Տեղի ունեցավ «ԵԱՀԿ․Ղարաբաղյան դոսյե» գրքի շնորհանդեսը
«Զանգակ» գրատանը տեղի ունեցավ «ԵԱՀԿ․ Ղարաբաղյան դոսյե» գրքի շնորհանդեսը։ Գրքի հրատարակմանն աջակցել է «ԼՈՒՅՍ» հիմնադրամը։ «ԵԱՀԿ․ Ղարաբաղյան դոսյե» գրքի հեղինակն Աննա Կարապետյանն է։
«Գիրքը ձեռնարկ է՝ ղարաբաղյան հակամարտության հետ կապված ԵԱՀԿ ներքո ընդունված փաստաթղթերի և ոչ միայն, որովհետև Աննան (գրքի հեղինակը) ձեռնարկը կազմելուն զուգահեռ հասկացել է, որ բազմաթիվ փաստաթղթեր, որոնք ընդունվել են ԵԱՀԿ շրջանակից դուրս, դրանք ևս պետք է ներկայացված լինեն՝ պատկերն ամբողջական ունենալու համար»,- ասաց «Պրոֆիլ» հրատարակչության հիմնադիր, քաղաքագետ Արմեն Մինասյանը։
Նրա խոսքով ՝ ձեռնարկը գուցե ուշացած է՝ հաշվի առնելով,թե ինչ հանգրվանում է արցախյան հիմնախնդիրը, բայց կա լավատեսություն․ «Մենք ընդամենը մի ցիկլում ենք, որին հաջորդելու է նորը և այս ձեռնարկը մեծապես օգնելու է, որպեսզի հաջորդ ցիկլում լինենք պատրաստված և արդյունավետ»։
Մատենաշարի հեղինակ, քաղաքագետ Կարեն Բեքարյանն էլ նշեց, որ հնարավոր չէ որևէ բան ձեռնարկել,եթե չկան սրտացավ մարդիկ։
«Շատ քիչ են մնացել հիմնադրամներ, ահատներ, կառույցներ, որոնք այս կարգի հետազոտական աշխատանքի կարևորությունը պատկերացնում են և պատրաստ են այնտեղ իրենց օժանդակությունը բերել»,- ասաց Բեքարյանն ու շնորհակալություն հայտնեց գրքի հրատարակման աջակիցներին։
Ինչ վերաբերում է բուն գրքի կարևորությանն, ապա Բեքարյանն ասաց, որ բանակցային գործընթացի ցանկացած փուլում, երբ ինստիտուցիոնալ մասնակցություն ունես որպես պետություն, այս պարագայում ՝ ՀՀ-ն որպես լիարժեք կողմ, ԱՀ-ն ՝ ոչ լիարժեք բանակցող կողմ, միշտ առաջանում է փաստաթղթային ողջ բազային տիրապետելու խնդիր ։
«Միջազգային կառույցներում նորմալ ընթացակարգ կա՝ փաստաթղթերը բանակցային գործընթացը փոխադարձաբար հենվում և հղվում են իրար։ Եթե դու նախորդող փուլերը կորցնում ես, ապա կորցնում ես տրամաբանության թելը, պարզ մոտեցում է։ Այստեղից առաջանում էր խնդիր, եթե ուզում ենք զինված լինել ողջ գործիքակազմով, դուրս բերել այդտեղից անգամ ստորակետի ներքո գտնված հնարավորությունը, իդենտիֆիկացնել մարտահրավերը, որի դեմ հնարավոր է պայքարել և երկարաժամկետ կտրվածքով կարողանալ բանակցային ստրատեգիան և տակտիկան համարժեք դարձնել այդ ամենին, ապա դու այդ բազան ոչ միայն պետք է ունենաս, այլև տիրապետես ողջ ծավալով»,- ասաց Բեքարյանը։
Գիրքը կազմելիս հեղինակը նախ ժամանակագրությունն է վերցրել հիմք՝ սկսած ԵԱՀԿ-ին ՀՀ-ի և Ադրբեջանի անդամակցությունից , այնուհետև անդրադարձ է կատարվել յուրաքանչյուր տարի ընդունված փաստաթղթերին։ «ԵԱՀԿ․ Ղարաբաղյան դոսյե» գրքի հեղինակը՝ Աննա Կարապետյանը, ասաց, որ գրքում ամոփված է երկար տարիների աշխատանք։
«Շատ դժվար էր հավաքագրել այդ բոլոր փաստաթղթերը, որոնք այստեղ համատեղված են։ Հատկապես՝ 90-ականների սկզբների փաստաթղթերը շատ դեպքերում հասանելի չեն ԵԱՀԿ կայքում։ Կան հիշատակումներ, բայց հենց փաստաթուղթը գտնելը դժվար է, ուստի՝ այս ուղղությամբ տարվել է բավականին մեծ աշխատանք, այդ թվում ՝ տարբեր տեղերից փորձելով ստանալ փաստաթղթերը։ Իհարկե գաղտնի որևէ փաստաթուղթ ներառված չէ, բայց այսպիսի բազա դեռ ոչ մի տեղ հավաքագրված չէր»,- ասաց Կարապետյանը։
Հեղինակի խոսքով՝ կար հստակ գիտակցում,թե ինչի համար է այս աշխատանքն արվում ․ «Այն, ինչ անում ենք կարևոր է և պետք է մեր երկրի, պետության շահերի առաջ մղման համար․․․»։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան