Ատլանտյան օվկիանոսում անհետացած սուզանավի որոնողական աշխատանքները շարունակվում են
Ատլանտյան օվկիանոսում շարունակվում են անհետացած «Տիտան» սուզանավի որոնումները, որի հետ կապն ընդհատվել է կիրակի օրը՝ հունիսի 18-ին:
BBC-ի փոխանցմամբ, բաթիսկաֆի անձնակազմի հետ կապը կորել է սուզումը սկսելուց գրեթե 1 ժամ 45 րոպե անց:
Նշենք, որ զբոսաշրջային սուզանավն ուղևորվում էր Ատլանտյան օվկիանոսում «Տիտանիկի» կործանման վայր։
ԱՄՆ առափնյա պահպանության ներկայացուցիչ Ջոն Մոգերը BBC-ին ասել է, որ սուզանավի վրա գտնվող մարդկանց մոտ 20 ժամից պակաս թթվածին է մնացել՝ ենթադրելով, որ նախնական մատակարարումը պետք է տևեր 96 ժամ:
Նրա խոսքով՝ դժվար է ճշգրիտ գնահատական տալ, քանի որ չգիտեն, թե յուրաքանչյուր մարդ կոնկրետ ինչ քանակությամբ թթվածին է սպառում ստորջրյա ապարատում։
Ավելի վաղ ԱՄՆ առափնյա պահպանությունը հայտնել էր, որ կանադական P-3 ինքնաթիռը ստորջրյա ձայներ է հայտնաբերել։ Հինգշաբթի R-3-ը կրկին նման աղմուկներ է հայտնաբերել, և այդ տարածքում որոնումներ են ընթանում:
Սա լավատեսության տեղիք է տալիս, սակայն փորձագետները զգուշացնում են, որ օվկիանոսը բավականին աղմկոտ վայր է, աղմուկի բնույթն այնքան էլ հեշտ չէ որոշել, և նույնիսկ «Տիտանիկի» բեկորները կարող են նման աղմուկ արձագանքել։
ԱՄՆ առափնյա պահպանությունը հայտնել է, որ ևս ութ նավ է միացել որոնողական աշխատանքներին, այդ թվում կանադական «John Cabot» նավը և ֆրանսիական «Atalant» հետազոտական նավը, որում գտնվում է «Victor 6000» ռոբոտը:
Ըստ աղբյուրի՝ այս պահին հայտնի են սուզանավում գտնվող բոլոր հինգ անձանց անունները։ Մասնավորապես, այնտեղ է 58-ամյա բրիտանացի գործարար և հետազոտող Համիշ Հարդինգը, որը օդանավերի վաճառքով և շահագործմամբ զբաղվող «Action Aviation»-ի սեփականատերն է։ Բացի այդ, սուզանավում են Պակիստանից 48-ամյա գործարար Շահզադա Դավուդը և նրա 19-ամյա որդին՝ Սուլմանը, «OceanGate» ընկերության տնօրեն 61-ամյա Սթոքթոն Ռաշը, ինչպես նաև 77-ամյա ֆրանսիացի հետազոտող Պոլ-Անրի Նարժոլեն:
Հիշեցնենք, որ սուզանավը դուրս է եկել Կանադայի Նյուֆաունդլենդ նահանգի Սենթ Ջոնս քաղաքից: «Տիտանիկի» մնացորդները գտնվում են օվկիանոսի հատակին՝ շուրջ 3800 մ խորության վրա, Նյուֆաունդլենդի ափերից գրեթե 600 կմ հեռավորության վրա:
Հարակից հրապարակումներ`
Լրահոս
Տեսանյութեր
Գիշեր-ցերեկ կաշխատենք, միայն առաջվա Հայաստանում ապրենք. Քաղաքացիները՝ աշխատաժամանակի կրճատման մասին