«Ժողովուրդ». Արման Հակոբջանյանը փախել է Հայաստան՝ ընդլայնելու իր բիզնեսը
«Ժողովուրդ» թերթը գրում է.
««Ժողովուրդ» օրաթերթը նախօրեին գրել էր, որ Արցախի նախկին պետնախարար Ռուբեն Վարդանյանի խորհրդական Արման Հակոբջանյանին այս օրերին հաջողվել է փախչել շրջափակված Արցախից. Հակոբջանյանն ինքը մեզ հետ զրույցում չէր էլ հերքել այս տեղեկությունը:
«Ժողովուրդ» օրաթերթին հայտնի դարձավ, որ վերջինս Երևանում իր բիզնեսը ընդլայնելով է զբաղված: Մեր հավաստի տեղեկություններով՝ Հակոբջանյանը գնել է Գագիկ Ծառուկյանին պատկանող գազալցակայանների ցանցը: Ծառուկյանին են պատկանում «Մուլտի գազ» և «Մուլտի լեոն» ընկերությունների գազալցակայանները:
«Ժողովուրդ» օրաթերթի հետ զրույցում Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը հաստատեց, որ ԲՀԿ ղեկավարը վաճառել է իրեն պատկանող գազալցակայանները, բայց չգաղտնազերծեց, թե ում:
Մեզ հաջողվեց պարզել, որ գնորդն Արման Հակոբջանյանն է: «Ժողովուրդ» օրաթերթն անկողմնակալությունը պահելու համար այս տեղեկությունը ևս փորձեց ճշտել Հակոբջանյանից:
Մեր հարցը լսելով՝ վերջինս կրկին վրդովվեց. «Նախ՝ ես չեմ ցանկանում հեռախոսով մեկնաբանություն տալ, երկրորդ՝ եթե մի տեղ կա գնորդ և վաճառող, նախ վաճառողը պետք է առաջինը մեկնաբանի, նոր հետո գնորդը»,- արձագանքեց նա:
Երբ ասացինք, որ մյուս կողմը նույնպես մեկնաբանել է, Հակոբջանյանը շարունակեց խուսափել պատասխանից՝ ասելով, թե ծանոթներ չենք, ու ինքը չի ցանկանում մեկնաբանել, վաճառող կողմը թող մեկնաբանի:
Այսպիսով, Արցախում գումար աշխատելու շանսերը սպառված է համարում Հակոբջանյանը, փախել է Հայաստան՝ ընդլայնելու իր բիզնեսը: Դեռ կանդրադառնանք, թե ՔՊ-ական որ պատգամավորի և որ պաշտոնյայի տանիքի տակ է Արման Հակոբջանյանը զարկ տալիս իր բիզնեսին:
Հիշեցնենք, որ Արման Հակոբջանյանն այն գործարարն է, որ 2018-ից հետո Նիկոլ Փաշինյանի մերժման պայմաններում Սևանա լճի ափին շքեղ առանձնատուն է կառուցել մի շարք օրինախախտումներով, սակայն Փաշինյանը աչք է փակում դրանց վրա»։
Մանրամասները թերթի այսօրվա համարում
Լրահոս
Տեսանյութեր
Ինչո՞ւ հանկարծ ՀՀ իշխանությունները որոշեցին խլել արցախցիների կենսաթոշակային խնայողությունները