Ինչու է Փաշինյանը ԼՂ հարցի բանակցությունները սկսել իր սեփական կետից
2020 թվականի սեպտեմբերի 27-ին սանձազերծված ռազմական գործողությունների հանգամանքների ուսումնասիրման նպատակով ստեղծված ԱԺ քննիչ հանձնաժողովի նիստում Նիկոլ Փաշինյանը մեկնաբանեց իր՝ 2018 թվականին արած մի հայտարարություն, որ ԼՂ հարցի բանակցությունները սկսում է իր սեփական կետից. «Այդ հարցի ամփոփ պատասխանը հետևյալն է. 2018թ․ մայիսի դրությամբ ինձ համար սեփական կետից չսկսելու երկու հնարավոր տարբերակ կար։ Առաջին տարբերակ․ Ադրբեջանը փաստացի պիտի ճանաչեր ԼՂ միջանկյալ կարգավիճակը Կազանյան տրամաբանությամբ։ Նման բան տեղի ունենալ չէր կարող, որովհետև ինչու պիտի Ադրբեջանն ընդուներ մի բան, որ դեռ 7 տարի առաջ մերժել էր ու դրա մերժումն ապահովելու համար սկսել ու չէր ավարտել Ապրիլյան քառօրյա պատերազմը։
Տարբերակ երկու․ ես պետք է ոչ միայն ԼՂ-ն ճանաչեի Ադրբեջանի մաս, այլև պիտի համաձայնեի ոչ միայն ԼՂ-ի ու Հայաստանի շուրջ հաստատված ստատուս-քվոյին, այլև հենց բուն ԼՂ-ում, ներսում առկա ստատուս-քվոյի ապամոնտաժմանը։ Նման բան նաև այսօրվա տեսակետից անհնար է պատկերացնել»:
Փաշինյանը նաև հիշեցրեց ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի խոսքերը, որն ասել էր, թե ապրիլյան պատերազմը և անակնկալ էր, և անակնկալ չէր այն առումով, որ շատ դեպքերում մարդիկ գրեթե համոզված են ինչ-որ բանում, բայց ներսում հույս են փայփայում, որ հակառակորդը կամ գործընկերը կղեկավարվի առողջ տրամաբանությամբ ու չի գնա քայլերի, որոնք վնասակար են երկու կողմերի համար էլ։
«Մենք երբեք չպետք է հույս փայփայենք, որ Ադրբեջանի ղեկավարությունը թողնելու է իր ուխտադրուժ մոտեցումները, թողնելու է իր ցանկությունը՝ ուժով լուծելու ԼՂ հիմնախնդիրը», - Սերժ Սարգսյանի խոսքերը մեջբերեց Փաշինյանը՝ հիշեցնելով, որ այս հայտարարություններ անելուց 5 օր անց Սարգսյանը հրաժարական տվեց «ժողովրդական հեղափոխության ճնշման ներքո»։
44-օրյա պատերազմն ուսումնասիրող հանձնաժողովի նիստը կշարունակվի հունիսի 27-ին: Նիկոլ Փաշինյանն այդ օրը կպատասխանի հանձնաժողովի անդամների հարցերին:
Հարակից հրապարակումներ`
- 44-օրյա պատերազմը կարող էր տեղի չունենար, եթե ԼՂ հարցը լուծվեր նախորդ 25 տարիների ընթացքում. Փաշինյան
- Տեր-Պետրոսյանի հոդվածը Ղարաբաղի հարցում մեր խճճվածությունն ամրացնող հերթական հանգույցն էր. Փաշինյան
- Նոյեմբերի 9-ի առավոտյան ստորագրեցի, հետո պարզվեց՝ առավոտյան իմ ստորագրած տեքստն այլևս ուժի մեջ չէ. Փաշինյան
- Փաշինյան. Նոյեմբերի 9-ի հայտարարությունից 1-2 օր անց, երբ վերադարձա լիարժեք աշխատանքի, ինձ ասացին՝ Շուշիում ոչ մի զինվոր չունենք
- Փաշինյան. Ինչու պատերազմը կանգ առավ հենց նոյեմբերի 9-ին
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները