Իմ նկատմամբ ձեր կողմնակալ վերաբերմունքի իրական պատճառը հայտնի է միայն ձեզ. դատավոր Պետրոսյանը՝ ԲԴԽ նախագահին
Բարձրագույն դատական խորհրդի նիստին, որտեղ քննարկվում է Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանի և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ արդարադատության նախարարի պարտականությունները կարող Լևոն Բալյանի միջնորդությունը, Տիգրան Պետրոսյանը ինքնաբացարկի միջնորդություն ներկայացրեց ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին։
Հիշեցնենք, որ վարույթի հիմքում ՄԻԵԴ վճիռներից մեկն է. նախարարը միջնորդել է դատավորներին պատժել 2009 թվականին, այսինքն՝ 14 տարի առաջ կայացված դատական ակտերի համար՝««Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» 2019թ հունվարի 24-ին հրապարակված ՄԻԵԴ վճռի հիման վրա։
Տիգրան Պետրոսյանն ասաց, որ բացի Հայաստանից, գոյություն չունի այնպիսի մի պետություն, որի օրենսդրությունը թույլ տա կարգապահական վարույթներ հարուցել դատավորների նկատմամբ այնպիսի կարգապահական խախտումների համար, որոնք ենթադրաբար կատարվել են վարույթի հարուցումից 15-20 տարի առաջ։
Նա ընդգծեց, որ դատավորների նկատմամբ վարույթները հարուցվում են ընտրողաբար։ Դատավոր Պետրոսյանն ասաց, որ միջնորդություն ներկայացրած անձը, վարույթ հարուցած անձը չեն կարող բացատրել այն հանգամանքը, թե ինչու է վարույթ հարուցվել 2019 թվականի որոշման հիմքով, ինչու մինչ այդ վարույթներ չեն հարուցվել ավելի վաղ ՄԻԵԴ կայացված վճիռների հիմքերով։ Միջնորդության հիմքում դատավորը դրել է նաև արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանի և Կարեն Անդրեասյանի հարաբերությունները, մասնավորապես, նրանք ընկերներ են, ունեն տնտեսական շահ։ Դատավորը հիշեցրեց Կարեն Անդրեասյանի «40 դատավորների» վերաբերյալ հայտարարությունը, իր նկատմամբ հետապնդումը պայմանավորում է խտրական և կամայական մոտեցմամբ։
Տ.Պետրոսյանը նշեց, որ ներկա իրավիճակում, առայժմ չմանրամասնելով դրա պատճառները, ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեսայանը ԲԴԽ մյուս 9 անդամներից ութի նկատմամբ, մեկը հրաժարական է տվել, այդ թիվը մեկով պակասեցնում են, ունի էական ազդեցություն և այդ մասին են վկայում պաշտոնավարման սկզբից մինչ այժմ ԲԽԴ որոշումների քվեարկության արդյունքները։
«Հաշվի առելով ԲԴԽ կազմի մի շարք անդամների հետ ձեր կապերի բնույթը՝ ձեր ազդեցությունը ԲԴԽ որոշումների վրա վճռորոշ է։
Իմ նկատմամբ ձեր կողմնակալ վերաբերմունքի իրական պատճառը հայտնի է միայն ձեզ, դուք Հայաստանի «Դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի 88-րդ հոդվածի 3-րդ մասի համաձայն պարտավոր եք ԲԴԽ–ին անհապաղ հայտնել ինքնաբացարկ՝ շարադրելով ինքնաբացարկի հիմք հանդիսացող հանգամանքները»,- ասաց դատավոր Տ. Պետրոսյանը։
Կարեն Անդրեսայանն արձագանքեց. «Անկեղծ չգիտեմ, թե ինչ անձնական պատճառ ունեմ ձեր անձի հանդեպ որևէ վերաբերմունք ունենալու։ Առավելագույնը, որ ձեր անձի հանդեպ ունեմ, ձեզ հետ երբեք չեմ հարաբերվել, ձեր հետ միակ հարաբերությունը, որ ունեմ, ձեր լուսահոգի հայրը եղել է իմ կողմից շատ հարգված դեկան ու դասախոս։ Միակ առնչությունը, որ տեսնում եմ, դա է։ Եվ դա ասում եմ ի լուր բոլորի»։
Դատարանը հեռացել է խորհրդակցական սենյակ։
(Լրացված) Բարձրագույն դատական խորհուրդը որոշեց Կ. Անդրեսայանի բացարկի միջնորդությունը մերժել։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան