Նախարարությունը՝ Սևանի ափին ապօրինի ավազի հանք գործելու ահազանգի մասին
ՀՀ շրջակա միջավայրի նախարարությունը պարզաբանում է տարածել սոցիալական ցանցերում և լրատվամիջոցներում տարածված «Ահազանգ․Սևանի ափին գործում է ապօրինի ավազի հանք» վերտառությամբ հրապարակումների վերաբերյալ.
«Նախքան ահազանգի սոցիալական ցանցերով տարածվելը, սույն թվականի հունիսի 20-ին ՀՀ Ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչության Ճամբարակի բաժնի ներկայացուցիչների կողմից ձեռնարկված անհրաժեշտ և օպերատիվ աշխատանքների արդյունքում Երևան -Շորժա M14 մայրուղու հարակից հատվածում հայտնաբերվել է ընդերքօգտագործման ապօրինի դեպք։
Դեպքի վայր են ժամանել «Սևան» ազգային պարկի և Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնի Գեղարքունիքի մարզի ներկայացուցիչները։
Նյութերը փոխանցվել են ՀՀ Բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին։ Տեսչական մարմնի կողմից փաստի առթիվ հարուցվել է վարչական վարույթ»։