«Ազատազէն»-ի թիմբիլդինգի գործընկերը. «Հույս ունենք, այն վարակիչ կլինի մյուս գործատուների համար»
Հայաստանում զենք կրելու ու կիրառելու մշակույթի զարգացման նպատակով «Ազատազէն» հասարակական կազմակերպությունն իրականացնում է թիմբիլդինգներ:
«Ազատազէն»-ի նպատակն է Հայաստանում ոչ միայն զենք կրելու և կիրառելու մշակույթի, այլև զինագործության զարգացումը, զենք ձեռք բերելու, կրելու և կիրառելու օրենսդրական հիմքերի բարելավումը։ Նման նախաձեռնություններին ավելի մեծ թափ հաղորդելու համար ՀԿ-ն քայլեր է անում Հայաստանի առաջատար ու հեղինակային ընկերությունների հետ համագործակցության ուղղությամբ: «TotoGaming-ը մեծ պատրաստակամությամբ է արձագանքել համագործակցության առաջարկին՝ բյուջե տրամադրելով թիմբիլդինգներ անցկացնելու համար», - ասաց «Ազատազէն» ՀԿ խորհրդի նախագահ Իշխան Գևորգյանը։
Տրամադրված բյուջեն կազմել է 10․000․000 դրամ, սա մինչև այսօր «Ազատազէն» հասարակական կազմակերպությանը տրամադրված ամենախոշոր ներդրումներից է։ Քաղաքացիական հրաձգարանում ընկերության աշխատակիցների միջև անցկացվեցին մրցույթային խրամատային պարապմունքներ նախ լազեր-թագ զենքերով, ապա նաև Հայաստանի զինված ուժերում առկա ակոսավոր զենքերով ստուգեցին նրան կրակային պատրաստությունը: Արդյունքները գոհացուցիչ էին։
Ընկերության աշխատակիցները մեկ օր անցկացրեցին Երևանից քիչ հեռու գտնվող քաղաքացիական հրաձգարանում: Նրանք բաժանվեցին երկու պայմանական թիմերի և խաղարկեցին մարտական դիրքի գրավման սցենար: Թիմի անդամները նաև էստաֆետային մրցույթների մասնակցեցին, առաջին հորիզոնականները զբաղեցրած մասնակիցները ստացան նվերներ «Ազատազէն»-ից։
Կազմակերպությունը ստեղծվել է պատերազմից հետո, որպեսզի Հայաստանում մեկ մեծ քաղաքացիական հրաձգարան լինի: Մինչ այդ կազմակերպության անդամները մարզվել են սարերում և ձորերում, պատերազմել են այնտեղ ստացած գիտելիքներով: ՀԿ-ում համարում են, որ անզեն հայ լինելը նորմալ չէ։
«Ինչպես մարդը խաչ է կրում՝ քրիստոնեա է, կամ ամուսնական մատանի՝ ամուսնացած է, այնպես էլ եթե հայ է, պետք է զենք ունենա, և դա է այն ճանապարհը, որով կարող ենք արժանապատիվ խաղաղություն ունենալ:
Շատ կարևոր է, որ ազգի լայն շետերը հասանելիություն ունենան զենքին։ Վերջին պատերազմը փաստեց, որ մասնակիցների մեծամասնությունը տասնամյակներով չէր կրակել: 44-օրյա պատերազմի ժամանակ նույնիսկ բանակում ծառայածները բողոքում էին, որ մոռացել են զենքից օգտվելու տարրական հմտությունները։
ՀԿ-ում համարում են, որ թիմիբլդինգների ձևաչափը շատ արդյունավետ է:
«Այսօր ընկերության աշխատակիցները մարզվելու են նույն զենքերով, ինչով մենք պատերազմում էինք, և այստեղ ստացած գիտելիքներն անհրաժեշտության դեպքում կիրառելու են պատերազմում։ Շատ գովելի է, որ TotoGaming ընկերությունն առաջին արձագանքողներից է եղել՝ իր թիմի համար կարևորելով այդ գիտելիքները։ Ցանկալի է, որ այն վարակիչ լինի նաև մյուս ընկերությունների համար»,-ասաց «Ազատազէն» ՀԿ-ի խորհրդի նախագահ Իշխան Գևորգյանը:
Գևորգյանն ընդգծեց՝ հասրարակության շրջանում զենքի տիրապետման հմտությունները զարգացնելու գործում շատ կարևոր է, որ քաղաքացին ինքը հասկանա և գա այն գիտակցությանը՝ այն իրեն պետք է:
«Թիմբիլդինգն «Ազատազէն»-ի հետ համագործակցելու տարբերակներից մեկն է: TotoGaming-ի տրամադրած միջոցների մի մասը ծախսվելու է իր թիմի մարզումների համար, մյուս մասը հատկացվելու է ՀԿ-ի անդամների ուժեղացման վրա: Մենք ունենք դիպուկահարների, արագ արձագանքման թիմեր, նրանց մարզման համար միջոցներ են հարկավոր։ Ընկերությունն այս քայլով նպաստեց, որ կրակային պատրաստվածություն ունեցող հայերի մեկ խումբ ավել ունենանք, քան երեկ էր»,-ասաց «Ազատազէն» ՀԿ-ի խորհրդի նախագահը:
Թիմբիլդինգի մասնակից, մարկետինգի, միջոցառումների և տպագիր գովազդի արտադրության մասնագետ Սիրանուշ Դավթյանը խոստովանեց՝ շաբաթ օրով վաղ առավոտյան անկողնուց դուրս գալն իր համար չափազանց դժվար է, բայց նման նախաձեռնության համար միանշանակ արժեր։
«Այս հնարավորությունն ինձ տվել է իմ շատ սիրելի թիմը, որի հիմքում երկու շատ կարևոր բաղադրիչ է ընկած։ Առաջինը՝ մեր ընկերությունը չէր կարող անմասն մնալ մի ծրագրից, որը կապ ունի սպորտի հետ, երկրորդը՝ սոցիալական պատասխանատվության մեծ զգացումն է։ Ես ինքս սյունեցի եմ և կարծում եմ, որ ներկա իրականությունում յուրաքանչյուրս՝ անկախ սեռից, պարտավոր ենք իմանալ նվազագույնը ռազմական գործի մասին: Ծառայելու ենք, թե ոչ, միևնույն է՝ դա ոչ մեկին չի ազատում այդ գիտելիքներին տիրապետելու պարտավորությունից:
Թիմբիլդինգի ընթացքում ցանկանում եմ նվազագույն գիտելիքներ ձեռք բերել զենքին տիրապետելու առումով և պատկերացնել, թե խաղաղ կամ, Աստված մի արասցե, ոչ խաղաղ պայմաններում ինչ օգտակար բան կարող է անել հայ կինը»,-ասաց Սիրանուշ Դավթյանը:
Թիմբիլդինգի մեկ այլ մասնակից էլ՝ ընկերության սպորտի պրոդուկտ-մարկետինգի մենեջեր Մխիթար Կաֆյանն էլ նշեց թիմային աշխատանքի կարևորության մասին։
«Այստեղ թիմի միասնականության հարցն է, ինչքան միասնական լինենք, այնքան լավ ենք խաղալու։ Մեր ընկերությունը միշտ սպորտի կողքին և դա բազմիցս ապացուցել է ոչ միայն խոսքով, այլև գործով: Սա հերթական նախաձեռնությունն է, որին ոչ միայն աջակցում ենք, այլև ինքներս մասնակցում ենք։ Մեր թիմն ուզում է ցույց տալ, որ սոցիալական պատասխանատվության մի մասն է «Ազատազէն»-ի կողքին լինելը»,-ասաց Մխիթար Կաֆյանը՝ ընդգծելով, որ իրականացվող կարևոր գործի կողիքն պետք է լինեն թե ընկերությունները, թե անհատները։
«Ազատազէն» ՀԿ-ի խորհրդի ղեկավար Իշխան Գևորգյանը հույս հայտնեց, որ ընկերության հետ այս համագործակցությունը լավ օրինակ կլինի մյուս գործատուների համար, ինչը հնարավորություն կտա տարբեր կազմակերպությունների աշխատակիցների համար կազմակերպել հետաքրքիր, բայց նաև ռազմակրթական թիմբիլդինգներ։
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին