Հին Շենի ծանր հիվանդություն ունեցող բնակիչները զրկված են բուժհաստատություններ տեղափոխվելու հնարավորությունից
Շուշիի շրջանի կրկնակի շրջափակման մեջ հայտնված Հին Շեն համայնքում նույնիսկ ծանր հիվանդություն ունեցող բնակիչները զրկված են բուժհաստատություններ տեղափոխվելու և համապատասխան բուժօգնություն ստանալու հնարավորությունից։ Այս մասին «Արցախպրեսի» հետ զրույցում նշել է Հին Շեն համայնքի ղեկավար Սամվել Սարգսյանը:
«Մինչև երկկողմանի շրջափակումը, պետնախարարի հետ համաձայնեցնելով, պետք է ծանր հիվանդություն ունեցող անձանց ռուս խաղաղապահների ուղեկցությամբ տեղափոխեինք համապատասխան բուժհաստատություններ, ինչը, սակայն, վերջին դեպքերի պատճառով անհնար է դարձել»,- մանրամասնել է համայնքապետը:
Նրա խոսքով, այժմ գյուղում առկա է առաջին անհրաժեշտության դեղորայք որոշակի չափաքանակով, որը կարողացել էին ձեռք բերել մինչև կրկնակի շրջափակումը:
«Այս պահի դրությամբ համայնքում առկա են նաև ալյուր, շաքարավազ, բանջարեղեն: Շուտով Կարմիր Խաչի օգնությամբ նորից պարենամթերք կբերվի։ Արդեն հասունացել են մրգերի որոշ տեսակներ: Մեկ ամիսը կօգտագործենք նաև մեր մշակած բանջարեղենը»,- ասել է մեր զրուցակիցը՝ հավելելով, որ այս տարի ավելացրել են մի շարք մշակաբույսերի՝ այդ թվում կարտոֆիլի ու կանաչեղենի ցանքսը: Պարենային պաշարը ինչ-որ չափով էլ կարողանում են համալրել անասնապահությունից ստացած մթերքով:
Համայնքապետը մտահոգիչ է համարել նաև հինշենցի ուսանողուհու հետ կապված խնդիրը, ով շրջափակման պատճառով չի կարողացել գյուղից վերադառնալ մայրաքաղաք՝ մասնակցելու գոնե քննաշրջանին:
Հարակից հրապարակումներ`
- Բեգլարյան. Սա՞ է «ազատ տեղաշարժի» իրենց երաշխիքը, որ այդքան խաբում են աշխարհին, թե իբր շրջափակում չկա
- Սպասենք Մոսկվայի պաշտոնական արձագանքին. Կոստանյանը՝ Հակարի կամրջի վրա տեղի ունեցած միջադեպի մասին
- ԱԳՆ․ Հակարի կամրջի մոտ ռուս խաղաղապահների ներգրավվածությամբ տեղի ունեցած միջադեպի կապակցությամբ ՀՀ-ում ՌԴ դեսպանը կանչվել է ՀՀ ԱԳՆ
- Հրապարակվել է Հակարի կամրջի հատվածում թշնամու զինծառայողների սադրանքի տեսանյութը
- Կյանքի ճանապարհի շրջափակման պայմաններում Արցախի բժիշկները վերապատրաստվում են հեռավար
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին