ԲԴԽ նախագահը ցանկանում է որքան հնարավոր է շուտ, թեկուզ օրենքի խախտումներով, կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորներին. Պետրոսյան
Բարձրագույն դատական խորհրդի նիստում այսօր շարունակվում է Սնանկության դատարանի դատավոր Սամվել Թադևոսյանին, Վերաքննիչ քաղաքացիական դատարանի դատավոր Աստղիկ Խառատյանին, Վճռաբեկ դատարանի քաղաքացիական պալատի դատավորներ Արտակ Բարսեղյանին և Տիգրան Պետրոսյանին կարգապահական պատասխանատվության ենթարկելու հարցի վերաբերյալ արդարադատության նախարարի պարտականությունները կարող Լևոն Բալյանի միջնորդության քննարկումը։
Ինչպես նախորդ նիստին, այս անգամ էլ Արտակ Բարսեղյանը միջնորդություն է ներկայացրել՝ կապված առողջական վիճակի հետ. նա նշել է, որ, հաշվի առնելով հանգամանքը, որ բուժումը շարունակում է, մինչև հունիսի 23-ը ներառյալ հետաձգել միջնորդության քննությունը, որպեսզի անձամբ կարողանա ներկայացնել շահերը ԲԴԽ-ում։
Հիշեցնենք, որ նախորդ նիստին՝ հունիսի 19-ին, նա միջնորդել էր հետաձգել նիստը 7 օրով, որպեսզի ապաքինվի ու անձամբ ներկայացնի իր շահերը Բարձրագույն դատական խորհրդի նիստում։ ԲԴԽ-ն այդ միջնորդությունը բավարարել էր մասնակի, դատական նիստը նշանակել այսօր՝ հունիսի 21-ին։
Այսօրվա նիստի ընթացքում Աստղիկ Խառատյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ Մարդու իրավունքների կոնվենցիայի 6-րդ հոդվածի համաձայն՝ բավարար ժամանակ է տրվում պաշտպանություն կազմակերպելու համար, առնվազն 5 օրն է համարվում ողջամիտ պաշտպանությունը կազմակերպելու համար։
«Խնդրում եմ այս տեսանկյունից բավարար ժամանակ և հնարավորություն պաշտպանությունը կազմակերպելու համար»,- ասաց Ս. Սահակյանը։
Խորհուրդը խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ հայտարարեց, որ Ա. Բարսեղյանի միջնորդությունն ամբողջությամբ մերժվում է, նիստը շարունակվում է։
Այնուհետև դատավոր Տիգրան Պետրոսյանը ԲԴԽ նախագահ Կարեն Անդրեասյանին բացարկի միջնորդություն ներկայացրեց։
Տիգրան Պետրոսյանն ասաց, որ անհասկանալի է մարդու իրավունքների կոպիտ խախտումներով սույն վարույթն ամենակարճ ժամկետում ավարտին հասցնելու ԲԴԽ-ի և ԲԴԽ նախագահի գործողությունները։
«Դատավոր Արտակ Բարսեղյանը ցանկություն է հայտնել անձամբ մասնակցել դատական նիստին ու պաշտպանել իր շահերը։ Այդ իրավունքն իրականացնելու համար դատավորի ներկայացրած միջնորդությունը որևէ կերպ չի կարող որակվել որպես իրավունքի չարաշահում։ Վարույթի ընթացքը 7 օրով հետաձգելը դեռևս վարույթի տևողության, ավելի քան երկու ամիս ժամկետի առկայության պայմաններում, որևէ նշանակություն չի կարող ունենալ սույն վարույթի ընթացքը ձգձգելու առումով, քանի որ այդ ժամկետն ողջամիտ է, հիմնավորված է համապատասխան բժշկական փաստաթղթով։
Մարդու իրավունքների կոպիտ խախտում լինելուց բացի, ԲԴԽ-ի և նրա նախագահի գործողությունները նաև ծայրահեղ անմարդկային բնույթ են կրում, դատավորի նկատմամբ դրսևորվում է նվաստացվող վերաբերմունք՝ ակնարկելով, թե նրա նշած 7-օրյա ժամկետն ողջամիտ չէ, հիվանդությունն իբր իրական չէ, միայն պատրվակ է սույն վարույթի ընթացքը ձգձգելու համար։ Ձեր այս վարքագիծը ևս մեկ անգամ վկայում է այն մասին, որ կանխակալ վերաբերմունք ունենք ոչ միայն դատավոր Բարսեղյանի նկատմամբ, նաև դատավոր Պետրոսյանի նկատմամբ՝ հաշի առնելով, որ վճռաբեկ դատարանի դատավորներին վերաբերվում է միևնույն կարգապահական խախտումը և նրանց վարույթները դրանց կասեցման հիմքերի բացակայության պայմաններում չեն կարող իրականացվել միմյանցից անջատ։ Այդ վերաբերմունքը դրսևորվում է նրանով, որ դուք ևս մեկ անգամ ակնհայտ եք դարձնում ձեր ցակությունը, որքան հնարավոր է շուտ, թեկուզ և օրենքի կոպիտ խախտումներով, կարգապահական պատասխանատվության ենթարկել դատավորներին։
Վերոնշյալ հանգամանքը հաշվի առնելով՝ «Դատական օրենսգիրք» սահմանադարական օրենքի 71-րդ հոդվածի 1-ի մասին և 2-րդ մասի 1-ին կետի համաձայն դատավորին ինքնաբացարկ հայտնելու հիմք է»,- ասաց Պետրոսյանը։
Աստղիկ Խառատյանի ներկայացուցիչ Սիրանուշ Սահակյանն ասաց, որ ամբողջությամբ միանում է այս միջնորդությանը, ԲԴԽ-ն գործում է կամայական և խտրական։
ԲԴԽ-ն կրկին հեռացավ խորհրդակցական սենյակ։ Վերադառնալով՝ հայտարարեցին, որ խորհուրդը որոշել է բացարկի մասին միջնորդությունը մերժել։
Հիշեցնենք, որ վարույթի հիմքում ՄԻԵԴ վճիռներից մեկն է. նախարարը միջնորդել է դատավորներին պատժել 2009 թվականին, այսինքն՝ 14 տարի առաջ կայացված դատական ակտերի համար՝««Շոլց ԱԳ» ընկերությունն ընդդեմ Հայաստանի» 2019թ հունվարի 24-ին հրապարակված ՄԻԵԴ վճռի հիման վրա։
Հարակից հրապարակումներ`
- Չեք դրսևորել քաղաքական զսպվածություն և չեզոքություն. Դատավորը՝ ԲԴԽ նախագահին
- Իմ նկատմամբ ձեր կողմնակալ վերաբերմունքի իրական պատճառը հայտնի է միայն ձեզ. դատավոր Պետրոսյանը՝ ԲԴԽ նախագահին
- ԲԴԽ-ն ԱՆ պահանջով 4 դատավորի պատասխանատվության ենթարկելու գործն է քննում
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան