Օսկանյանին հրավիրում ենք, ասում է՝ Փաշինյանի ձեռքերը պետք է բռնել, ես էլ ասում եմ՝ քո ոտքը բռնենք, որ դու չփախնես. Անդրանիկ Քոչարյան
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նախագահ Անդրանիկ Քոչարյանի համար այսօր հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանի ունեցած ելույթը համոզիչ է։ Լրագրողները հետաքրքրվեցին, թե ի՞նչն էր նորություն, նա նշեց. «Դուք չզգացի՞ք Շուշիի հետ կապված ինչ խնդիր կար։ Դա նորություն չէ՞ր ձեր համար»։
Միաժամանակ նա հավելեց, որ Զինված ուժերի գլխավոր շտաբի նախկին պետ Օնիկ Գասպարյանի՝ ավելի վաղ հանձնաժողովի նիստում արած հայտարարությունները որևէ հակասության մեջ չեն Փաշինյանի այսօր ներկայացրած փաստարկների հետ։
Հիշեցնենք, որ երեկ ԱԺ ընդդիմադիր «Հայաստան» և «Պատիվ ունեմ» խմբակցությունները տարածել էին համատեղ հայտարարություն՝ նշելով, որ «ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցի այդ շոուին»։
Անդրանիկ Քոչարյանն ասաց, որ ընդդիմությունն երկրում, սահմաններին կատարվող ամեն ինչ համարում է շոու և չի մեկնաբանի ընդդիմադիր խմբակցությունների հայտարարությունը։
«Հունիսի 27-ին շարունակվելու է հանձնաժողովի նիստը հարցուպատասխանի ձևաչափով, իրենք կարող են գալ ու իրենց պատկերացրած թատրոնը դարձնեն իրական կյանքին համահունչ գործընթաց։
Ակնկալում եմ, ընդդիմությունը կօգտվի հնարավորությունից, հարցուպատասխանի ժամանակ կվերանայի իր հայտարարությունը և կգա անսահմանափակ հարցեր տալու մեծ հնարավորությունից օգտվելու համար»,- ասաց նա։
Ա. Քոչարյանի գնահատմամբ, ընդդիմության հրաժարումը մասնակցությունից պարզապես փաստերի հետ առնչելու ցանկություն չունենալն է։
Հարցին, թե ինչո՞ւ կյանքի չկոչվեց պաշտպանության նախկին նախարար Դավիթ Տոնոյանի առաջարկությունը՝ Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ, Քոչարյանն ասաց. «Նա առաջարկում էր քննիչ հանձնաժողովը դարձնել տեսակետների բախման հարթակ։ Ոչ։ Քննիչ հանձնաժողովն ունի իր ընթացակարգերը, աշխատակարգը։ Պարոն Տոնոյանին երկու անգամ առաջարկել եմ ցանկացած ձևաչափով՝ մենք գնանք իրեն մոտ, ամեն ինչ անենք օրենքի սահմաններում, ինքը գա այստեղ»։
Նա նաև հայտարարեց, որ դեռ կարևոր պաշտոնյաներ պետք է գան հանձնաժողով՝ պատրաստվում են հրավիրել Արցախի Հանրապետության նախագահին, պաշտպանության բանակի նախկին հրամանատար Ջալալ Հարությունյանին։
«Վարդան Օսկանյանին հրավիրում ենք, ասում է՝ Փաշինյանի ձեռքերը պետք է բռնել, ես էլ ասում էի՝ քո ոտքը բռնենք, որ դու չփախնես, գաս քննիչ հանձնաժողով ու պատասխանես հարցերին՝ այս ի՞նչ շիլա-շփոթ եք սարքել, որի արդյունքում պատերազմ եղավ»,- ասաց Անդրանիկ Քոչարյանը։
Հարակից հրապարակումներ`
- Ինչու է Փաշինյանը ԼՂ հարցի բանակցությունները սկսել իր սեփական կետից
- 44-օրյա պատերազմը կարող էր տեղի չունենար, եթե ԼՂ հարցը լուծվեր նախորդ 25 տարիների ընթացքում. Փաշինյան
- Տեր-Պետրոսյանի հոդվածը Ղարաբաղի հարցում մեր խճճվածությունն ամրացնող հերթական հանգույցն էր. Փաշինյան
- Նոյեմբերի 9-ի առավոտյան ստորագրեցի, հետո պարզվեց՝ առավոտյան իմ ստորագրած տեքստն այլևս ուժի մեջ չէ. Փաշինյան
- Փաշինյան. Նոյեմբերի 9-ի հայտարարությունից 1-2 օր անց, երբ վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին՝ Շուշիում ոչ մի զինվոր չունենք
- Փաշինյան. Ինչու պատերազմը կանգ առավ հենց նոյեմբերի 9-ին
- «Հայաստան» և «Պատիվ ունեմ». Ընդդիմադիր պատգամավորները չեն մասնակցի այդ շոուին
- Դավիթ Տոնոյան. Առաջարկում եմ իմ և Փաշինյանի մասնակցությամբ անցկացնել Քննիչ հանձնաժողովի բաց, հանրային նիստ
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան