«Աշխարհը մեկ ընտանիք է» խորագրի ներքո նշվել է Յոգայի միջազգային օրը
Ազատության հրապարակում հունիսի 21-ին նշվել է Յոգայի 9-րդ միջազգային օրը։ Այս մասին տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։
«2015 թվականից սկսած՝ ողջ աշխարհում նշվում է Յոգայի միջազգային օրը: ՄԱԿ-ի Գլխավոր ասամբլեան 2014 թվականին հունիսի 21-ը հռչակել է Յոգայի միջազգային օր, և Հայաստանն այն 177 երկրների թվում էր, որոնք կողմ են քվեարկել այդ որոշմանը:
ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արթուր Մարտիրոսյանը շնորհավորել է ներկաներին տոնի կապակցությամբ և նշել. «Նման միջոցառումները հավաստում են հայ-հնդկական այն խորը բարեկամական հարաբերությունները, որոնք հազարամյակների պատմություն ունեն: Իսկ Հայաստանի անկախացումից ի վեր՝ արդեն 30 տարի է, ինչ անկախ Հայաստանը սերտորեն համագործակցում է Հնդկաստանի Հանրապետության հետ տարբեր ոլորտներում»:
2016 թ. Հնդկաստանի «Յոգա» հայտը գրանցվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մարդկության ոչ նյութական մշակութային ժառանգության ներկայացուցչական ցանկում՝ որպես հնդիկ ժողովրդի հնագույն փիլիսոփայության և հասարակության առողջ ապրելակերպի դրսևորում: Այս առումով ԿԳՄՍ փոխնախարարն ընդգծել է՝ խոր արմատներ ունեցող հնդկական փիլիսոփայությունն ու ավանդույթները դարձել են համայն մարդկության մշակութային ժառանգության բաղադրիչ, ինչը խորհրդանշական է մարդկությանը միավորելու տեսանկյունից:
Ողջույնի խոսքով հանդես է եկել նաև Հնդկաստանի Հանրապետության դեսպան Նիլակշի Սահա Սինհային՝ շնորհակալություն հայտնելով ՀՀ կառավարությանը համագործակցության համար: Նրա խոսքով՝ Յոգայի միջազգային օրվա այս տարվա խորագիրն է «Աշխարհը մեկ ընտանիք է». սա հնագույն փիլիսոփայություն է, որին հավատարիմ է մնում Հնդկաստանը:
«Յոգա նշանակում է միավորող ուժ: Ըստ հնագույն փիլիսոփաների՝ այն ամենը, ինչ ունի միավորող ուժ, հենց յոգան է: Այդ խորհրդավոր ուժը նշանավոր է նաև նրանով, որ բոլորդ այսօր հավաքվել եք այս խորհրդանշական վայրում՝ Ազատության հրապարակում»,-նշել է դեսպանը:
Միջոցառման ընթացքում յոգայի մասնագետները ցուցադրել են յոգայի տարբեր դիրքեր, մեկնաբանել դրանց նշանակությունը»,- ասվում է հաղորդագրությունում: