«Էսպո» կոնվենցիայի խախտման վերաբերյալ Ադրբեջանի մեղադրանքը կրում է քաղաքական բնույթ․ Զարաֆյան
«Անդրսահմանային ենթատեքստում շրջակա միջավայրի վրա ազդեցության գնահատման մասին» եվրոպական կոնվենցիան («Էսպո»-ի կոնվենցիա) Հայաստանը ստորագրել է 1991 թ․-ին։ Կոնվենցիան Հայաստանի Հանրապետության համար ուժի մեջ է մտել 1997 թվականից։ Կոնվենցիան իրենից ենթադրում է անդրսահմանային ենթատեքստում, վնասակար ազդեցությունների կանխում, նվազեցում և մոնիտորինգի անհրաժեշտություն։ Այլ կերպ ասած՝ ՇՄԱԳ-ի գլոբալ գործիք է: Մեր հարևան երկրներից միայն Ադրբեջանն է միացել Կոնվենցիային, որը վերջերս հիշատակելով կոնվենցիային, հայտարարեց, թե Հայաստանն այն խախտում է՝ Երասխում մետալուրգիական գործարան կառուցելով։ Ըստ ադրբեջանական կողմի՝ գործարանի արտանետումները կվնասի տարածաշրջանի շրջակա միջավայրը։ Հայկական կողմն, իհարկե, հերքում տարածեց՝ նշելով, որ գործարանն անցել է ՇՄԱԳ փորձաքննություն, արտանետումներիը քանակությունը չի գերազանցելու թույլատրելի նորման։ Գործարանն ունենալու է արտադրողական ոչ մեծ ծավալ։ Այսպես՝ սև մետաղի ջարդոնի վերամշակման գործունեության տեսակի համար տարեկան 108 հազար տոննա արտադրողականությունը համարվում է փոքր ծավալ։ Մինչդեռ տարածաշրջանի մասշտաբով աղտոտման մասին հնարավոր է խոսել, եթե վերամշակման գործարանների արտադրողականությունն սկսվեր 1 մլն տոննայից։
«ԷկոԼուր» տեղեկատվական ՀԿ-ի նախագահ Ինգա Զարաֆյանը Panorama.am-ի հետ զրույցում իր տեսակետը հայտնեց՝ նշելով, որ ադրբեջանական կողմի պնդումները հիմնազուրկ են։
««Էսպո» կոնվենցիայի խախտման վերաբերյալ Ադրբեջանի մեղադրանքը լրիվ անհիմն է, կրում է քաղաքական բնույթ։ Այս մասին վկայում են Ադրբեջանի ագրեսիվ գործողությունները»,- ասաց Զարաֆյանն ու մանրամասնեց․
«Գործարանի գործունեությանը չի տեղավորվում կոնվենցիայի պատասխանատվության ցուցակում։ Այս ցուցակում ներառված են նավթատարներ, գազատարներ, մեծ ջրային ավազաններ, որոնք ունեն անդրսահմանային նշանակություն։ Թվարկվածները վերաբերում են հենց Ադրբեջանին, քանի որ այնտեղ կան և՛ նավթատարներ, և՛ գազատարներ, և՛ Կասպից ծովի օգտագործում, որն ունի անդրսահմանային նշանակություն և այլն։ Իսկ Երասխում կառուցվող գործարանի տեսակը չի մտնում այդ ցուցակում, քանի որ «Էսպո» կոնվենցիայի դրույթները կարող են վերաբերել շատ խոշոր մետալուրգիական ձեռնարկություններին, որոնք ունեն մեկ մլն տոննա տարեկան արտադրություն։ Իսկ Երասխի գործարանը 10 անգամ ավելի քիչ արտադրություն ունի։ Հաջորդիվ, կոնվենցիան նախատեսում է կողմերի տեղեկատվության փոխանակություն։ Կարող ենք ասել, որ ՇՄՆ-ի կայքում դրված է տեղեկատվությունը, որը բոլորի համար հասանելի է»,- ասաց ՀԿ նախագահը։
Զարֆյանի խոսքով՝ կոնվենցիայով նաև նախատեսվում է երկու կողմերի վեճի լուծման ճանապարհը։ Օրինակ, եթե կողմերից մեկը պնդում է, որ աղտոտվում է շրջակա միջավայրը, մյուսը՝ հակառակն է ասում, ապա նմանօրինակ վեճերը կարող են հարթվել «Էսպո» կոնվենցիայի մեխանիզմների միջոցով, որը վերապահված է կոնվենցիայի քարտուղարությանը։
«Ադրբեջանը քարտուղարությանը չի դիմել, միանգմից անցել է ագրեսիվ գործունեության ՝ կրակելով կառուցվող գործարանի տարածքի ուղղությամբ»,- ասաց Զարաֆյանը։
Պարզ է, որ Ադրբեջանը չի դիմի քարտուղարությանը, քանի որ իր կողմից բարձրաձայնված բողոքն ի չիք կդառնա, փոխարենը գործի է դրել զենքն, ինչպես Բերձորի միջանցքի, Սոթքի հանքավայրի դեպքում։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանի կողմից Երասխի ուղղությամբ կրակոցներից հետո Ֆրանսիան դեէսկալացիայի և խաղաղ բնակչությանը պաշտպանելու կոչ է արել
- Երասխ են այցելել Հայաստանում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները
- Ի պատասխան Երասխում մետաղաձուլարանի վերաբերյալ Ադրբեջանի հայտարարության
- Ինչո՞ւ հենց Երասխ
- ԵՄ դիտորդներն այցելել են Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման տարածք․ Կոստանյան
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան