Երասխի մետալուրգիական գործարանում բարձրացվեցին Հայաստանի և ԱՄՆ դրոշները
Վերջին օրերին Ադրբեջանը պարբերաբար կրակ է բացում Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ։ Այսօր գործարանում բարձրացվեցին ՀՀ-ի և ԱՄՆ-ի դրոշները։
Գործարանի տնօրեն Տիրան Հակոբյանը լրագրողների հետ ճեպազրույցում ասաց, որ չեն ենթադրում, որ դրոշները բարձրացնելն օգնելու է իրենց, ռազմական պաշտպանություն է տալու, այլ կարող է այն զուտ հոգեբանական ազդեցություն ունենալ ադրբեջանցիների վրա։
«Դրոշները բարձրացնելու որոշումը կայացվել է տնօրենների խորհրդում երկարատև քննարկումներից հետո։ Մենք դրոշները բարձրացնելով արձանագրում ենք մեր որոշումը, որ մենք այստեղից տեղ չենք գնալու և շարունակելու ենք գործարանի կառուցումը։ Մեզ այս տեղում լինելու, գործունեություն ծավալելու, որևէ բան կառուցելու և չկառուցելու, համաձայնվելու և չհամաձայնվելու միակ օբյեկտը Հայաստանի Հանրապետությունն է, և Հայաստանից մենք ունենք այդ թույլատրությունն ու ցանկությունը, օրենքով սահմանված բոլոր փաստաթղթերը՝ այստեղ կառուցելու գործարանը», - նշեց նա։
Տիրան Հակոբյանն ասաց, որ գործարանի շինարարական աշխատանքներն այսօրվանից վերսկսվել են և կշարունակվեն՝ անկախ կրակել-չկրկելուց. «Այս տարածքում պետք է կառուցենք գործարանը։ Կրակելուց հետո ինչ-որ մի պահի հասկանալու են, որ չենք գնալու, խաղի այդ կանոններով չենք խաղալու»։
Նրա խոսքով, գրեթե ամեն օր էլ ադրբեջանական կողմը կրակում է, թիրախավորում են շինարարական տեխնիկան, կարծում է երկու պատճառով՝ վախեցնել և տեխնիկան շարքից հանել։
Գործարանի տնօրենն ասաց, որ նախատեսվում է շինարարական աշխատանքների ավարտն այս տարվա վերջ։ Նա ընդգծեց, որ իրենք մետալուրգիական գործարան չեն սարքում, մետաղաձուլարան են կառուցում, այսինքն հանքահումքային գործունեություն չեն ծավալում։
Հարցին, եթե թշնամին շարունակի կրակել, ընկերությունը կդիմի՞ ԱՄՆ իշխանությունների ուղիղ միջամտությանը, Տ.Հակոբյանն ասաց, որ ԱՄՆ ներկայացուցիչների հետ առաջին կրակոցից սկսած ուղիղ կապի մեջ են, տեղյակ են ամբողջ պրոցեսին, կարծում է՝ համապատասխան հետևություններ, գործողություններ արվում են։
Հիշեցնենք՝ հունիսի 14-ին ժամը 11:45-ի սահմաններում Ադրբեջանը կրակ էր բացել Երասխում օտարերկրյա ներդրումների միջոցով կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ, ինչի հետևանքով վիրավորում են ստացել օտարերկրյա 2 քաղաքացի։ Նրանք ազգությամբ հնդիներ էին։ Վիրավորները տեղափոխվել էին Արարատի բժշկական կենտրոն, վիրահատվել էին։
Այսօր տնօրենն ասաց, որ վիրավոր քաղաքացիները դեռ գտնվում են բժշկական կենտրոնում, ամեն ինչ նորմալ է նրանց մոտ, առողջացման ընթացքի մեջ են։
Ըստ նրա, ադրբեջանցիները թիրախավորում են բոլոր հնարավոր միավորները, որոնք տնտեսական հզորություն են բերելու Հայաստանին։
Հարակից հրապարակումներ`
- Ադրբեջանը կրակել է Երասխում կառուցվող մետալուրգիական գործարանի ուղղությամբ. ՊՆ
- Ադրբեջանը կրակել է Սոթքի և Երասխի հայկական դիրքերի ուղղությամբ․ ՊՆ
- Ադրբեջանի կողմից Երասխի ուղղությամբ կրակոցներից հետո Ֆրանսիան դեէսկալացիայի և խաղաղ բնակչությանը պաշտպանելու կոչ է արել
- Երասխ են այցելել Հայաստանում հավատարմագրված միջազգային դիվանագիտական կորպուսի ներկայացուցիչները
- Ի պատասխան Երասխում մետաղաձուլարանի վերաբերյալ Ադրբեջանի հայտարարության
- Ինչո՞ւ հենց Երասխ
- ԵՄ դիտորդներն այցելել են Երասխի մետալուրգիական գործարանի կառուցման տարածք․ Կոստանյան
- Երասխում Ադրբեջանի կրակոցներից վիրավորված օտարերկրացիները վիրահատվել են
- ՊՆ հրապարակել է Երասխում վիրավորվում ստացածների անունները