Թբիլիսիի և Բաքվիի միջև վերսկսվել են սահմանազատման և սահմանագծման շուրջ քննարկումները
«Սահմանազատման և սահմանագծման շուրջ պաշտոնական քննարկումները Բաքվի և Թբիլիսիի միջև վերսկսվել են», – Jnews-ի հաղորդմամբ, այս մասին հայտնում է Վրատանի արտաքին գործերի նախարարությունը:
Գերատեսչության փոխանցմամբ, թեման քննարկվել է հունիսի 19-ին Թբիլիսիում՝ երկկողմ վրաց-ադրբեջանական քաղաքական խորհրդակցությունների ընթացքում։ Դրանց մասնակցել են երկու երկրների փոխարտգործնախարարներ Լաշա Դարսալիան և Խալաֆ Խալաֆովը։
«Բանակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են դեմարկացիայի և դելիմիտացիայի պետական հանձնաժողովի նոր նիստի անցկացման հեռանկարներին», – հայտնում է Վրաստանի արտաքին գործերի նախարարությունը։
Սահմանազատման շուրջ բանակցությունները երկու երկրների միջև դադարեցվել էին 2020-ին, այն բանից հետո, երբ Վրաստանի դատախազությունը քրեական գործ էր հարուցել դեմարկացիայի և դելիմիտացիայի հարցերով զբաղվող պետական հանձնաժողովի երկու վրացի փորձագետների դեմ։
Իրավապահները պնդում էին, որ քարտեզագիրները, ադրբեջանական կողմի հետ քննարկումների ընթացքում, միտումնավոր կերպով սխալ քարտեզներից են օգտվել, ինչի հետևանքով միջնադարյան «Դավիթ Գարեջի» վանական համալիրի մի մասն անցել է հարևան երկրին։