Կարճամտություն էր Հունգարիայի հետ հարաբերությունների խզումը. Գուրգեն Արսենյան
ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի արտահերթ նիստ օրակարգում է ԱԺ-ում Հայաստան-Հունգարիա բարեկամական խումբ ստեղծելու հարցը։ ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանը հիշեցրեց, որ բոլորովին վերջերս Հայաստանն ու Հունգարիան փոխադարձաբար դեսպաններ նշանակելով՝ վերականգնել են դիվանագիտական հարաբերությունները։
«Այս տարեսկզբին Հունգարիայի խորհրդարանում արդեն ձևավորվել է Հունգարիա-Հայաստան բարեկամական խումբն ու դիվանագիտական խողովակներով փոխանցվել է, որ հունգարական կողմն ակնկալում է, որ Հայաստանի խորհրդարանում ևս բարեկամական խումբ ձևավորվի։
Կարծում եմ՝ դիվանագիտական հարաբերությունների հաստատման ֆոնին կարևոր է նաև միջխորհրդարանական կապերի ամրապնդումը»,- ասաց նա։
Նիստին ներկա ՔՊ-ական պատգամավոր Գուրգեն Արսենյանն ասաց, որ երկու ձեռքով միանում է այդ նախաձեռնությանը։ Նա հիշեցրեց, որ Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների խզումը պայմանավորված էր հայ սպա Գուրգեն Մարգարյանին սպանած ադրբեջանցի Ռամիլ Սաֆարովին Հունգարիայի իշխանությունների կողմից Ադրբեջանին հանձնելու հանգամանքով։
«Դա էր այն խթանը, որի արդյունքում Հայաստանի ղեկավար Սերժ Սարգսյանը որոշեց, որ պետք է Հայաստանի անունից խզի հարաբերությունները Հունգարիայի հետ։ Այդ ժամանակ էլ կտրուկ դժգոհություն եմ արտահայտել այդ որոշման հետ կապված, որ ինչ կապ ունի Հունգարիայի ժողովուրդն իր ղեկավարի կողմից ընդունված որոշման պատասխանատվության հետ։
Ես այն ժամանակ այդ որոշումը դիտարկում էի որպես պետական գործչի կողմից պետական կարճամտության դրսևորում, քանի որ սեփական դիվանագիտական ներկայացուցչության անգործությունը բացատրել նրանով, որ հունգարական կողմն ինչ-որ գործողություն է արել, քանի որ Հայաստանի քաղաքական ղեկավարությունն այդ ակտի մասին իմացել է հանձնելուց հետո։ Որոշվեց՝ սեփական չարածը փակել Հունգարիայի հետ հարաբերությունները խզելով»,- ասաց Արսենյանը։
ԱԺ արտաքին հարաբերությունների մշտական հանձնաժողովը 4 կողմ, մեկ դեմ, մեկ ձեռնպահ ձայներով հավանություն տվեց Հայաստան-Հունգարիա բարեկամական խմբի ստեղծմանը։
Հիշեցնենք, որ Հայաստանը Հունգարիայի հետ դիվանագիտական հարաբերությունները սառեցրել էր 2012 թվականին, երբ այդ երկիրը Ադրբեջանին էր արտահանձնել 2004-ին Հունգարիայում հայ լեյտենանտ Գուրգեն Մարգարյանի դաժան սպանության համար դատապարտված Ռամիլ Սաֆարովին, որն Ադրբեջան վերադառնալուց անմիջապես հետո հայտնվել էր ազատության մեջ և պետական պարգևների արժանացել։
Հարակից հրապարակումներ`
- Հունգարիայի փոխվարչապետը Հայաստանում է, սպասվում է ԱԳ նախարարի այցը
- Հայաստանի և Հունգարիայի միջև դիվանագիտական հարաբերությունների կասեցումից հետո Բուդապեշտում առաջին անգամ Ցեղասպանությանը նվիրված միջոցառում է անցկացվել
- Առաջիկայում Հայաստանն ու Հունգարիան կհայտարարեն երկու երկրներում դեսպաններ նշանակելու մասին. Միրզոյան
- Իսկ Հունգարիայում որքանով է անվտանգ եղել Նազելի Վարդանյանի աշխատանքը
- Մի պետություն, որը հերոսի կոչում է տալիս Ռամիլ Սաֆարովին, ահաբեկչությունից խոսելու իրավունք չունի. Շարմազանով
- Շավարշ Քոչարյան. Ադրբեջանի սիմվոլը Ռամիլ Սաֆարովն է
- Ռամիլ Սաֆարովի «դիմաց» Հունգարիան ստացավ ադրբեջանական գազը
- Նաիրա Կարապետյան. Ադրբեջանը շարունակում է փառաբանել մարդասպան Ռամիլ Սաֆարովին
- Ադրբեջանում վրդովված են «ազգային հերոս» Ռամիլ Սաֆարովի անտարբերությունից