«Կասպերսկի». Աշխարհում նկատվում է համակարգիչների օգտատերերի վրա գրոհների քանակի նվազման միտում
«Կասպերսկի» ընկերության լուծումները 2023-ի առաջին եռամսյակում կանխել են բանկային հաշիվներից դրամական միջոցներ գողանալու համար նախատեսված մեկ կամ մի քանի վնասաբեր ծրագրերի գործարկումը 106 863 եզակի օգտատերերի համակարգիչներում այն դեպքում, երբ 2022-ի հունվար-մարտին դրանք հայտնաբերվել են 107 848 եզակի օգտատերերի համակարգիչներում։ Եթե ընթացիկ տարվա առաջին եռամսյակում վնասաբեր ֆինանսական ծրագրերի գրոհներին ամենաշատը ենթարկվել են Թուրքմենստանի (օգտատերերի 4,7%), Աֆղանստանի (4,6%) և Պարագվայի (2,8%) համակարգիչների օգտատերերը, ապա մեկ տարի առաջ այդ ցանկը գլխավորում էին նույն երկու երկրները, համապատասխանաբար, 4,5% և 4,0% ցուցանիշներով, իսկ ահա երրորդ տեղում Տաջիկստանն էր (3,9%):
Ընկերության տվյալներով՝ 2023-ի առաջին եռամսյակում հայտնաբերվել է ծածկագրիչների 9 նոր ընտանիք և այդ տեսակի վնասաբեր ծրագրերի 3089 նոր մոդիֆիկացիա՝ նախորդ տարվա նույն ժամանակահատվածի 8 նոր ընտանիքի և 3083 նոր մոդիֆիկացիայի դիմաց։ Ընթացիկ տարվա առաջին երեք ամիսներին «Կասպերսկի» ընկերության պրոդուկտներն ու տեխնոլոգիաները ծածկագրիչների գրոհներից պաշտպանել են 60 900 օգտատիրոջ, իսկ անցյալ տարվա նույն ամիսներին՝ 74 694: 2022-ի առաջին եռամսյակում ծածկագրիչների գրոհների ամենաշատը ենթարկված երկրների եռյակում եղել են Բանգլադեշը (2,08%), Եմենը (1,52%) և Մոզամբիկը (0,82%), իսկ այս տարի Եմենը (1,50%) և Բանգլադեշը (1,47%) փոխվել են տեղերով, և Թայվանը (0,65%) եզրափակել է եռյակը։
Ընկերության փորձագետները գրանցել են թաքնված կրիպտոմայներների ակտիվության անկում։ Այսպես, ընթացիկ տարվա հունվար-մարտին հայտնաբերվել են մայներների ընդամենը 1733 նոր մոդիֆիկացիաներ՝ նախորդ տարվա 21 282-ի դիմաց, ինչպես նաև 403 211 եզակի օգտատերերի համակարգիչների վրա մայներների օգտագործմամբ գրոհներ՝ 2022 թվականի առաջին եռամսյակի 508 449 եզակի օգտատերերի դիմաց։ 2023-ի նույն ժամանակահատվածում նման գրոհների բախված օգտատերերի ամենամեծ մասնաբաժինը եղել է Տաջիկստանում (2,87%), Ղազախստանում (2,52%) և Ուզբեկստանում (2,30%), իսկ մեկ տարի առաջ՝ Եթովպիայում (3,01%), Տաջիկստանում (2,60%) և Ռուանդայում (2,45%)։
Անկում է նկատվում նաև ինտերնետի միջոցով գրոհող (վեբ-գրոհներ) չարագործների գործունեության մեջ. 2023-ի առաջին եռամսյակում «Կասպերսկի» ընկերության լուծումները հետ են մղել 865 071 227 գրոհ, որոնք իրականացվել են ամբողջ աշխարհում տեղակայված ինտերնետ-ռեսուրսներից: Գրանցվել է 246 912 694 եզակի URL, որոնց հակազդելու համար գործարկվել է վեբ-հակավիրուսը: Նախորդ տարվա առաջին եռամսյակում հետ է մղվել 1 216 350 437 գրոհ և արձանագրվել 313 164 030 եզակի URL: Այս տարվա հունվար-մարտին ինտերնետի միջոցով գրոհների ամենաշատը ենթարկվել են Թուրքիայում (16,88%), Թայվանում (16,01%) և Ալժիրում (15,95%) գտնվող օգտատերերը, իսկ մեկ տարի առաջ Թայվանը (22,63%) առաջին տեղում էր, Թունիսը (21,57%)՝ երկրորդում, Ալժիրի դիրքը (16,41%) նույնն էր:
Ինչ վերաբերում է տեղային սպառնալիքներին (վնասակար ծրագրեր, որոնք հայտնաբերվել են անմիջապես օգտատերերի համակարգիչներում կամ դրանց միացված հանովի կրիչներում, կամ ի սկզբանե հայտնվել են համակարգչում ոչ բաց տեսքով, օրինակ՝ ծրագրեր բարդ ինստալյատորների կազմում, ծածկագրված ֆայլեր), ապա 2023-ի առաջին եռամսյակում ընկերության ֆայլային հակավիրուսը գրանցել է 43 827 839 վնասաբեր և հնարավոր անցանկալի օբյեկտ, իսկ մեկ տարի առաջ՝ 58 989 058։ Տեղային սպառնալիքների գրոհների ենթարկված օգտատերերի ամենամեծ մասնաբաժին ունեցող երկրների ցանկի առաջին երկու տեղերն անփոփոխ զբաղեցրել են Եմենը (45,38%՝ 2023-ի առաջին եռամսյակում և 48,38%՝ 2022-ի) և Թուրքմենստանը (44,68% և 47,53%), իսկ երրորդ տեղը Տաջիկստանը (46,88%) զիջել Է Աֆղանստանին (43,64%)։
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան