Այվազովսկին վերադարձավ Ազգային պատկերասրահի ցուցասրահներ
Հայաստանի Ազգային պատկերասրահում վերաբացվել է աշխարհահռչակ ծովանկարիչ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործությունների մշտական ցուցադրությունը, որն ընդգրկում է վարպետի՝ ծավալով ու գեղարվեստական արժեքով աշխարհում կարևորագույն հավաքածուներից մեկը:
Վերանորոգված և արդիականացված սրահներում հանրությանն են ներկայացվում շուրջ 50 գեղանկարչական և գրաֆիկական երկեր՝ հայկական և աստվածաշնչյան թեմաներով կտավներ, խաղաղ ու քնարական, խռովահույզ ու փոթորկոտ, խորհրդավոր քողով պարուրված գիշերային ծովի տեսարաններ:
Մոտ երկու տարի փակ են եղել Այվազովսկու ցուցասրահները։ Ազգային պատկերասրահի տնօրեն Մարինա Հակոբյանը «մշակութային բացառիկ իրադարձություն» բնութագրեց աշխարհահռչակ հայ ծովանկարչի ցուցասրահների բացումը, որին երկար են սպասել։
«Այսօր վերջապես Այվազովսկին վերադառնում է Ազգային պատկերասրահի ցուցասրահներ»,- ասաց Մ. Հակոբյանը։
Նա նշեց, որ Հ. Այվազովսկին ստեղծագործել է ռոմանտիզմի շատ կարևոր դարաշրջանում, երբ առանցքում էր հույսը, լույսը փարոսը, այն ընկալումը, որ միշտ ամեն ինչում կա փրկություն, ամեն ինչ հաղթահարելի է։
«Կարծում եմ՝ բոլորս էլ հասկանում ենք, որ լավատեսական մոտեցումը, հավատը, որ, իրոք, թունելի վերջում միշտ լույս կա, պետք է մեզ ուղղորդի ամեն ինչում։ Հովհաննես Այվազովսկու ստեղծագործություններն այդ լույսի տարրը պարունակող արվեստ է»,- ասաց պատկերասրահի տնօրենը։
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի խոսքով, Հայաստանի ազգային պատկերասրահը մեր երկրի մշակութային կյանքում անփոխարինելի նշանակություն ունի: Հովհաննես Այվազովսկու մշտական ցուցադրության վերաբացումից հետո ակնկալում է, որ ցուցասրահները չպետք է դատարկվեն, հյուրընկալեն ինչպես զբոսաշրջիկների, այնպես էլ Հայաստանի տարբեր վայրերում ապրող այցելուների՝ դառնալով ամենասիրելի վայրերից մեկը։
«Վերջին շրջանում տարբեր մեկնաբանություններ էին հնչում մեր մեծ ծովանկարչի պատկանելիության, նրա գործերի վերաբերյալ, և Ազգային պատկերասրահում մշտական գործող ցուցադրության առկայությունը գալիս է ևս մեկ անգամ նշանավորելու այն մեծ ժառանգությունը, դերը, նշանակությունը, որ Այվազովսկին ունեցել ու շարունակում է ունենալ»,- նշեց Ժ. Անդրեասյանը։
Հայաստանի Ազգային պատկերասրահի հայկական գեղանկարի բաժնի ղեկավար, համադրող Հայկուհի Սահակյանը խոսելով Հովհաննես Այվազովսկու երկար ու բեղուն ստեղծագործական ուղու մասին՝ ընդգծեց, որ մեծ նկարչի ավանդն անգնահատելի է թե հայկական, թե ռուսական, թե համաշխարհային կերպարվեստում։
«Նա այն բացառիկ արվեստագետներից էր, որ փառքի դափնիները վայելեց դեռևս իր կենդանության օրոք»,- նշեց նա։
«Ծովն իմ կայնքն է»։ Այսպես էր սահմանում իր ստեղծագործական հավատամքը մեծ արվեստագետը և մինչև մահ հավատարիմ մնալով կերպարվեստի այդ ժանրին՝ ընդլայնեց դրա սահմանները՝ հարստացնելով նոր թեմաներով ու սյուժեներով։ Դրան նպաստել է նաև այն հանգամանքը, որ Այվազովսկին սիրել է ճանապարհորդել, ինչի շնորհիվ էլ ընդլայնել է իր ծովային աշխարհագրությունը, հարստացրել իր արվեստը նաև նոր գեղարվեստական ավանդույթներով, ստեղծել եվրոպական, ամերիկյան, ռուսաստանյան, կովկասյան բազում տեսարաններ։
Ազգային պատկերասրահում բացված ցուցադրությունը ներկայացնում է Այվազովսկու հարուստ հավաքածուն՝ գեղանկարչական, գրաֆիկական, դեկորատիվ-կիրառական արվեստի նմուշներ։ Ցուցադությունն ամփոփում են Այվազովսկու ծովային նոկտյուրները։
«Անխոս, ապշեցնում են Այվազովսկու արևածագ ու մայրամուտ պատկերող տեսարաններն իրենց ռեալիստականությամբ։ Առանձին սրահում ներկայացված են նրա փոթորկոտ ծովային տեսարանները, որտեղ նրա վրձինը գործում էր մեծագույն վիրտուոզությամբ։
Ինչպես Սարյանն է ասում՝ ինչպիսի ահեղ փոթորիկ էլ պատկերեր Այվազովսկին, մթին ամպերից լույս է ճեղքում ու հենց այդ լույսի մեջ է Այվազովսկու բոլոր փոթորիկների իմաստը,- ասաց Հ. Սահակյանը։
Հովհաննես Այվազովսկին ծնվել է 1817 թվականին Ղրիմում՝ Թեոդոսիա քաղաքում, աղքատ հայ ընտանիքում։ Իր ընտանիքի ազգանունն Այվազյան էր։ Թեոդոսիայի հայկական եկեղեցու ծննդյան և մկրտության մատյանում Այվազովսկու ծնունդը գրանցված է՝ Գևորգ Այվազյանի որդի Հովհաննես: Նկարչի նկարներից մի քանիսը կրում են այս ստորագրությունը՝ «Հովհաննես Այվազյան»: Այվազովսկու նախնիները Գալիցիայի հայերից էին, ովքեր XVII–րդ դարում Գալիցիա էին գաղթել Արևմտյան Հայաստանից։
Նրա՝ որպես նկարչի տաղանդը, իր համար ճանապարհ է բացել դեպի Սիմֆերոպոլ քաղաքի գիմնազիա, իսկ հետագայում՝ դեպի Սանկտ Պետերբուրգի գեղարվեստի ակադեմիա, որը Հովհաննես Այվազովսկին ավարտեց ոսկե մեդալով։
Ստեղծել է 6000-ից ավելի կտավ, հիմնականում ծովանկարներ: Նա չի անտեսել նաև հայրենի բնաշխարհը, հայկական թեմատիկան: Աշխատել է շատ արագ, տեսողական վիթխարի հիշողությամբ։ Իր հաջողակ ստեղծագործական գործունեության ընթացքում վաստակած զգալի գումարներով Այվազովսկին բացել է արվեստի դպրոց և պատկերասրահ իր հարազատ Թեոդոսիա քաղաքում։
Հ.Այվազովսկին վախճանվել է 1900 թվականին։ Այվազովսկին թաղված է Թեոդոսիայում՝ հայոց միջնադարյան Սուրբ Սարգիս եկեղեցու բակում։ 1903 թ.նկարչի այրին մարմարե շիրմաքար է տեղադրել, որը իտալացի քանդակագործ Լ.Բիոջոլիի աշխատանքն է։ Շիրմաքարին գրաբար փորագրված են պատմահայր Մովսես Խորենացուխոսքերը. «Մահկանացու ծնեալ անմահ զիւրն յիշատակ եթող»։
Հարակից հրապարակումներ`
- Այվազովսկու կտավը դարձել է աճուրդի թոփ-լոտը
- Վերանորոգումից հետո Թեոդոսիայում ամռանը կբացվի Այվազովսկու պատկերասրահը՝ նորացված ցուցադրությամբ
- Այվազովսկին հայ է. «Մետրոպոլիտեն»-ը փոխել է ծովանկարչի կտավին կից արված գրությունը
- Այվազովսկին հայ էր, աբսուրդ է, որ նրան ԱՄՆ-ում ներկայացնում են որպես ուկրաինացի. Գայդուկ
- Նյու Յորքի Մետրոպոլիտեն թանգարանն Այվազովսկուն և Ռեպինին անվանել է ուկրաինացիներ
- ARARAT-ը աջակցել է Հովհաննես Այվազովսկու «Քրիստոս իր աշակերտներով» կտավի բացման պաշտոնական արարողությանը
- Վերականգնված կտավի պատմություն՝ Այվազովսկի
- Այվազովսկու կտավը վաճառվել է նախնական գնից գրեթե երկու անգամ թանկ
- Այվազովսկու պատկերասրահի գլխավոր մասնաշենքը կփակվի այցելուների համար
- Այվազովսկու հուշարձանը բացվել է Սիմֆերոպոլի օդանավակայանի հարակից հրապարակում
- Այվազովսկու ժառանգները պատմում են նախապապի մասին
- Այվազովսկու կտավը աճուրդում վաճառվել է 2,9 միլիոն դոլարով
- Պետերբուրգում գործում է «Այվազովսկի և Ռերիխ՝ վերածնված կտավները» մուլտիմեդիա ցուցահանդեսը
- Այվազովսկու մասին ֆիլմ է նկարահանվում
Լրահոս
Տեսանյութեր
Թալանում ու թալանում են , խաբելով, ստով ո՞ւմ փորն է կշտանում. Քաղաքացիները՝ թանկացումների մասին