Առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների, այդ թվում ալյուրի մասով Արցախն ունի ինքնաբավության բավարար մակարդակ
Արցախի Հանրապետության պետական նախարարի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից հայտնում են.
«2023թ. հունիսի 15-ից Ադրբեջանի կողմից Արցախը Հայաստանին կապող ճանապարհով նաև հումանիտար բեռնափոխադրումները դադարեցնելուց հետո ոմանք սկսել են կեղծ տեղեկություններ տարածելով հանրության մոտ խուճապային տրամադրություններ ստեղծել: Օրինակ, բամբասանքներ են տարածվում իբր ալյուրի եռօրյա պաշարի և առաջին անհրաժեշտության ապրանքների լրիվ բացակայության մասին:
Որքան էլ տարբեր ապրանքատեսակների մասով առկա է զգալի սղություն՝ պայմանավորված վեցամսյա շրջափակմամբ ու խիստ սահմանափակ բեռնափոխադրումներով, այնուամենայնիվ, հայտարարում ենք, որ հիշյալ պնդումներն իրականությանը չեն համապատասխանում և կեղծ են:
Արցախի Հանրապետության կառավարությունը տևական ժամանակ ձեռնարկել է հնարավոր բոլոր միջոցները բնակչության ընթացիկ կարիքները հոգալու և լրացուցիչ մարտահրավերների դիմակայելու նպատակով:
Կառավարության ուշադրության տիրույթում են ոչ միայն ժողովրդի առօրեական խնդիրները, այլև գործադիր իշխանության պատասխանատվության շրջանակներում գտնվող հնարավոր ապագա ռիսկերը: Հետևաբար, եթե կառավարությունն անցել է ունեցած միջոցների խնայողական օգտագործման, ապա դա չի նշանակում, որ միջոցներն ընդհանրապես չկան կամ եղած հնարավորությունների սահմաններում պետությունն անպատրաստ է: Իրականացված ջանքերի շնորհիվ՝ առաջին անհրաժեշտության մի շարք ապրանքատեսակների (այդ թվում՝ ալյուրի) մասով Արցախն ունի ինքնաբավության բավարար մակարդակ:
Մյուս կողմից, այո՛, հյուծող շրջափակման ու խիստ սահմանափակ մատակարարումների պայմաններում հնարավոր չէ լրիվությամբ խուսափել լիակատար շրջափակման բացասական հետևանքներից, և կառավարությունը հնարավորինս անելու է Արցախի բնակչության վրա դրանց ազդեցությունը մեղմելու ուղղությամբ:
Քննադատության մոլուցքով տարված ու մեր հայրենակիցների նյարդերը չխնայող մարդիկ մոռանում են, որ իրենց հայտարարած մի քանի օրն անցնելու է, և հացի խնդիր չառաջանալու դեպքում ստիպված են լինելու այլ զեղծարարությունների դիմել»։
Հարակից հրապարակումներ`
- Վաղը եթե Արցախում եղավ ողբերգությունը, ինձ շա՞տ է պետք, թե Մոսկվայում, Վաշինգտոնում ինչ աղմուկ կբարձրացվի՝ բացարձա՛կ. Վահե Հովհաննիսյան
- Մետաքսե Հակոբյան. Այդ առումով էլ այսօր պարտված ենք
- Շրջափակված Արցախում բուժաշխատողներից գերմարդկային ջանքեր են պահանջվում. ՄԻՊ
- Սոֆյա Հովսեփյան. Արցախում մարդիկ սովի են մատնվել, դուրս եկեք փողոց
- Բեգլարյան. Սա՞ է «ազատ տեղաշարժի» իրենց երաշխիքը, որ այդքան խաբում են աշխարհին, թե իբր շրջափակում չկա
- Արցախի՝ արդեն 200 օր շրջափակման մասին ահազանգելու նպատակով Փարիզի հայտնի համերգասրահում կկայանա մշակութային երեկո
Լրահոս
Տեսանյութեր
Հայաստանի ու հայ ժողովրդի շահերը պաշտպանող իշխանություն գոյություն չունի. Բագրատ Սրբազան