Իրանը Շրի-Լանկայում 120 մեգավատ հզորության էլեկտրակայան է կառուցում
Իրանի հիդրոէլեկտրակայանների հզորությունը գերազանցում է 13 000 մեգավատը, հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբյանը, նշելով Շրի-Լանկայում իրանցի մասնագետների կողմից 120 մեգավատ հզորությամբ էլեկտրակայանի կառուցման եզրափակիչ փուլի նկատելի առաջընթացը, տեղեկացնում է Tasnim-ը։
Շրի-Լանկայի ոռոգման նախարար Չամալ Ռաջափասկայի հետ հանդիպմանը Մեհրաբյանը նշել է երկու երկրների բարեկամական պատմական փոխհարաբերությունները և հույս հայտնել, որ իրանցի փորձառու մասնագետների կողմից Շրի-Լանկայում կառուցվող էլեկտրակայանները մոտ ապագայում շահագործման կհանձնվեն։
Ընդգծելով Թեհրանի և Կոլոմբոյի միջև տնտեսական, քաղաքական և մշակութային կապերի վերածնունդն ու զարգացումը՝ Իրանի էներգետիկայի նախարարը նշել է, որ երկու երկրները բոլոր ասպարեզներում իրենց երկկողմանի կապերը ամրապնդելու բազմաթիվ հնարավորություններ ունեն։
Ալի Աքբար Մեհրաբյանն ընդգծել է նաև ջրամատակարարման և էլեկտրամատակարարման ոլորտի նախագծերի իրականացման գործում իրանական ընկերությունների հնարավորությունները։