Սահմանագծման հանձնաժողովի նիստն անցկացնելու սկզբունքային պայմանավորվածություն կա. Փաշինյան
«Արդարադատության միջազգային դատարանի փետրվարի 22-ի իրավական պարտադիր ուժ ունեցող որոշումը պետք է կատարվի և սա միջազգային օրակարգի՝ ներառյալ ՄԱԿ-ի անվտանգության խորհրդի հարց է, որովհետև հենց այս մարմինն է լիազորված ապահովելու Արդարադատության միջազգային դատարանի որոշումների կատարումը»,-ՀՀ գործադիր մարմնի նիստում հայտարարեց Նիկոլ Փաշինյանը՝ ներկայացնելով Արցախի բլոկադայի հետևանքով ստեղծված խնդիրների լուծման Հայաստանի տեսլականը:
Նա հայտնեց, որ երկրորդ լուծումը Բաքու-Ստեփանակերտ երկխոսության միջազգային մեխանիզմի գործարկումն է, որի շրջանակներում կհասցեագրվեն ԼՂ-ի հայության իրավունքների և անվտանգության հիմնախնդիրը:
Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստան-Ադրբեջան հարաբերություններում հայկական կողմի դիրքորշումը շարունակում է նույնը մնալ:
«Մենք բոլոր ջանքերը պետք է գործադրենք խաղաղության հաստատման և հարաբերությունների կարգավորման պայմանագիր կնքելու համար»,-ասաց նա:
Տեղեկացնելով, որ հաջորդ շաբար Վաշինգտոնում տեղի է ունենալու Հայաստանի և Ադրբեջանի ԱԳ նախարարների հանդիպումը՝ Փաշինյանը հայտարարեց, որ հայկական պատվիրակությունը ԱՄՆ է մեկնում հենց այդ տրամադրվածությամբ:
Նա նաև տեղեկացրեց, որ Հայաստանը Ադրբեջանին առաջարկել է անցկացնել նաև սահմանագծման հանձնաժողովի նիստ և նիստն անցկացնելու սկզբունքային պայմանավորվածություն կա:
«Հայաստանը պատրաստ է նաև օր առաջ տարածաշրջանի տրանսպորտային և տնտեսական ուղիների ապաշրջափակմանը՝ կողմերի ինքնիշխանության, իրավազորության և փոխադարձության սկզբունքների ներքո»,-ասաց Փաշինյանը: