասում էին, որ առաջին անգամ սկսում են մտածել այդ հարցի շուրջ՝ արդյոք կարող են փոխել կենսակերպն ու գնալ Հայաստան։ Մեր հարցազրույցների մասնակիցներից 1/3-րդից ավելին այդ հարցի մասին սկսում էր խորհել, երբ մենք այդ հարցը տալիս էինք։
Ընդհանուր ասեմ, որ Հայաստանում այսօր գոյություն ունեցող տնտեսական իրավիճակն է շատ վանող ֆոն ստեղծում Հայաստանի համար, նաև՝ սփյուռքահայերի ու տեղի հայերի միջև մշակութային տարբերությունները, անվտանգային խնդիրները, որոնք այսօր կան Հայաստանում, ինչպես նաև էկոլոգիական խնդիրները։
Այսինքն այդ խնդիրները բազմազան են, և այդ բազմազանության ֆոնի վրա մարդիկ շատ դժվարությամբ են որոշում կայացնելու, որպեսզի կտրուկ փոխեն իրենց կենսակերպն ու տեղափոխվեն Հայաստան ապրելու»,- ասաց «Լոսից եկող կա՞» գրքի հեղինակը։
Մ. Գաստյանը նշեց, որ ժամանակակից՝ 90-ականներից հետո գնացած սփյուռքի մի մասն է պատրաստ վերադառնալ։
«Մեր հարցազրույցների ժամանակ մենք հարց ունեինք՝ ովքե՞ր պետք է տեղափոխվեն ու բնակություն հաստատեն Հայաստանում։ Անկախ նրանց ծննդյան երկրից, մեծ մասը մատնացույց էին անում Հայաստանից տեղափոխված հայերին։ Նրանց որոշ մասը ցանկություն է հայտնել, որ կարող են տեղափոխել Հայաստան, եթե այստեղ իրավիճակը բարելավի»,- ասաց նա։
Հարցին՝ եթե պետական քաղաքականություն մշակվի, հնարավո՞ր կլինի որոշակի ներգաղթ ապահովել, Մ. Գալստայանն ասաց. «Կարծում եմ՝ ոչ, քանի որ այսօր սփյուռք ունեցող երկրները շարժվում են լրիվ ուրիշ փիլիսոփայությամբ և տրամաբանությամբ. իրենք ավելի շատ փորձում են սփյուռքում ապրող իրենց հայրենակիցների ներուժն օգտագործել իրենց երկրի համար, բայց սփյուռքում ապրողները չվերադառնան իրենց ծագման երկիր։ Այսինքն, ավելի շատ մոբիլության, շարժունության ծրագրեր են ուզում իրականացնել, և այս ֆոնին շատ դժվար է ասել, որ ներգաղթ կարող է լինել»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան