Նրանք, ովքեր ուզում են քաղաքացիական ֆորմատով պայքարել, հենց այդ առումով «ՀայաՔվե»-ն օգտակար է. Մենուա Սողոմոնյան
«Մենք մինչև օգոստոսի 19-ը ժամանակ ունենք հավաքելու 50 հազար ստորագրություն։ Հետո մենք դա կներկայացնենք Ազգային ժողով։ Դրանից հետո, կախված նրանից, թե ինչ պրոցես կընթանա, կարծում եմ, կարող է ազդել իրադարձությունների հիմնական ընթացքի վրա»,- «Ինչքա՞ն ժամանակ ունենք» քննարկմանն ասաց «ՀայաՔվե» նախաձեռնող խմբի անդամ Մենուա Սողոմոնյանը։
Նա նշեց, որ իրենք քարոզարշավ են իրականացնելու, ունենալու են բակային հանդիպումներ։
«Այս ամեն ինչը ստեղծում է նաև աղմուկ, համախմբում, որն, անկասկած, միտված է մեր ծրագիր մինիմումին՝ հակաարցախյան փաստաթղթի ստորագրության կանխումը հանրային քաղաքացիական դիմադրություն ստեղծելով»,-ասաց Սողոմոնյանը։
Նրա խոսքով, «ՀայաՔվե»-ի ստորագրությանը մասնակցած անձը պետք է ցուցաբերի նախաձեռնողականություն, այսինքն չսահմանափակվի միայն իր ստորագրությամբ, այլ իրազեկի իր հարազատներին, մարդկանց բերի այս գաղափարի շուրջ։
Մենուա Սողոմոնյանի ներկայացմամբ, «ՀայաՔվե»-ն քաղաքացիական օրենսդրական նախաձեռնություն է, որի նպատակն է Հայաստանի Քրեական օրենսգրքում երկու կետ ավելացնել. առաջին՝ ՀՀ անունից հանդես եկող պետական պաշտոնյան, ով իր գործողությամբ Արցախը կճանաչի որևէ այլ պետության կազմում, տվյալ պարագայում, բնականաբար, նկատի ունենալով Ադրբեջանը, պատժվում է 10-15 տարվա ազատազրկման, երկրորդ՝ ՀՀ անունից հանդես եկող պետական պաշտոնյան, ով իր հայտարարությամբ, իր այլ գործողություններով կժխտի Հայոց ցեղասպանության իրողությունը կամ կնսեմացնի դրա պատմական նշանակությունն ու վտանգավորությունը, ևս պատժվում է 10-15 տարվա ազատազրկման։
«Սա Հայաստանի երրորդ հանրապետության մեջ առաջին անգամ է, երբ քաղաքացիներն իրենք են օրենք ստեղծում կամ գործող օրենքում փոփոխություն են իրականացնում։ Շատ կարևոր է, որ այս գործողությունը կոնկրետ կապված է 120 հազար մարդու փրկության, 120 հազար մարդու ճակատագրի հետ, մեր հայրենիքի այդ կարևոր հատվածը պահպանելու հետ»,- ասաց նա։
Նա տեղեկացրեց, որ Սահմանադրությունն ու Հանրաքվեի մասին օրենքը հնարավորություն է տալիս, որպեսզի իրենց առաջարկությունը մտնի ԱԺ ու քննարկվի, առաջին փուլում անհրաժեշտ է հավաքել 50 հազար ստորագրություն։ Նա հայտնեց, որ մոտ օրերս կհայտարարեն ու կսկսվի առաջին փուլը։
««ՀայաՔվե»-ն փոխլրացնող նախաձեռնություն է, ոչ մի կերպ չի հակադրվում մյուս շարժումներին ու կուսակցություններին, նրանք, ովքեր ուզում են քաղաքացիական ֆորմատով պայքարել, չեն ուզում մտնել ինչ-որ կուսակցության կազմ, հենց այդ առումով «ՀայաՔվե»-ն օգտակար է»,- ասաց Մենուա Սողոմոնյանը՝ հավելելով, որ եթե մարդ ստորագրում է, նշանակում է՝ նա վճռական է, պատրաստ է տեր կանգնելու իր ստորագրությանը։
Հարակից հրապարակումներ`
- ԿԸՀ կողմից հաստատվել է ՀայաՔվե նախաձեռնող խմբի դիմումը
- Չալաբյան. Այժմ նախաձեռնությունը թևակոխում է վճռական շրջան
- Մենուա Սողոմոնյան. Սա մնացած բոլոր գործընթացներին փոխլրացնող մի նախաձեռնություն է
- ԿԸՀ-ն ստացել է «ՀայաՔվե»-ի դիմում
- «Հայաքվեն» դիմում հանձեց ԿԸՀ. «Մենք ուզում ենք ապացուցել՝ ՀՀ-ում բնակչությունը չի աջակցում տարվող քաղաքականությունը»
- Մեր նպատակը Արցախն այլ պետության կազմ ընդգրկում ենթադրող փաստաթղթի ստորագրումը քրեականացումն է. Ավետիք Չալաբյան
- Չալաբյան. Այսօր եկել ենք մի հանգրվանի, որ փորձում են մեր հիմնարար իրավունքը խլել՝ մեր ազգային գոյության իրավունքը
- «Հայաքվե» նախաձեռնության մարզային քարոզարշավը մեկնարկել է Գյումրիից
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան