ԳԱԱ Էկոկենտրոնը մեկնարկել է ասպիրանտների գիտական սեմինարների շարք` նվիրված պրոֆեսոր Ա.Սաղաթելյանի 70-ամյակին
Այսօր Գիտությունների ազգային ակադեմիայի Էկոլոգանոոսֆերային հետազոտությունների կենտրոնը մեկնարկեց ասպիրանտներիգիտական սեմինարների շարքը ՝ նվիրված Էկոկենտրոնի հիմնադրման 30-ամյակին և Էկոկենտրոնի հիմնադիր տնօրեն, դոկտոր, պրոֆեսոր Արմեն Սաղաթելյանի 70-ամյակին։
Ասպիրանտների կողմից ներկայացվող գիտական բաց սեմինարները հնարավորություն կտան ոչ միայն բնագավառի մասնագետներին, այլև հանրությանը ծանոթանալ Հայաստանում առկա էկոլոգիական արդի խնդիրներին, իրականացվող հետազոտություններին։
Panorama.am-ի հետ զրույցում էկոկենտրոնի գիտքարտուղար և ասպիրանտ Գայանե Մելքոնյանն ընդգծեց նման գիտական սեմինարների միջոցով գիտաճանաչողականև գիտական տեղեկատվության հանրայնացման կարևորությունը։
«Ըստ էության, մենք փորձել ենք հանրամատչելի դարձնել այն տեղեկատվությունը, որը գուցե որոշում կայացնողների՝ Շրջակա միջավայրի նախարարության ներկայացուցիչների, ինքնակառավարման մարմինների և այլոց համար դառնա օժանդակ գործիք և նպաստի Հայաստանում շրջակա միջավայրի խնդիրների վերհանմանը և լուծմանը։ Առաջին սեմինարի թեման է քաղաքային տարածքներում սնդիկով աղտոտման բացահայտման հետազոտական մոդելային ալգորիթմի կիրառումը»,-ասաց Գ. Մելքոնյանը։
Հարցին, թե ե՞րբ անհրաժեշտություն առաջացավ նման խորքային կերպով ուսումնասիրել և վերլուծել թեման, նա պատասխանեց.
«2013 թվականին Հայաստանը ստորագրեց «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիան, և կոնվենցիայի վավերացման փուլում պարզ դարձավ, որ իրականում Հայաստանում շատ սակավ տեղեկատվություն կա սնդիկի ՝ինչպես օգտագործման, այնպես էլ շրջակա միջավայրի սնդիկով աղտոտման վերաբերյալ, և փորձագիտական եզրակացությունների արդյունքում արձանագրվեց , որ մենք սնդիկի թիրախավորմամբ մոնոէլեմենտար հետազոտություններ իրականացնելու անհրաժեշտություն ունենք»։
Գիտքարտուղարի խոսքով, կա հաստատող փաստաթուղթ, որը տրվել է Շրջակա միջավայրի նախարարության կողմից, և փաստում է, որ իրականացված հետազոտությունները հիմք են հանդիսացել ՀՀ-ում «Սնդիկի վերաբերյալ» Մինամատայի կոնվենցիայի ստորագրման, վավերացման և ստանձնած պարտավորությունների իրականացման գործընթացում:
«Մենք հասկանում ենք, որ երբեմն հետազոտություններ ենք անում, որոնք այդքան էլ մատչելի չեն լայն շրջանակների համար։ Աշխատանի շրջանակներում մշակված հետազոտական մոդելային ալգորիթմի վերջին փուլում հետազոտված քաղաքների համար մենք գեներացրել ենք որոշակի առաջարկություններ, որոնք ուղղված են վերհանված խնդիրների լուծմանը։
Մտքեր գեներացրեցինք՝ կախված տարածքից, թե որ քաղաքում ինչ խնդիր կա։ Յուրաքանչյուր խնդրի լուծման համար կան առաջարկություններ և պարզապես ալգորիթմը հեշտությամբ վերլուծելով, որոշում կայացնողները ալգորիթմի միջոցով կարող են տեսնել՝ օրինակ Երևանի հողերում սնդիկի պարունակություններով պայմանավորված խնդիր ունենք, թե՞ ոչ. եթե ունենք, ապա պիտի հետևենք բերված առաջարկներին։ Հուսով ենք, որ նման հաջորդականությամբ հետագայում այլ քաղաքներում ևս կկարողանանք իրականացնել նմանատիպ հետազոտություններ»,-ասաց Մելքոնյանը։
Մանրամասնելով կատարված հետազոտության էությունը, ասպիրանտը ընդգծեց, որ հետազոտությունը թիրախավորում է սնդիկի պարունակություններով պայմանավորված ռիսկերի գնահատումը.
«Սնդիկի թեմայի հետ կապված, որպես առանձին կետային օբյեկտ, մենք առաջարկել ենք Երևանի համար հետազոտել նախկին էլեկտրական լամպերի գործարանի տարածքը, որովհետև կան հոդվածներ, որոնք փաստում են, որ գործարանի՝ ինչպես տարածքում, այնպես էլ տարածքից մինչև 20 կմ հեռավորության վրա եղել են սնդիկի բարձր պարունակություններ, և կարևոր է տվյալ օբյեկտը ևս մեկ անգամ ուսումնասիրելը։
Իսկ Վանաձորում խնդրահարույցը քիմիական կոմբինատ տարածքն է, բաց աղբյուրները շատ են, և քանի որ սնդիկը սպեցիֆիկ տարր է, իր ֆիզիկաքիմիական առանձնահատկություններից ելնելով կանխորոշել, թե որ միջավայրում ինչպես կկուտակվի, մի փոքր բարդ է»։
Նշենք , որ էկոկենտրոնում անցկացվող գիտական սեմինարների մուտքն ազատ է, ընտրված են թեմաներ, որոնք կհետաքրքրեն նաև հասարակության լայն շրջանակներին։ Հաջորդ սեմինարը Սևանա լճի հետազոտություններում ԱՏՀ տեխնոլոգիաների կիրառման մասին է։