Հիմա փորձ եք անում ճնշել ինձ. Կարեն Անդրեասյանը՝ լրագրողներին
«Ես որևէ հարցի չեմ պատասխանելու, դա իմ իրավունքն է։ Ես քայլում եմ, դուք խոչընդոտում եք իմ շարժը»,- լրագրողներին ասաց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանը, որը ՊՊԾ աշխատակիցների ուղեկցությամբ դուրս եկավ ԲԴԽ շենքից։
Նա նշեց, որ հանդես է գալիս որպես դատարան. «Հիմա լրագրողներով փորձ եք անում ճնշել ինձ: Երբ ես ցանկություն ունենամ որպես դատավոր ընթացիկ նիստից իմ կարծիքները հայտարարել, ես դա կանեմ դատական նիստերի ընթացքում: Դուք խառնում եք իմ նախկին քաղաքական գործունեությունը իմ դատավորի աշխատանքի հետ: Սա ճնշում է դատարանի վրա 4-րդ իշխանության կողմից»։
Անդրեասյանը նշեց, քանի դեռ ինքը ԲԴԽ նախագահն է, հարցազրույց չի տալու։
«Իրավունք չունենք ինձ հետապնդել, իրավունք չունեք նաև, երբ ես հրաժարվում եմ հարցազրույց տալուց, ստիպեք ինձ, ճնշեք ինձ, որպեսզի ես հարցազրույց տամ։ Դուք խոչընդոտում եք դատավորի աշխատանքին»,- ասաց Անդրեասյանը։
Լրագրողի դիտարկմանը, որ գրեթե մեկ տարի է ԲԴԽ նախագահ է, որևէ անգամ լրատվամիջոցների հետ հանդիպում չի ունեցել, որպեսզի կարողանան ԶԼՄ-ներն այլ միջավայրում իրեն հարցեր ուղղել, նա արձագանքեց. «Դա իմ իրավունքն է, ես պատրաստվում եմ դեռ շատ երկար հանդիպում չունենալ»։
Լրահոս
Տեսանյութեր
Թովմասյանը՝ Նանուշյանին. Նշել եք՝ ծրագրի իրականացումը պայմանավորված է օրենքով, բայց օրենքը չկա