«Ժողովուրդ». ՔՊ քաղաքական ժողովին մասնակցում էին նաև անկուսակցական նախարարներն ու փոխվարչապետերը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ-ի պաշտոնական կայքում հրապարակված լուսանկարներում նկատեց, որ կուսակցական-քաղաքական ժողովին ներկա են եղել ոչ միայն պատգամավորները, ՔՊ-ական մարզպետները, այլ նաև գործադիրը՝ իր ողջ կազմով:
Բացի ՔՊ անդամ նախարարներ Սուրեն Պապիկյանից, Արարատ Միրզոյանից, Վահե Հովհաննիսյանից, Գնել Սանոսյանից, Հակոբ Սիմիդյանից և Արմեն Փամբուխչյանից, ՔՊ քաղաքական ժողովին մասնակցում էին նաև առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյանը, աշխատանքի և սոցիալական հարցերի նախարար Նարեկ Մկրտչյանը, էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանը, ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, որոնք ՔՊ անդամ չեն:
Ենթադրվում է, որ կուսակցական հարցերը պետք է որ նրանց չառնչվեին, բայց, արի ու տես, ոչ կուսակցական նախարարները ևս ակտիվորեն նեգրավված են ներկուսակցական աշխատանքներում:
«Ժողովուրդ» օրաթերթը գրել էր, որ քաղաքական ժողովի օրակարգում հիմնականում ներկուսակցական հարցեր են եղել և ավագանու առաջիկա ընտրություններին մասնակցության հարցեր: Հավանաբար, ՔՊ-ում այնքան մարտական են տրամադրված, որ որոշել են ռեսուրս չխնայել ու իրենց թեկնածուի քարոզարշավի աշխատանքներում ներգրավել, օրինակ, ոչ ՔՊ անդամ Անահիտ Ավանեսյանին կամ Վահան Քերոբյանին:
«Ժողովուրդ» օրաթերթի աչքից չվրիպեց նաև, որ ՔՊ քաղաքական ժողովին մասնակցում են նաև փոխվարչապետներ Տիգրան Խաչատրյանը և Մհեր Գրիգորյանը:
«Ժողովուրդ» օրաթերթը ՔՊ վարչության փոխնախագահ Գևորգ Պապոյանից հետաքրքրվեց՝ ինչու են անկուսակցական փոխվարչապետները մասնակցել կուսակցության քաղաքական ժողովին, ինչ առնչություն ունեն նրանք ներկուսակցական հարցերի հետ։
«Մեր կանոնադրության համաձայն՝ քաղաքական ժողովին մասնակցում են կոնկրետ մարդիկ. կան պաշտոններ, որոնց համապատասխանող անձինք մասնակցում են ժողովին, և կան հրավիրյալներ, որոնց որոշում է կուսակցության վարչությունը: Այս պարագայում պարոն Գրիգորյանը և պարոն Խաչատրյանը քաղաքական ժողովին մասնակցել են որպես հրավիրյալներ: Կարծում եմ՝ հարց չպետք է առաջանա, քանի որ նրանք երկուսն էլ քաղաքական պաշտոններ են զբաղեցնում ու կարող էին հրավիրվել: Քաղաքական ժողովին բոլոր հրավիրվածները քաղաքական պաշտոն են զբաղեցնում»,-ասաց Պապոյանը»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները