Հայաստանում ցավազրկման և պալիատիվ խնամքի կարիք ունի օրական միջինը 3600 հիվանդ
Թմրամիջոց պարունակող ցավազրկողները կախվածություն չեն առաջացնում, Հայաստանում գործող օրենսդրությամբ դրանց նշանակման համար հանձնաժողով հրավիրել պետք չէ։ Այդ դեղերը կարող է դուրս գրել ցանկացած բուժող բժիշկ, դեղատոմսերը կարելի է դուրս գրել մինչև 10 օր ժամկետով, և ոստիկանությանը հաշվետվություն ներկայացնելու կարիք չկա։ Ու եթե բժիշկը դա չի անում, ապա նա խախտում է բուժառուի՝ առանց ցավի ապրելու իրավունքը։ Ահա այն հիմնական ուղերձները, որոնք հնչել են Գյումրիում, «ՀԵՆԱՐԱՆ» հիմնադրամի կազմակերպած
«Ցավի կառավարման և պալիատիվ խնամքի հասանելիությունը Հայաստանում» թեմայով առաջին համայնքային հանդիպմանը։
Արշավի կազմակերպիչները ներկայացել են մտահոգիչ վիճակագրություն՝ 2022-ին կոնկրետ մորֆին դեղամիջոցի իրական պահանջարկը եղել է 25,5 կգ, պետությունը հաշվարկել և հաստատել է ընդամենը 8,5 կգ, բայց ներմուծվել է 2,2 կգ, իսկ օգտագործվել ընդամենը 1,5 կգ։ Այսինքն՝ ցավազրկման կարիք ունեցող մարդկանց միայն 6%-ն է ստացել պատշաճ ցավազրկում, իսկ 94%-ը ցավերի մեջ մահացել է տանը։
Հիմնադրամից նշում են, որ իրականացված ուսումնասիրությունների համաձայն՝ Հայաստանում ցավազրկման և պալիատիվ խնամքի կարիք ունի օրական միջինը 3600 հիվանդ։
Ըստ «ՀԵՆԱՐԱՆ» հիմնադրամի տնօրեն Հռիփսիմե Մարտիրոսյանի՝ Հայաստանում շատ բժիշկներ շարունակում են առաջնորդվել հին, խորհրդային ժամանակներից մնացած կանոնակարգերով, չնայած, որ օրենսդրությունը Հայաստանում վաղուց փոխվել է։ Այս ամենի հետևանքով մեր երկրում ցավով տառապող բուժառուների մեծ մասը պատշաճ ցավազրկում չի ստանում։ Սա, ըստ նրա, նշանակում է, որ այդ մարդկանց նկատմամբ «ինչ-որ մի անձ կամ հաստատություն կիրառում է խոշտանգում»։
«Իրական աշխարհ, իրական մարդիկ» ՀԿ-ն 2013-ից սկսած իրականացնում է ցավազրկողների հասանելիության մշտադիտարկում ՀՀ բոլոր մարզերում։ Այս տարիների ընթացքում, ըստ ՀԿ ղեկավար Ժենյա Մայիլյանի, շատ բան է փոխվել․ օրենսդրությունը լիովին ազատականացվել է, բժիշկների համար հատուկ ուղեցույցներ են մշակվել, բազմաթիվ դասընթացներ են իրականացվել, այդ թվում՝ կրեդիտավորված։ Բայց վիճակն առայժմ բարվոք չէ։
Ցավերի ուսումնասիրության հայկական ասոցիացիայի նախագահ, բժիշկ Նարինե Մովսիսյանի կարծիքով՝ պատճառը և՛ բժիշկների մոտ ձևավորված կարծրատիպերն են, և՛ բուժառուների տեղեկացված չլինելը։
Ըստ մասնագետների՝ խնդրի լուծման հիմնական ճանապարհը բժիշկներին և հանրությանը կրթելն է, ինչպես նաև բժիշկների աշխատանքի պատշաճ վերահսկումը։ Թեև հանդիպմանը ներկա Առողջապահության նախարարության ներկայացուցիչ Գայանե Չիլինգարյանը նշել է, որ նախարարությունը բժիշկների նկատմամբ վերահսկողական լծակներ չունի, հանդիպման կազմակերպիչները կարծում են, որ լիցենզավորման գործընթացում պատշաճ ցավազրկման հարցը ներառելը կարող է նման լծակ դառնալ։ Բացի դրանից, բուժառուները կարող են իրենց շահերը պաշտպանել նաև դատական կարգով, և դրա նախադեպն արդեն կա։
«Այս պահին մի ռազմավարական դեպք կա, երբ մարդուն ծանր ցավերի մեջ դեղորայք չեն նշանակել։ Ցավոք այդ մարդը մահացել է արդեն, բայց նրա հարազատը դատի է տվել բժշկին և բժշկական հաստատությանը։ Սա աննախադեպ է, որովհետև հիմնականում երբ մարդը մահանում է, նրանից հետո հարազատները այլևս չեն փորձում արդարության հասնել։ Լավ է, որ այս դեպքը կա, և սա նախադեպ կլինի, որ եթե մարդն ունի ցավազրկողի կարիք ու նրան չեն նշանակում, ապա դա կդիտարկվի որպես խոշտանգում և մարդու իրավունքների ոտնահարում, և գուցե պատասխանատվության ենթարկվեն բժիշկը և բժշկական հաստատությունը»,- ասել է Ժենյա Մայիլյանը։
Հանդիպմանը մասնակցում էին Շիրակի և Արագածոտնի մարզում գործողհասարակական կազմակերպությունների և լրատվամիջոցների ներկայացուցիչներ։ Ի դեպ, այս արշավի առաջին համայնքային հանդիպումը որոշվել է անցկացնել Գյումրիում, քանի որ Հայաստանի երկրորդ քաղաքում և ողջ մարզում չկա պալիատիվ խնամքի գոնե մեկ կենտրոն։
Հիմնարամից նշում են, որ մարզպետարանի համապատասխան վարչություններին ևս հրավեր էր ուղարկվել, սակայն ոչ ոք չէր եկել հանդիպմանը։
Հռիփսիմե Մարտիրոսյանի կարծիքով՝ «զարմանալի է, և ամոթ է, որ Շիրակի մարզում չկա պալիատիվ խնամքի գեթ մեկ հաստատություն», և մարզպետարանից որևէ մեկին այս հանդիպմանը չգործուղելը գուցե «ցուցիչն է այն վերաբերմունքի, որ նրանք ունեն այս խնդրի նկատմամբ»։
Այդուհանդերձ նա նշել է՝ նման կենտրոնի բացակայությունը չի նշանակում, որ ցավազրկողները հասանելի չեն մարզի բնակչությանը, դրանք հասանելի են առողջության պահպանման առաջնային օղակներում, այլ հարց է, թե որքանով են բժիշկները պատրաստակամ դրանք դուրս գրել։
Բժիշկներն այս հանդիպմանը չէին հրավիրվել, քանի որ արշավն իրականացնող «ՀԵՆԱՐԱՆ» հիմնադրամն այս անգամ որոշել է խնդրին մոտենալ հակառակ կողմից՝ իրազեկել ոչ թե բժիշկներին, այլ հանրությանը, որպեսզի մարդիկ պահանջատեր լինեն իրենց իրավունքների նկատմամբ։ Հանրային իրազեկման արշավն իրականացվում է պալիատիվ խնամքի հասանելիության խնդրով զբաղվող մի քանի ՀԿ-ների հետ համատեղ՝ «Կյանք առանց ցավի» շարժում, Ցավերի ուսումնասիրության հայկական ասոցիացիա, «Իրական աշխարհ, իրական մարդիկ», «Իրավունքի զարգացման կենտրոն», Ժողովրդավարության զարգացման հիմնադրամ և այլն։ Արշավի նպատակն է մեծացնել ցավազրկման հասանելիությունը և թիրախային խմբի մոտ ձևավորել այդ ծառայությունից օգտվելու պահանջարկ։