«Միայն հայրենասիրությունը բավական չէ, որ սփյուռքը վերադառնա Հայաստան». «Լոսից եկող կա՞» գրքի քննարկում
Սոցիոլոգներ Միհրան և Նարե Գալստյանները իրենց հետազոտությունն իրականացնելու ու «Լոսից եկող կա՞» գիրքը գրելու համար ընտրել են Լոս Անջելսի հայությանը, որովհետև այն ապահովում է սփյուռքի ամենամեծ ներկայացուցչականությունը։ «Summer FEST» փառատոնի շրջանակում «Լոսից եկող կա՞» գրքի շնորհանդեսին ասաց Միհրան Գալստյանը։
Լոս Անջելեսի ամերիկահայերը մշտական բնակության համար կգա՞ն Հայաստան ու ի՞նչ պայմաններով. այդ հարցերն են հետազոտել սոցիոլոգներ Միհրան և Նարե Գալստյաններն ու ուսումնասիրությունն ամբողջացրել «Լոսից եկող կա՞» գրքում։
Սոցիոլոգիտական հետազոտությունը ներառում է լոսանջելեսահայերի, տարբեր երկրներից Հայաստան ներգաղթածների շրջանում զրույցներ ու հարցումներ, օրենսդրական շերտ։
Գրքի քննարկման ժամանակ Մ. Գալստյանն ասաց, որ հետազոտության արդյունքները, իհարկե, որոշակի միտումներ ցույց են տալիս, բայց «պետք է մի քիչ զգույշ լինել ամբողջ սփյուռքի վրա այս հետազոտության արդյունքները տարածելու համար»։
Newmag հրատարակչության գլխավոր խմբագիր Գնել Նալբանդյանն ասաց, որ սփյուռքն առանձնապես չի շտապում վերադառնալ Հայաստան։
«Այս աշխատությունը պատասխանում է հարցին՝ եթե չեն գալիս, ինչո՞ւ չեն գալիս Հայաստան։ Միայն հայրենասիրությունը բավակա՞ն է, որ սփյուռքը վերադառնա։ Պարզվում է՝ ոչ։ Նյութատնտեսական հանգամանքներ կան»,- ասաց նա։
Մ. Գալստյանն ասաց, որ մինչ օրս ՀՀ-ում ընդունված չէ հայրենադարձության մասին օրենքը, մինչդեռ աշխարհի շատ երկրում կա այդ օրենքը։
«Կարծում եմ, նախ պետք է վերանայենք հայրենադարձություն հասկացությունը։ Մեթոդաբանական առումով փակում է բոլոր այլ խնդիրները, որոնք ստեղծվում են հայրենադարձության հետ կապված։ Երբ որ ասում ենք հայրենադարձություն, հասկանում ենք՝ մարդիկ մեկ անգամ եղել են այդ երկրում, հիմա վերադառնում են այդտեղ։
Հիմա սփյուռքյան գրականության մեջ «էթնիկ ներգաղթ» տերմինն են փորձում օգտագործել։ Այս տերմինը միգուցե կարող է համահունչ լինել մեր հայկական սփյուռքի առանձնահակություններին։ «Էնթիկ ներգաղթը» իր մեջ կարող է ներառել ավանդական ու ժամանակակից սփյուռքը»,- ասաց նա։
Քննարկմանը ներկա ԳԱԱ Հնագիտության և ազգագրության ինստիտուտի սփյուռքի ուսումնասիրությունների բաժնի վարիչ Ռուբեն Կարապետյանն ասաց, որ գրքի հեղինակները շատ բարդ աշխատանք են իրականացրել, քանի որ դժվար է Լոս Անջելեսի նման մեծ քաղաքում սոցիոլոգիական հարցում իրականացնել։ Նրա խոսքով, բավականին լուրջ գիտական մեթոդոլոգիա է կիրառվել ու այս հետազոտությունը կարելի է համարել մի քայլ առաջ ուսումնասիրությունների առումով։
Աշխատությունը հրատարակվել է «Հասրաթյան-Մինասյան» հիմնադրամի «Վերաիմաստավորելով 20-րդ դարի հայոց պատմությունը» պատմագիտական դրամաշնորհով։
Քննարկումը մանրամասն՝ տեսանյութում։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան