Եթե Ռուսաստանը որոշել է Ադրբեջանի կողմը լինել, ապա ժամանակն է այդ մասին ասել հրապարակավ․Նատալի Լուազո
Եվրոպական խորհրդարանի անվտանգության և պաշտպանության հարցերով ենթակոմիտեի նախագահ Նատալի Լուազոն, որի գլխավորած պատվիրակությունը Հայաստանում է, հանդես եկավ մամուլի ասուլիսով։ Պատասխանելով լրագրողների հարցին, Նատալի Լուազոն Լաչինի միջանցի իրավիճակի վերաբերյալ ասաց, որ գոյություն ունի արդադատության միջազգային դատարանի վճիռը, որը պետք է պատշաճ կատարվի։
«ԵԽ-ն ամբողջությամբ սատարում է փաստահավաք առաքելության գաղափարին և ողջունում է առհասարակ միջազգային ներկայության գաղափարը՝ լիաթոք պաշտպանելու համար Լեռնային Ղարաբաղի բնակչության իրավունքներն ու շահերը։ Մենք նաև կողմ ենք ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի բանաձև ընդունելուն և որքան շուտ, այդքան՝ լավ, եթե ՄԱԿ-ի եվրոպական անդամները նախապատրաստեն այդօրինակ բանաձևի նախագիծը։ Ես ուզում եմ նաև իմ զարմանքը հայտնել։ Գորիսի ճանապարհին՝ մինչև Լաչինի միջանցքի մուտքը, հանդիպեցինք ռուս խաղաղապահներին։ Ըստ 2020թ․-ի նոյեմբերի 9-ի հրադադարի համաձայնության՝ նրանց դերը ներառում է ԼՂ քաղաքացիական բնակչության պաշտպանությունը, ինչպես նաև անձանց և ապրանքների ազատ տեղաշարժի ապահովումը։ Առնվազն կարող եմ ասել, որ Լաչինի միջանցքի մուտքի մոտ մենք որևէ նման բանի ականատես չեղանք։ Ուստի կարող եմ միայն տարակուսանք հայտնել, թե ինչու նրանք այդ որոշումը չեն իրականացնում»,- ասաց Լուազոն։
Հարցին, թե ինչո՞ւ ԵՄ-ն պատժամիջոցներ չի կիրառում Ադրբեջանի դեմ և սահմանափակվում է միայն հայտարարությունով, Լուազոն պատասխանեց․ « 2020թ․-ի հրադադարից հետո հստակ էր, որ ՌԴ-ն է պատասխանատու Լաչինի միջանցքի երկայնքով մարդկանց և բեռների ազատ տեղաշարժն ապահովելու համար։ Ես շարունակում եմ զարմանալ, թե ինչու մինչ օրս իր առաքելությունը չի կատարում Ռուսաստանը, որը ՄԱԿ-ի ԱԽ մշտական անդամ է և ՀԱՊԿ անդամ։ Գուցե Ռուսաստանը նույնպես կարող էր պատժամիջոցներ նախաձեռնել Բաքվի նկատմամբ։ Ակնհայտ է, որ նման բան տեղի չի ունենում։ Մեզ զարմացնում է Ադրբեջանի կողմից գազի արտահանումը, քանի որ արտահանվող գազի ծավալը հիմա գերազանցում է Ադրբեջանի կողմից գազի արտադրության ծավալը։ Եթե Ռուսաստանը որոշել է Ադրբեջանի հետ պայմանավորվել, Ադրբեջանի կողմը լինել, ապա ժամանակն է,որպեսզի Ռուսաստանն այդ մասին ասի հրապարակավ։ Երբ մենք Լաչինի միջանցքի մոտակայքում ենք, ԼՂ մուտք գործող անգամ մեկ բեռնատար չտեսանք։ Իրավիճակը գնալով վատթարանում է՝ ոչ ԿԽՄԿ-ն, ոչ ռուսական բեռնատարներն այլևս մուտք չեն գործում»։
Նա նաև նշեց, որ ԵԽ-ն արդեն հաստատել է հասցեական պատժամիջոցներ որոշ ադրբեջանցիների նկատմամաբ, որոնք չեն կատարում իրենց պարտավորությունները։
«Պատժամիջոցների հարցով որոշում,սակայն, Խորհրդարանին չի պատկանում։ Խորհրդարանը կարող է ասել, թե ինչ է մտածում, բայց որոշումը կայացնողը չէ»,- հավելեց նա։
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան