
«Ժողովուրդ». Գլխավոր դատախազությունը կբողոքարկի՞ Իգոր Խաչատուրովի արդարացման որոշումը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
«ՀՀ գլխավոր դատախազությունը բողոքարկելու է ՀՀ վերաքննիչ քրեական դատարան ՀՀ զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ, ՀԱՊԿ նախկին գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովի որդու` Իգոր Խաչատուրովի արդարացման որոշումը։ Այս մասին «Ժողովուրդ» օրաթերթին հայտնեցին դատախազությունից:
Ինչպես հայտնի է, նրա նկատմամբ քրեական հետապնդումը դադարեցված էր, քանի որ մայիսի 10-ին Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Տաթևիկ Գրիգորյանը հրապարակել էր որոշում, որով նա արդարացվել էր։ Հավելենք, որ 2022թ.-ի մայիսի 17-ին՝ Երևանի Կիևյան փողոցում ընդդիմության նախաձեռնած անհնազանդության ակցիայի ժամանակ, Իգոր Խաչատուրովը ձերբակալվել, ապա կալանավորվել էր։
Խաչատուրովին մեղադրանք էր առաջադրվել՝ ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի 1-ին մասով (իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելը)։
Ըստ ՀՀ քննչական կոմիտեի` Խաչատուրովը ակցիայի մեկ այլ մասնակցի հետ խոչընդոտել է փողոցն ազատելու և անձանց բերման ենթարկելու՝ ոստիկանության տեսուչի գործողությունները, նրա նկատմամբ առողջության համար ոչ վտանգավոր բռնություն գործադրել` բռունցքով մի քանի անգամ հարվածելով նշված աշխատակցի կրծքավանդակի և որովայնի հատվածներին։
Հուլիսի 11-ին Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը որոշել էր փոխել Խաչատուրովի խափանման միջոց կալանավորումը, և նա ազատ էր արձակվել՝ 1 մլն դրամ գրավի դիմաց»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր

Մենք ԵԱՏՄ անդամ ենք, դուք արդեն իսկ ամուսնացած մարդու եք մոտեցել. Մամիջանյանը՝ ԵԽ պատգամավորին